Մատչելիության հղումներ

«Հյուսիս հարավ»-ի գործով որպես մեղադրյալ է ներգրավվել Սերժ Սարգսյանի եղբայր Լյովա Սարգսյանը


Լևոն Սարգսյան, արխիվ
Լևոն Սարգսյան, արխիվ

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լյովա Սարգսյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել փողերի լվացման և իրական կամ ենթադրյալ ազդեցությունը շահադիտական նպատակով օգտագործելու համար։ Առաջիկա ժամերին դատարանը կքննի նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը:

Քննչական կոմիտեից հայտնում են՝ Լյովա Սարգսյանը որպես մեղադրյալ է ներգրավվել «Հյուսիս-հարավ» ճանապարհի քրեական գործի շրջանակում. Սարգսյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն՝ պարզվել է, որ թեև ըստ իրավական ընթացակարգերի ենթակապալառու կազմակերպությունների ընտրությունը գլխավոր կապալառու իսպանական կազմակերպության կողմից պետք է կատարվեր Ծրագրի ինժեների և պատվիրատուի՝ Տրանսպորտի և կապի նախարարության համապատասխան պաշտոնյաների համաձայնությամբ, սակայն փաստացի այդ գործընթացները ղեկավարվել են երրորդ նախագահի եղբոր՝ հատուկ հանձնարարություններով դեսպան Լյովա Սարգսյանի կողմից, ով այդ գործընթացները կազմակերպել և իրականացրել է Ծրագրի ենթակապալառու հանդիսացող «ՊՈԼԻՏՐԱՆՍՊՈՐՏ» ընկերության սեփականատերեր Սուրեն և Գևորգ Վարդանյանների հետ:

Քննչական կոմիտեի խոսնակ Նաիրա Հարությունյանը «Ազատության» հետ զրույցում ասաց․ - «Պարզվել է, որ Լյովա Սարգսյանը, Ծրագրում որպես ենթակապալառու հանդիսացող «ՊՈԼԻՏՐԱՆՍՊՈՐՏ» ՍՊ ընկերության Սուրեն և Գևորգ Վարդանյանների հետ իր ունեցած դիրքի և կապերի շնորհիվ, իրական ազդեցություն է ունեցել 250 միլիոն ԱՄՆ դոլար արժողության Ծրագրում շինարարական աշխատանքներ կատարելու և ծառայություններ մատուցելու ցանկություն ունեցող ենթակապալառու ընկերությունների ընտրության և ներգրավման հարցում, և գործելով վերը նշված անձանց դրդումներով և խմբային շահերից ելնելով՝ օգտագործել է իր իրական ազդեցությունը իրավաբանական անձի օգտին պաշտոնատար անձանց կողմից իրենց լիազորությունների շրջանակում գործունեություններ կատարելուն նպաստելու և ծառայության գծով հովանավորչության համար, որը կատարելու համար միջնորդի միջոցով կազմակերպություններից մեկի տնօրենից պահանջել է վճարել աշխատանքների կատարումից ակնկալվող շահույթի 50 տոկոսը»:

Քննչական կոմիտեի ներկայացուցիչ Արման Նշանյանը, իր հերթին, մանրամասնեց․ - «Ծրագրի իրականացման ընթացքում Հայաստանի Հանրապետության հատուկ հանձնարարությունների գծով դեսպանի պաշտոնը զբաղեցնող Լյովա Սարգսյանը, քննության ընթացքում ձեռք բերված տվյալների համաձայն, նրանց կողմից Ծրագրում որպես ենթակապալառու ընկերություն ներգրավելու և նրան որոշակի աշխատանքներ կատարելու պայմանագիրը շնորհելու համար նրանից պահանջվել և փողերի լվացման միջոցով ստացվել է նրա կողմից ակնկալվող շահույթի 50 տոկոսը»:

Թե որտեղ է Լյովա Սարգսյանը, հայտնի չէ, պատասխան չունի նաև նրա պաշտպան Ամրամ Մակինյանը: Պաշտպանը ասաց՝ որպես Սարգսյանի փաստաբան, չի կարող նման տեղեկություն տրամադրել:

Նախկին նախագահի եղբայրը արդեն իսկ հետախուզվում էր ապօրինի հարստացման և հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու փաստերով հարուցված քրեական գործով, և դատարանն արդեն նրան կալանավորելու որոշում է կայացրել:

Գործով որպես մեղադրյալներ ներգրավվել են նաև Սուրեն և Գևորգ Վարդանյանները։ Նրանց նկատմամբ ևս հայտարարվել է հետախուզում, որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Անցած տարի սեպտեմբերին հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում ավելի վաղ արդեն 5 անձի մեղադրանք է առաջադրվել, նրանիցից 2-ը կալանավորվել են, հետախուզում է հայտարարվել մեկ հոգու նկատմամբ։

Քննչական կոմիտեում Հյուսիս-հարավ ծրագրի գործի ծավալներն աննախադեպ են որակում։ Արդեն հազարից ավելի մարդ է հարցաքննվել, այդ թվում՝ նախկին պաշտոնյաներ։ Հարցաքննվողների թվում է նաև «Հյուսիս-հարավ»-ի շինարարության մեկնարկի ժամանակ պաշտոնավարած տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG