Մատչելիության հղումներ

Քիմ Քարդաշյանի «Կիմոնո» բրենդը աղմուկ է բարձրացրել Ճապոնիայում


Ճապոնիան պատրաստվում է արտոնագրերի գրանցման պաշտոնյաներ ուղարկել Միացյալ Նահանգներ Քիմ Քարդաշյանի պատճառով: Այդ մասին ճեպազրույցում պաշտոնապես հայտարարել է Ճապոնիայի առևտրի նախարար Հիրոսիգե Սեյկոն:

Ճապոնիայում առաջացած մեծ աղմուկի պատճառը Քիմ Քարդաշյանի վերջին նորամուծությունն է․ օրերս նա ասել է, թե ավարտել է կանացի ներքնազգեստների նոր տեսականու մշակումները և ապրանքանիշը անվանել է «Կիմոնո»:

Զարդանախաշ, լայն գոտիով, երկարափեշ ավանդական կիմոնոն ճապոնուհիները կրում են հանդիսությունների, հարսանիքների, իսկ զուսպ գույներով կիմոնոները՝ սգո արարողությունների ժամանակ, ու ներքնազգեստը «Կիմոնո» անվանելը ճապոնացիները համարել են անհարգալից վերաբերմունք իրենց ազգային արժեքների հանդեպ:

Հիրոսիգե Սեյկոն ասել է, թե խնդիրը լայն քննարկումների առարկա է դարձել սոցցանցերում ու հայտնել, որ ապրանքանիշների ոլորտը իր իրավասության տակ է: - «Ամբողջ աշխարհում կիմոնոն համարվում է մեր մշակույթի մասը, նույիսկ Ամերիկայում գիտեն, որ կիմոնոն ճապոնական է: Հույս ունեմ նրանք համապատասխան կերպով կգնահատեն»,- ասել է Ճապոնիայի առևտրի նախարարը:

Բարձրացած աղմուկից հետո՝ հուլիսի 1-ին, Քարդաշյանը պատրաստակամություն է հայտնել անվանափոխել իր հեղինակած ներքնազգեստը: Նա հավելել է, թե «Կիմոնո» ապրանքանիշի մասին հայտարարել էր ամենալավ մտադրություններով, բայց հիմա գնահատում է ստացված արձագանքները: - «Իմ բրենդներն ու ապյրանքները բացառիկ ու բազմազան են, մանրակրկիտ դիտարկումներից ու մտածելուց հետո ես իմ բրենդը կանվանափոխեմ», - Թվիթերում գրել է Քարդաշյանը:

Չնայած այս հայտարարությանը՝ պաշտոնական Տոկիոյի անհանգստությունը չի փարատվել: Ճապոնիայի առևտրի նախարարն ասել է, թե տեղյակ է Քարդաշյանի վերջին հայտարարության մասին, բայց ցանկանում է մանրակրկիտ ուսումնասիրել խնդիրը և հուլիսի 9-ին ԱՄՆ-ի արտոնագրային ու ապրանքանիշների գրասենյակ են գործուղվելու Ճապոնիայի արտոնագրային ոլորտի պաշտոնյաներ՝ խնդրի շուրջ մտքեր փոխանակելու համար: Հիրոսիգե Սեյկոն նշել է, որ մոտիկից հետևելու է իրավիճակին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG