Ստեփանակերտում անընդունելի են համարում Բաքվի առաջարկը․ «Սա մարտահրավեր է ամբողջ աշխարհին»

Արցախի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայան, արխիվ

Պաշտոնական Ստեփանակերտն անընդունելի է համարում Բաքվի այն հայտարարությունը, թե պատրաստ է փոխանակել Ադրբեջանում կալանավորված երկու հայ գերիներին՝ Կարեն Ղազարյանին ու Արայիկ Ղազարյանին, Ստեփանակերտում գտնվող Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի հետ: Լեռնային Ղարաբաղի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը ցինիզմ որակեց հայտարարությունը:

«Սա մարտահրավեր է ամբողջ աշխարհին, և չի բացառվում, որ պաշտոնական Բաքուն անցնի ավելի գարշելի և զզվելի քայլերի, օրինակ՝ պատանդներ վերցնի հայերին տարբեր երկրներում՝ լինի դա, ասենք, քաղաքական, հասարակական գործիչներ, դերասաններ, երգիչներ, և այլն, և այլն, այսինքն՝ որպեսզի այդ երկու ահաբեկչին փորձի փոխանակել։ Այս ամենը լուրջ, լուրջ հետևությունների կարիք է զգում, մենք պիտի պատրաստ լինենք ամեն ինչին։ Ադրբեջանը պարտավոր է բաց թողնել մեր հայ այդ պատանդներին, որովհետև նրանք ո՛չ հանցագործ են, ո՛չ ահաբեկիչ՝ ի տարբերություն այդ Ասկերովին ու Գուլիևին», - «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Բաբայանը:

Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով պետական հանձնաժողովը, ըստ «Ինտերֆաքս»-ի, սեպտեմբերի 11-ին գերիների փոխանակման մասին գրությունն ուղարկել է համապատասխան միջազգային կառույցներին: Բաբայանը կարծում է՝ միջազգային հանրության համար ևս սա պետք է անընդունելի լինի:

Հայկական կողմն ավելի վաղ մի քանի անգամ մերժել էր Բաքվի՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով փոխանակելու այդ առաջարկը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամիսներ առաջ պնդել էր՝ «փոխանակում չի կարող տեղի ունենալ, եթե ադրբեջանական կողմից ներխուժած անձինք սպանություններ են իրականացրել»:

Շահբազ Գուլիևը և Դիլհամ Ասկերովը ձերբակալվել են 2014 թվականին Ղարաբաղի տարածքում: Ղարաբաղի դատարանը Ասկերովին ցմահ ազատազրկման է դատապարտել, իսկ Գուլիևին՝ 22 տարվա ազատազրկման, մի շարք ծանր հանցանքների, այդ թվում՝ սպանության համար:

Հայկական կողմի գերիներից Կարեն Ղազարյանը Տավուշի Բերդավան գյուղից է, Ադրբեջանի տարածքում էր հայտնվել անցած տարվա ամռանը և ամիսներ անց դատապարտվել 20 տարվա ազատազրկման: Բաքուն պնդում է, թե նա դիվերսանտ է, հարազատների խոսքով, մինչդեռ, նա առողջական խնդիրներ ունի և դեռևս 2013 թվականից հաշվառված է համապատասխան բուժհաստատությունում։

19-ամյա զինծառայող Արայիկ Ղազարյանը Ադրբեջանի տարածքում էր հայտնվել անցած ամիս, տեղական լրատվամիջոցները պնդել էին, թե նա լքել է զորամասը՝ «անմարդկային վերաբերմունքի» պատճառով: Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, մինչդեռ, կարծիք էր հայտնել, թե նա մոլորվել է այդ տեղանքում:

Արայիկ Ղազարյանի մայրը՝ Կարինե Մնացականյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ Կարմիր Խաչի միջոցով նամակ են ուղարկել որդուն և ստացել պատասխան․ - «Արայիկն էլ էնտեղից նամակ էր գրել Կարմիր Խաչի միջոցով, ստացել ենք մեկ անգամ, որ ուզում ա գա»:

Վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը երեկ ասաց, որ իրենք տեղյակ են Բաքվի հայտարարության մասին, հարցը քննարկվում է: «Հաշվի առնելով հարցի նրբությունը՝ դրա մասին հրապարակային կհայտնեն, երբ ինչ-որ որոշումներին մոտ լինենք», - նշեց Կարապետյանը:

2019 թվականի հունիսին Հայաստան է վերադարձել երկու տարի առաջ Ադրբեջանում հայտնված Զավեն Կարապետյանը, Ադրբեջան՝ այս տարվա մարտին Հայաստանի պետական սահմանն ապօրինի հատած Էլվին Արիֆ օղլու Իբրահիմովը: