Հայաստանի գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովը խստորեն դատապարտում է անցած տարվա հունիսին Ադրբեջանի իրավազորության ներքո հայտնված ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի` ադրբեջանական իշխանությունների կողմից որպես դիվերսանտ ներկայացնելու մերկապարանոց փորձերը և նրա նկատմամբ շինծու մեղադրանքով քրեական հետապնդումը, որի արդյունքում Ղազարյանը երեկ ադրբեջանական դատարանի կողմից դատապարտվեց 20 տարի ժամկետով ազատազրկման: Այդ մասին ասված է հանձնաժողովի այսօր հրապարակած հայտարարությունում:
«Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչ, զինվորական ծառայության հետ որևէ առնչություն չունեցող, առողջական խնդիրներով պայմանավորված դեռևս 2013 թվականից համապատասխան բուժհաստատությունում հաշվառման մեջ գտնվող Կարեն Ղազարյանին որպես հայկական հետախուզական-դիվերսիոն խմբի անդամ ներկայացնելն ակնհայտորեն ուղղված է եղել նրան ազգային պատկանելության հիմքով քրեական հետապնդման ենթարկելու և արդյունքում տևական ժամանակով ազատազրկման դատապարտելու նպատակով արհեստական հիմքերի ստեղծմանը», - հայտարարում է հանձնաժողովը՝ պնդելով․ - «Առանց ապացույցների կամ դրանց ակնհայտ կեղծմամբ Կարեն Ղազարյանի նկատմամբ իրականացված անհիմն քրեական հետապնդումը և հետագա դատապարտումը վկայում են վերջինիս՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված արդար դատաքննության իրավունքի առանձին բաղադրիչների ակնհայտ խախտումների մասին: Ընդ որում, նման իրավիճակը վկայում է նաև Կարեն Ղազարյանի նկատմամբ՝ նրա ազգային պատկանելության հիման վրա իրականացվող անհիմն քրեական հետապնդման, հետևաբար նաև՝ խտրականության արգելքի խախտման մասին»:
Մարդու իրավունքների նման ակներև խախտումների փաստը, ըստ հանձնաժողովի, «լուրջ մարտահրավեր է ողջ քաղաքակիրթ հանրությանը՝ ձեռնարկելու համար հնարավոր բոլոր միջոցները՝ Ադրբեջանի իրավազորության ներքո հայտնված Կարեն Ղազարյանի իրավունքների պաշտպանության համար»:
Հիշեցնելով նախկինում Ադրբեջանում հայտնված ազգությամբ հայերի նկատմամբ անմարդկային վերաբերմունքը և այդ անձանց հետագա ճակատագիրը, հանձնաժողովը ակնկալում է ինչպես ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի, ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարի, Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային, տարածաշրջանային և ունիվերսալ այլ մարմինների, այնպես էլ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ակտիվ ներգրավվածությունը` Կարեն Ղազարյանի անվտանգությունը և իրավունքներն ապահովելու նպատակով: «ԵԽ-ի և ՄԱԿ-ի անդամ հանդիսացող Ադրբեջանի՝ նման հայատյացությամբ և ռասիզմով համեմված վարքագիծը լկտի ցինիզմի դրսևորում է իր իսկ ստանձնած միջազգային պարտավորությունների և ողջ միջազգային հանրության հանդեպ, որը պետք է համահունչ արձագանքի արժանանա միջազգային հանրության կողմից», - հայտարարում է Հայաստանի գերիների, պատանդերի և անհայտ կորածների հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովը:
Հանձնաժողովը նաև իր մտահոգությունն է հայտնում այն կապակցությամբ, որ Կարեն Ղազարյանի նկատմամբ կայացված դատավճիռը սահմանափակում է Հայաստանի կամ Ադրբեջանի տարածքում պատահաբար հայտնված քաղաքացիական անձանց և զինծառայողներին միմյանց արտահանձնելու քաղաքական հանձնառության տեսական հնարավորությունը: