Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը կայցելի Հայաստան՝ մասնակցելու Երևանում հոկտեմբերի 6-9-ը անցկացվելիք WCIT 2019 ՏՏ համաշխարհային համաժողովին։ Այս մասին տեղեկացնում է WCIT 2019 համաժողովի Հանրային կապերի խումբը։
«Ակտիվիստ, ձեռնարկատեր, գեղեցկության մոգուլ և պրոդյուսեր Քիմ Քարդաշյան-Վեսթը մասնակցելու է «WCIT 2019» ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովին՝ որպես հատուկ հիմնական զեկուցող և պանելիստ», - ասված է WCIT 2019 համաժողովի անունից տարածված հաղորդագրությունում։
Քիմ Քարդաշյան-Վեսթը հանդես կգա «Գաղափարների շուկա» լիագումար նիստում, որտեղ կքննարկվի, թե ապակենտրոնացված տեխնոլոգիաները որքանով են նպաստել ժամանցի, մեդիայի և լրագրության աշխարհների ժողովրդայնացմանը և թե որքանով են հեղափոխել արվեստի, տեղեկատվության տարածման մեր մեթոդները՝ նոր աստղեր պատրաստելու ճանապարհին։
«Մենք համոզված ենք, որ Քիմ Քարդաշյան-Վեսթը, որպես արտասովոր հաջողակ գործարար, որպես այս ոլորտի առաջամարտիկ, որպես կին և մայր, կարևոր ու հետաքրքիր ասելիք կունենա սոցիալական մեդիայում ձեռներեցության աշխարհի մասին, որի ստեղծմանը և ձևավորմանը նպաստել է արդեն երկու տասնամյակ», - այս առնչությամբ ասել է WCIT 2019-ի կազմակերպչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Եսայանը, ով նաև Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահն և Հայաստանի հեռահաղորդակցության ծառայությունների խոշորագույն մատակարար «Յուքոմ» ընկերության համահիմնադիրը։ «Մենք ակնկալում ենք Քիմ Քարդաշյան-Վեսթին ողջունել իր նախնիների երկրում և «WCIT 2019»-ի գաղափարների մեծ բեմում», - հավելել է Եսայանը։
Քիմ Քարդաշյանը ընտանիքի հետ Հայաստան էր այցելել նաև 2015 թվականին։ Նրա այցը լայնորեն լուսաբանվել էր ինչպես հայաստանյան, այնպես էլ միջազգային լրատվամիջոցներով։
WCIT 2019 ՏՏ համաշխարհային համաժողովը տեղի կունենա Երևանում հոկտեմբերի 6-9-ին։ Այն հյուրընկալվում է Հայաստանում՝ կառավարության աջակցությամբ։ ՏՏ համաշխարհային համաժողովը հիմնադրել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքը։ Հայաստանում անցկացվող թվով 23-րդ համաժողովը կազմակերպում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ)։
Այս տարի համաժողովի թեման է՝ «Ապակենտրոնացման ուժը. ակնկալիք և վտանգ»։ Համաժողովի ընթացքում հանգամանորեն կքննարկվի, թե ինչպես են տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաները թե՛ դրական, թե՛ բացասական առումներով վերափոխում կյանքը, ինչ ազդեցություն են ունենում շահույթի և բարեկեցության, ապահովության և անվտանգության, ժողովրդավարության և մարդասիրության վրա։
Երևանյան համաժողովին սպասվում է ավելի քան 2000 մասնակից՝ 70 երկրից։