Մատչելիության հղումներ

Բնապահպանության նախկին նախարարը մեղադրվում է խոշոր չափերով կաշառք ստանալու և փողերի լվացման համար


Բնապահպանության նախկին նախարար, նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Արամ Հարությունյանին Հատուկ քննչական ծառայությունը մեղադրանք է առաջադրել առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և փողերի լվացման համար։

Հարությունյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

Ըստ ՀՔԾ-ի, Արամ Հարությունյանը, 2007թ. հունիսի 8-ից զբաղեցրել է բնապահպանության նախարարի պաշտոնը, և միաժամանակ հանդիսանալով ռազմավարական նշանակություն ունեցող օգտակար հանածոներ պարունակող ընդերքի տեղամասերի նկատմամբ հանքային իրավունքի ձևավորման միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի նախագահ՝ գործարար Սիլվա Համբարձումյանին հանքերևակումների ուսումնասիրության 10 հատուկ լիցենզիաներ տրամադրելու գործընթացն իրականացնելու, հետագայում ուսումնասիրության ժամկետները երկարացնելու և հանքերի շահագործման թույլտվություն ստանալու հարցը նրա օգտին լուծելու համար գործարարից պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ ավելի քան 4 միլիարդ դրամին համարժեք 14 մլն դոլար կաշառք:

Ամիսներ առաջ գործարար Սիլվա Համբարձումյանն «Ազատության» հետ զրույցում պատմել էր այս մասին։ - «Փոխանցել եմ Դուբայ՝ իր ներկայացրած հաշվին և 6 միլիոնը կանխիկ՝ մաս-մաս, տվել եմ Ավագյան Սուրենի միջոցով։ Արամ Հարությունյանի հետ ես 2007 թվականին շփվել էի և իրենից գնել էի 3 կազմակերպություն։ Հետո, երբ ես հանքերի անուններ տվեցի, ինքը ինձ ասաց, որ այսինչ մարդը էս գումարն ա տալիս, այսինչ մարդը էս գումարն ա առաջարկել։ Ես ասացի՝ քո վերջի թիվն ասա էս հանքերի վերաբերյալ։ Նա էլ ասաց՝ 14 միլիոն»։

Ինչպես հաղորդում է Հատուկ քննչական ծառայությունը, այս ամենի հետևանքով 2008թ. հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում Սյունիքի, Լոռու և Գեղարքունիքի մարզերի տարբեր բնակավայրերում գտնվող հանքերևակումների ուսումնասիրության 10 հատուկ լիցենզիաներն անցել են Սիլվա Համբարձումյանին պատկանող ընկերությունների տրամադրության տակ: Նույն ժամանակահատվածում գործարարը բանկային իր հաշվեհամարներից կանխիկացրել և Արամ Հարությունյանի մտերիմի միջոցով նրան է տվել 6 մլն դոլար կաշառքի գումարը:

Պահանջված կաշառքի գումարի մյուս մասը` 8 մլն դոլարը, Արամ Հարությունյանն իր մտերիմների օժանդակությամբ ստացել է Արաբական Միացյալ Էմիրություններում բացված տարբեր հաշվեհամարներին փոխանցումներ կատարելու եղանակով, այնուհետև գումարի ծագման իրական աղբյուրը քողարկելու և դրանց օրինական տեսք հաղորդելու նպատակով Արամ Հարությունյանը հանցավոր ճանապարհով ստացված գումարները փոխանցել է միջազգային ընկերության՝ Շվեյցարիայի Համադաշնությունում գտնվող բանկային հաշվեհամարին։ Դրանից հետո Հարությունյանը կազմակերպել է այդ հաշվեհամարից գումարների պարբերաբար փոխանցումն իր մտերիմին պատկանող Հայաստանում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող ընկերության հաշվեհամարին:

Ըստ նախաքննական մարմնի, քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել Երևանի ընդհանուր իրավասության դատարան` Արամ Հարությունյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:

Նախաքննությունը շարունակվում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG