Մատչելիության հղումներ

Դատարանը հերթական անգամ մերժեց Մանվել Գրիգորյանի պաշտպանների միջնորդությունը


Գեներալ Մանվել Գրիգորյանի պաշտպանական կողմն այսօր կրկին միջնորդեց գրավի դիմաց կալանքից ազատ արձակել Ազգային ժողովի նախկին պատգամավորին: Դատարանը, սակայն, մերժեց միջնորդությունը՝ հերթական անգամ այն անհիմն համարելով:

Նման միջնորդություններ Գրիգորյանի փաստաբանները ներկայացնում են շաբաթը մեկ անգամ անցկացվող գրեթե բոլոր դատական նիստերին:

Փաստաբանը շարունակում է պնդել, որ նախկին պատգամավորի առողջական վիճակը ծանր է․ - «Գրիգորյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը չփոխելը նման պայմաններում դատարանի կողմից դիտում ենք անօրինական և խոշտանգում՝ բխող բոլոր իրավական հետևանքներով: Անձը ունի բժիշկների կարիք, անձը չի կարողանում այդ օգնությունը ստանալ»:

Մանվել Գրիգորյանին միջգերատեսչական դատաբժշկական փորձաքննություն ենթարկելու նպատակով ձևավորված հանձնաժողովի կազմում այսօր ևս 3 բժիշկներ ներգրավվեցին։ Դատարանը նրանց նախազգուշացրեց, որ կեղծ կամ ոչ ճշգրիտ եզրակացություն տալու դեպքում պատասխանատվության կենթարկվեն։

Հանձնաժողովը մի շարք հարցերի պատասխաններ պետք է տա: Մասնավորապես՝ Գրիգորյանի հիվանդությունները համատեղելի՞ են կալանքի հետ, թե՞ ոչ։ Պաշտպանները պնդում են, որ Գրիգորյանը մի քանի տասնյակ հիվանդություններ ունի, այդ թվում՝ թոքի քաղցկեղ ու դիաբետ:

Պաշտպան Լևոն Բաղդասարյանը դժգոհեց, թե տևական ժամանակ է, ինչ հանձնաժողովը եզրակացությունը չի տալիս և հիմա՝ երկու ամիս անց, կրկին նոր փորձագետներ են ներգրավվում․ - «Նախկին փորձագետները ձևավորվեցին երկու ամիս առաջ, երկու ամիս հետո նոր փորձագետներ են ձևավորվում: Այսինքն ենթադրվում է, որ ևս երկու ամիս այդ փորձագետները պետք է աշխատեն»:

Լևոն Բաղդասարյանը մեկ այլ միջնորդությամբ էլ հանդես եկավ։ Ասաց՝ Գրիգորյանին պատկանող որոշ շարժական և անշարժ գույքեր, որոնք այս քրեական գործի շրջանակներում կալանքի տակ են առնված, օգտագործվել են երրորդ անձանց կողմից, վարձակալման էր տրված, սակայն այս պահին, արգելանքի տակ լինելու պատճառով, վարձակալման պայմանագրերը հնարավոր չէ թարմացնել:

Փաստաբանը խնդրեց, որ գույքի նկատմամբ կալանքը հանվի․ - «Վերջին հաշվով դա նաև գույքի պահպանման հետ կապված մեծ նշանակություն ունի»:

Անցած տարի, երբ ԱԱԾ-ն խուզարկություն իրականացրեց Գրիգորյանին պատկանող տարածքներում, բացի «Զինվորի բաժին» նշագրումով սնունդից ու պարագաներից, թանկարժեք հնաոճ մեքենաներից, հայտնաբերեց նաև սեփականության տասնյակ վկայականներ: Գրիգորյանը պատրաստակամություն է հայտնել պետությանը նվիրաբերել իրեն պատկանող «Ակնալճի կուղբաբուծական տնտեսություն» ընկերության ավելի քան 300 հեկտար տարածքը: Գործընթացը տեղի չի ունեցել՝ ընթացող դատավարության պատճառով:

Դատավոր Մնացական Մարտիրոսյանն այսօր ասաց, թե միջնորդության հիմնավոր հիմքեր չկան։ Պաշտպանական կողմից խնդրեց համապատասխան փաստաթղթեր, թե քանի անվանում գույքի մասին է խոսքը, վարձակալման ինչ պայմանագրեր են և այլն․ - «Այդ պատճառով դատարանը որոշում է հետաձգել միջնորդության լուծումը, մինչև նշված փաստաթղթերի ներկայացումը»:

63-ամյա նախկին պատգամավորը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ: Գրիգորյանը այսօր կրկին ներկա չէր իր և կնոջ գործով դատական նիստին՝ առողջական խնդիրների պատճառով։

Կինը՝ Նազիկ Ամիրյանը, մեղադրվում է ամուսնու, որդու՝ Արման Գրիգորյանի, և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով իրենց պատկանող երեք տներում ռազմամթերք, պայթուցիկ նյութեր պահելու, ինչպես նաև տարբեր տեսակի հափշտակություններ կատարելու մեջ:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG