Մատչելիության հղումներ

Հայ-ադրբեջանական սահմանը հատած Կարեն Ղազարյանը «ունի հոգեկան խնդիրներ»․ ԱԳՆ խոսնակ


Հայ-ադրբեջանական սահմանը հատած ու հակառակորդի մոտ հայտնված Կարեն Ղազարյանը, որևէ առնչություն չունի բանակի հետ և հոգեկան առողջության խնդիրներ ունի, այս մասին այսօր հայտարարեց ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը, հավելելով, որ համապատասխան տեղեկություններն արդեն տրամադրվել են գերիների խնդրով զբաղվող Կարմիր խաչի միջազգային կոմիտեն։

«Ունի հոգեկան խնդիրներ, և հենց այդ խնդիրների պատճառով չի զորակոչվել, ծառայություն չի անցել Հայաստանի Հանրապետության զինված ուժերում», - մանրամասնեց Տիգրան Բալայանը: - «Դա փաստաթղթավորված և փաստարկված իրողություն է, որը փոխանցվել է Կարմիր խաչին: Պաշտպանության նախարարությունը անմիջականորեն կապ է պահպանում Կարմիր խաչի հետ և այս պահին Կարմիր խաչի միջոցով փորձում ենք անհրաժեշտ քայլերը ձեռնարկել, այլ ուղղություններով ևս աշխատանքներ են տարվում, որպեսզի մեր քաղաքացուն հնարավորինս անվտանգ և արագ վերադարձնենք Հայաստան»:

Երեկ առավոտյան, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, հրապարակելով Տավուշի մարզի Բերդավան համայնքի 34-ամյա բնակիչ Կարեն Ղազարյանի լուսանկարը, հայտարարել էր, թե ադրբեջանական բանակը Ղազախի շրջանում հայկական դիվերսիոն ներթափանցման փորձ է կասեցրել ու գերեվարել հայ հետախույզի։ Հաղորդագրությունից անմիջապես հետո, Հայաստանի ոստիկանությունն ու պաշտպանության նախարարությունը հայտարարեցին, որ Ադրբեջանի տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, ընդգծելով՝ Կարեն Ղազարյանը առողջական խնդիրներ ունի և դեռևս 2013թվականից հաշվառված է համապատասխան բուժհաստատությունում։ Բերդավան վարչական շրջանի ղեկավար Սմբատ Մուղդուսյանն այսօր պատմեց, որ Ղազարյանը կեսգիշերից հետո գնացել է ջուր խմելու և չի վերադարձել։

Ըստ Մուղդուսյանի, Ղազարյանների տունը ամենամոտն է սահմանին, այնտեղ անգամ Ադրբեջան տանող մի ճանապարհ կա և շատ հավանական է, որ Կարեն Ղազարյանը պատահաբար է հատել սահմանը․ - «Հին ճանապարհ կա՝ մեր ու էդ գյուղը կապող: Ոնց որ էդ ճանապարհի մեջնա ընկել ու գնացել»:

Վարչական շրջանի ղեկավարը վստահեցնում է՝ Կարեն Ղազարյանը զինված ուժերի հետ որևէ առնչություն ունենալ չէր կարող, գյուղում բոլորը գիտեն նրա առողջական վիճակի մասին։

«Շարքային գյուղացիներին դիվերսանտ ներկայացնելը Ադրբեջանի ռազմաքաղաքական ձեռագիրն է, տարօրինակ ոչինչ չկա», - հայտարարում է ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը հիշատակելով նմանօրինակ նախորդ դեպքերը, - «Հիշեք սահմանի այդ նույն հատվածում մենք ինչեր ենք ունեցել՝ 70 տարեկան ծերունուն փորձել են մատուցել որպես դիվերսանտ, այնքան են առողջության հետ փորձարկումներ արել, որ մարդը վերադառնալուց հետո նույնիսկ ամենաինտենսիվ թերապիայի պայմաններում չկարողացավ շարունակել կյանքը: Մենք ունենք մեկ այլ դեպք, երբ երիտասարդ հովիվը մառախուղում մոլորվել է: Միջազգային կոնվենցաների խախտումներով նկարահանել էին, ցուցադրել էին, մատուցել էին որպես դիվերսանտ, ապա պատահաբար՝ ըստ ադրբեջանական վարկածի, ինքը մահացել էր խցում»:

Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակությունն արդեն զբաղվում է Կարեն Ղազարյանի գործով։ - «Համաձայն Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հանձնագրի և աշխատելաոճի՝ մենք վարում ենք կոնֆիդենցիալ երկկողմանի երկխոսություն համապատասխան պատկան մարմինների հետ դեպքի առնչությամբ։ Համաձայն մեր հանձնագրի՝ մենք այցելում ենք ազատազրկվածներին՝ վերահսկելու ազատազրկման պայմանները և նրանց հետ վարվելակերպը, և օգնելու նրանց կապ պահպանել իրենց ընտանիքների հետ», - «Ազատությանը» փոխանցեցին Կարմիր խաչի միջազգային կոմիտեից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG