Մատչելիության հղումներ

Փաշինյան․ Հայկական կողմը պատրաստ է «մոլորված մարդկանց փոխանակել մոլորված մարդկանց հետ»


«Հայկական կողմը պատրաստ է իր տարածքում մոլորված ադրբեջանցիներին փոխանակել Ադրբեջանի տարածքում մոլորված հայերի հետ», - այսօրվա ասուլիսին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե հնարավոր է արդյոք Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ առաջիկա հանդիպմանը քննարկվի նաև Հայաստանում և Ադրբեջանում պահվող բոլոր քաղաքացիների փոխանակումը՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով:

Փաշինյանը շեշտել է, որ այդ փոխանակումը չի կարող տեղի ունենալ այն դեպքում, երբ ադրբեջանական կողմից ներխուժած անձինք սպանություններ են իրականացրել․ - «Սա անընդհատ մեր քննարկումների տիրույթում ա: Նախկինում գոյություն ա ունեցել պրակտիկա, որ սահմանը անցած մարդկանց մի շաբաթվա ընթացքում և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը, և՛ Լեռնային Ղարաբաղը պարտավորվել են, որ մի շաբաթվա ընթացքում վերադարձնեն: Եվ էդ պրակտիկան իրականացվել ա միշտ: Դա ընդհատվել ա էն ժամանակ, երբ որ տեղի ա ունեցել էդ հայտնի դեպքը, երբ որ զինված մարդիկ, ադրբեջանցիներ մտել են մեր տարածք ու սպանություններ են տեղի ունեցել: Էս իրավիճակում սպանության համար մեղադրվող մարդկանց ուղղակի փոխանակել մոլորված մարդկանց [հետ]․․․ Մենք պատրաստ ենք մոլորված մարդկանց փոխանակել մոլորված մարդկանց հետ»:

Անցած տարի աշնանը «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով փոխանակում առաջարկել էր Ադրբեջանը:

Հայաստանի պաշտպանության նախարարության տվյալներով, Ադրբեջանում երեք հայեր են պահվում՝ Արսեն Բաղդասարյանը, Զավեն Կարապետյանը և 2018 թվականի հուլիսին Ադրբեջանի տարածքում հայտնված ու մոտ 3 շաբաթ առաջ 20 տարվա ազատազրկման դատապարտված Կարեն Ղազարյանը: Նրանց պաշտոնական Բաքուն համարում է դիվերսանտ: Հայկական կողմը հերքում է Ադրբեջանի պնդումները:

Հայկական կողմում այս պահին 4 ադրբեջանցի կա: Շահբազ Գուլիևը և Դիլհամ Ասկերովը ձերբակալվել են 2014 թվականին Լեռնային Ղարաբաղի տարածքում: ԼՂ դատարանը Ասկերովին ցմահ ազատազրկման է դատապարտել, իսկ Գուլիևին՝ 22 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչելով մի շարք ծանր հանցանքների, այդ թվում սպանության համար: Հայկական կողմում գտնվող երրորդ ադրբեջանցին Էլնուր Հուսեյնզադեն է, նա ձերբակալվել է 2017 թվականին Լեռնային Ղարաբաղի Թալիշ գյուղի մոտակայքում:

Չորրորդ ադրբեջանցին 33-ամյա Էլվին Արիֆ Օղլու Իբրագիմովն է, ով հայտնաբերվել է այս տարվա մարտի 16-ի գիշերը Տավուշի մարզի Բարեկամավան գյուղի մոտակայքում հայ դիրքապահների կողմից: Նա նախազգուշացվել է և նախազգուշացմանը չենթարկվելուց հետո ոտքին կրակոցով վնասազերծվել: Ազգային անվտանգության ծառայությունում գործ է հարուցվել սահմանն ապօրինի հատելու հոդվածով: Ադրբեջանի քաղաքացին գտնվում է բուժհաստատությունում: Երեկ նրան այցելել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

«Նա ունի ադրբեջաներենի լիցենզավորված թարգմանիչ, ունի փաստաբան: Մեր այցի պահին արդեն գործում ներգրավվել էր և հանդիպել էր նրա հետ: Դրանից բացի, մենք հավաստիացանք, որ պատշաճ բուժօգնություն է ստանում: Եվ ես պետք է ասեմ, որ երբ նրա հետ առանձնազրույց ունեցա, առաջին հարցերից մեկը, որ նա բարձրացրեց ընտանիքի հետ կապն էր: Ես անմիջապես հարցը քննարկեցի Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի հետ, և դա կարևորագույն նշանակություն ուներ, որ ծառայությունը, տնօրենը պատրաստակամություն հայտնեցին երաշխավորելու, ապահովելու ընտանիքի հետ կապը՝ տեսաձայնային կամ որևէ այլ, օրինակ, հեռախոսային խոսակցության միջոցով, և անգամ՝ կազմակերպելու հանդիպումը ազգականների հետ Հայաստանի Հանրապետությունում՝ եթե նման ցանկություն լինի: Ընդ որում՝ երաշխավորելով անվտանգությունը»:

Այդ մասին Հայաստանի օմբուդսմենը հայտնել է նաև միջազգային կառույցներին․ - «Այստեղ ակնհայտորեն միջազգային մարդու իրավունքների պաշտպանության համակարգն աշխատում է, և ժողովրդավարական մեխանիզմը գործեց»:

Ըստ Թաթոյանի, Հայաստանում Ադրբեջանի քաղաքացու հիմնական իրավունքները պաշտպանված են, մի բան, որ հնարավոր չէ ասել Ադրբեջանում գտնվող Հայաստանի քաղաքացիների մասին: Կարեն Ղազարյանի հետ կապը իրականացվում է հազվադեպ և միայն թղթային եղանակով: Ընտանիքն ու փաստաբանը մտահոգություններ ունեն:

«Առաջինը՝ առողջական վիճակի հետ կապված: Երկրորդը՝ ընտանիքի հետ կապված: Ինչպես արդեն ասացի, միայն թղթային հաղորդակցություն, այն էլ շատ հազվադեպ․․․ ոչ հաճախ է իրականացվում և ընդհատումներով է իրականացվում», - փոխանցեց Թաթոյանը:

ԿԱրեն Ղազարյանին անդրադարձ է եղել նաև Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և Կարմիր Խաչի ներկայացուցիչների՝ երեկ տեղի ունեցած հանդիպման ժամանակ: Կարևորվել է Երևանում և Բաքվում Կարմիր Խաչի գրասենյակների համակարգված աշխատանքը վերջինիս կանոնավոր տեսակցությունների և ընտանիքի հետ նամակագրության ապահովման նպատակով:

Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի խոսքով, Ադրբեջանից մեծ դժվարությամբ են տեղեկություն ստանում․ - «Ցավոք, Ադրբեջանում գտնվող հայերի ճակատագրի մասին տեղեկությունները շատ աղքատիկ են և շատ հաճախ՝ ոչ ամբողջական: Շատ քիչ հնարավորություն կա, ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանը գիտեք ինչպիսի պետություն է և ինչպիսի վերաբերմունք ունի նման հարցերում»:

Հովհաննիսյանի կարծիքով, որևէ կասկած չպիտի լինի, որ Հայաստանի Հանրապետությունը ամեն ինչ անում է Կարեն Ղազարյանին վերադարձնելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG