Պաշտպանության բանակի զինծառայող Արայիկ Ղազարյանի կողմից մարտական դիրքը, դեռևս չպարզված հանգամանքներում, լքելու փաստի առիթով հարուցված քրեական գործով դեռ ձերբակալվածներ չկան, «Ազատությանը» հայտնում են Քննչական կոմիտեից։
Հիշեցնենք, քննությունն իրականացվում է Քրեական օրենսգրքի 362-րդ՝ դասալքության, և 359-րդ հոդվածի առաջին մասով՝ զինծառայողների փոխհարաբերությունների կանոնակարգային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, որն արտահայտվել է ծաղրուծանակի ենթարկելով կամ հալածելով կամ ծեծելով։
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հայաստանյան գրասենյակից էլ տեղեկացնում են, որ կազմակերպության ներկայացուցիչները դեռևս չեն տեսակցել Արայիկ Ղազարյանին։
ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին այսօր «Ազատությանը» փոխանցեց. «Այս պահին շարունակվում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների գտնվում են երկխոսության մեջ իշխանությունների համապատասխան ներկայացուցիչների հետ կողների։ Այդ երկխոսության նպատակն է հնարավորություն ստանալ այցելել անձին և ունենալ առանձնազրույց նրա հետ։ Այս պահին երկխոսությունը շարունակվում է»։
Ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը հայտնում է, թե Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանն այցելել է զինծառայողին։ Ասվում է, թե Արայիկ Ղազարյանը որևէ դժգոհություն չի ունեցել պահման պայմաններից ու իր նկատմամբ վերաբերմունքից։
19-ամյա զինծառայող Արայիկ Ղազարյանը մարտական դիրքը լքել էր օգոստոսի 12-ին՝ հայտնվելով Ադրբեջանի տարածքում։ Ադրբեջանական լրատվամիջոցներն իրենց պաշտպանության նախարարությանը հղում անելով հայտնել էին, թե իբր զինծառայողին ձերբակալել են Ֆիզուլիի մարտական դիրքի մոտակայքում, և որ նրա «դասալքության պատճառը եղել է զորամասում անմարդկային վերաբերմունքը»:
Ավելի ուշ Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ադրբեջանական մամուլում զինծառայողի վերաբերյալ տեղեկությունները քարոզչություն որակեց։ Ասաց՝ ինքը կարծում է, որ զինծառայողը տեղանքում մոլորվել է։
Արայիկ Ղազարյանը Վայոց Ձորի մարզի Եղեգիս գյուղից է։ Նրա եղբայրը՝ Արմեն Ղազարյանն այսօր «Ազատությանը» հայտնեց՝ դեռ որևէ կերպով կապ չեն հաստատել եղբոր հետ։
Ադրբեջանական լրատվամիջոցների տարածած լուսանկարներում Արայիկ Ղազարյանը վնասվածքներ ունի, ձեռքին առկա է հանցրած ծխախոտի հետ: Մինչդեռ ըստ Հայաստանի քննչական կոմիտեի, մինչ մարտական դիրքը թողնելը, զինվորը գլխի ծոծրակային շրջանում, սրունքների շրջաններում կամ մարմնի այլ հատվածներում մարմնական վնասվածքներ չի ունեցել: Իսկ նրա ձախ ձեռքի ցուցամատի վրա առկա վնասվածքը, ըստ Քննչական կոմիտեի, կոշտուկի հեռացման հետևանքն է։ Դա արձանագրված է զինհոսպիտալի ամբուլատոր հիվանդների հաշվառման մատյանի մեջ։