Մատչելիության հղումներ

Վալերի Օսիպյանը ազատվեց Ոստիկանության պետի պաշտոնից


Վալերի Օսիպյանը ազատվեց ոստիկանության պետի պաշտոնից, անմիջապես էլ նշանակվեց վարչապետի գլխավոր խորհրդական։

Օսիպյանի պաշտոնանկության՝ նախագահ Արմեն Սարգսյանի ստորագրած հրամանագրի հիմքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունն էր։

Վալերի Օսիպյանը ոստիկանապետ էր նշանակվել թավշյա հեղափոխությունից հետո՝ Փաշինյանի վարչապետ ընտրվելուց բառացիորեն երկու օր անց։ Մինչև այդ Երևանի փոխստիկանապետն էր ու Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին հաճախ էր անձամբ վերահսկում հակաիշխանական տարբեր ցույցերի ընթացքը, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի առաջանորդած թավշյա հեղափոխության:

Լրատվամիջոցները տարածել են Օսիպյանի հայտարարությունը, որտեղ արդեն նախկին ոստիկանապետը խոստացել է «հեռանալու պատճառների մասին խոսել հետագայում»:

Ոստիկանապետի պաշտոնանկության կոնկրետ պատճառների մասին նաև իշխանության ներկայացուցիչներն ու ոստիկանության համակարգի աշխատակիցներն են լռում:

Ոստիկանության լրատվական ծառայության ղեկավար Աշոտ Ահարոնյանը փոխանցեց, որ Օսիպյանն այսօր հրաժեշտի հանդիպում է անցկացրել:

«Այս պահին Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի պարտականությունների կատարումը դրված է ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանի վրա», - հավելեց Ահարոնյանը:

Հարցին, թե արդյոք Օսիպյանը հրաժեշտի հանդիպմանն անդրադարձել է հրաժարականի պատճառներին, Ահարոնյանն արձագանքեց․ - «Ոչ: Եղել է հրաժեշտի խոսք, շնորհակալության խոսք: Պարոն Օսիպյանը հայտնեց, որ ցանկացած պահի, եթե իր կարիքը լինի, իր գիտելիքը, փորձը, պատրաստ է ոստիկանության նեցուկ լինել: Եվ պարոն Օսիպյանն այսօր արդեն ոստիկանության վետերանների շարքում է»:

Մյուս ուժային կառույցի ղեկավարը՝ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը չի բացառում, որ հաջորդը կարող է լինել: Ընդ որում, նա հնարավոր համարեց, որ վարչապետը կարող է իրեն պաշտոնանկ անել մեկ-երկու օր հետո։ Բայց առաջին քայլն անել՝ հրաժարական տալ, ինքը չի պատրաստվում։

Տոնոյանի պաշտոնանկության մասին ևս մամուլը մի քանի օր է համառորեն գրում է:

«Ես կատարում եմ իմ պարտավորությունները, ես իմ սկսած աշխատանքը կիսատ չեմ թողնելու, և իմ պատասխանատվությունը չեմ նվազեցնելու», - լրագրողներին այսօր ասաց Տոնոյանը՝ հավելելով, որ հրաժարական ներկայացնելու մտադրություն չունի:

Թե՛ ոստիկանապետի, թե՛ ԱԱԾ ղեկավարի պաշտոնակությունների պատճառներից Պաշտպանության նախարարը հրաժարվեց խոսել՝ ասելով, թե դրանք անհատական որոշումներ են, շարժառիթներն էլ՝ իրեն անհայտ։ - «Եթե իմ գործընկերները, իմ ընկերները գտնեն նպատակահարմար իմ հետ կիսվելու իրենց դրդապատճառների վերաբերյալ, ես կուզենամ լսել»:

Տոնոյանն ասաց, որ առաջին իսկ առիթի դեպքում կհարցնի՝ ի՞նչ նկատի ուներ Արթուր Վանեցյանը, երբ հրաժարականից հետո տարածած հայտարարությունում խոսում էր «որոշումների կայացման տարերայնությունից, գործողությունների հախուռնությունից, առաջնայինը երկրորդականից չտարբերելու գործելաոճից, որը ընդհանուր ոչինչ չունի սպայի արժանապատվության հետ»:

Այս բառակապակցությունների տողատակում շատերը ներիշխանական հակասություններ էին տեսել:

Երկու օրում՝ երկու ուժայինների պաշտոնանկություն: Իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը կոնկրետ պատճառներից չի խոսում, նա կարծում է, որ թարմություն էր պետք․ - «Ես կարծում եմ, որ սա ընդամենը փոփոխություն է վարչապետին կից կառույցների ղեկավարների: Տվյալ պաշտոնից ազատման փոփոխություն էր ընդամենը: Պետք չէ սա դիտարկել ինտրիգների կոնտեքստում»:

Թե՛ Վանեցյանի, թե՛ Օսիպյանի պաշտոնավարման մեկուկես տարիներին, հիշեցնեմ, գոնե հրապարակայնորեն նրանց աշխատանքից դժգոհություն վարչապետը չի հայտնել, ընդամենը երկու ամիս առաջ էլ երկուսի զինվորական կոչումները բարձրացրել է՝ դարձնելով գեներալ-մայոր:

«Ազատության» հարցին, թե այդուհանդերձ ինչով էր պայմանավորված երկու ուժայինների պաշտոնանկությունը, պատգամավորն արձագանքեց․ - «Ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության կառավարության որդեգրած քաղաքականության շրջանակներում լիովին տրամաբանորեն տեղավորվում է տվյալ պաշտոնյաների այդ պաշտոններից ազատումը և նոր կադրերով փոխարինումը»:

Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Տարոն Սիմոնյանը կոչ է անում վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ներկայացնել վերջին պաշտոնանկությունների պատճառները․ - «Նախորդ իշխանություններն էլ էին, ըստ էության, ամեն անգամ պաշտոնանկությունները փակ պահում և որևէ տեղեկատվություն չէին տալիս հասարակությանը, և սա որևէ դրական ձևով չէր նպաստում հասարակական կարծիքի ձևավորմանը»:

Փաշինյանը դեռևս չի հայտարարել, թե ովքեր կփոխարինեն Օսիպյանին և Վանեցյանին:

XS
SM
MD
LG