Մատչելիության հղումներ

Բաքուն կրկին «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով գերիների փոխանակում է առաջարկում


Հայաստան - Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպում է Կարեն Ղազարյանի հոր՝ Արմեն Ղազարյանի հետ, Երևան, 23-ը մարտի, 2019թ,
Հայաստան - Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպում է Կարեն Ղազարյանի հոր՝ Արմեն Ղազարյանի հետ, Երևան, 23-ը մարտի, 2019թ,

Բաքուն հայտարարում է, թե պատրաստ է փոխանակել Ադրբեջանում կալանավորված երկու հայ գերիներին՝ Կարեն Ղազարյանին ու Արայիկ Ղազարյանին, Ստեփանակերտում գտնվող Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի հետ: Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով պետական հանձնաժողովը, ըստ «Ինտերֆաքս»-ի, սեպտեմբերի 11-ին այս մասին գրություն է ուղարկել համապատասխան միջազգային կառույցներին:

Հայկական կողմն ավելի վաղ մի քանի անգամ մերժել էր Բաքվի՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով փոխանակելու այդ առաջարկը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ամիսներ առաջ պնդել էր՝ «փոխանակում չի կարող տեղի ունենալ, եթե ադրբեջանական կողմից ներխուժած անձինք սպանություններ են իրականացրել»:

Շահբազ Գուլիևը և Դիլհամ Ասկերովը ձերբակալվել են 2014 թվականին Ղարաբաղի տարածքում: Ղարաբաղի դատարանը Ասկերովին ցմահ ազատազրկման է դատապարտել, իսկ Գուլիևին՝ 22 տարվա ազատազրկման, մի շարք ծանր հանցանքների, այդ թվում՝ սպանության համար:

Հայկական կողմի գերիներից Կարեն Ղազարյանը Տավուշի Բերդավան գյուղից է, Ադրբեջանի տարածքում էր հայտնվել անցած տարվա ամռանը և ամիսներ անց դատապարտվել 20 տարվա ազատազրկման: Բաքուն պնդում է, թե նա դիվերսանտ է, հարազատների խոսքով, մինչդեռ, նա առողջական խնդիրներ ունի և դեռևս 2013 թվականից հաշվառված է համապատասխան բուժհաստատությունում։

19-ամյա զինծառայող Արայիկ Ղազարյանը Ադրբեջանի տարածքում էր հայտնվել անցած ամիս, տեղական լրատվամիջոցները պնդել էին, թե նա լքել է զորամասը՝ «անմարդկային վերաբերմունքի» պատճառով: Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, մինչդեռ, կարծիք էր հայտնել, թե նա մոլորվել է այդ տեղանքում:

XS
SM
MD
LG