Մատչելիության հղումներ

Վարչապետն ընդունել է Քարդաշյան ընտանիքի անդամներին


Լուսանկարը՝ Հայաստանի կառավարության լրատվականի
Լուսանկարը՝ Հայաստանի կառավարության լրատվականի

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Քարդաշյան ընտանիքի անդամներին:

Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ վարչապետը կարևորել է Քարդաշյան ընտանիքի ներդրումը Մեծ եղեռնի միջազգային ճանաչման ու դատապարտման գործում և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին Հայաստան նրանց այցելությունը: Հովիկ Աբրահամյանն ընդգծել է այն փաստը, որ Քարդաշյան ընտանիքը, ինչպես և աշխարհասփյուռ հայությունը, չեն մոռանում իրենց արմատները և պատմական հայրենիք այցելությամբ ավելի ճանաչելի են դարձնում Հայաստանը:

Քարդաշյանները շնորհակալություն են հայտնել վարչապետին ընդունելության համար և նշել, որ տպավորված են Հայաստանով և մարդկանց ջերմ վերաբերմունքով:

Նրանք տեղեկացրել են, որ նախատեսում են շրջել Հայաստանի պատմական տարբեր վայրերով՝ պատմամշակութային ժառանգությանը ծանոթանալու և նախնիների հայրենիքը բացահայտելու նպատակով:

Քույրերի խոսքով՝ իրենք երկար ժամանակ երազել են պատմական հայրենիք այցելելու մասին և երջանիկ են, որ գտնվում են իրենց երազանքի երկրում: Նրանք ներողություն են խնդրել հանդիպմանը հայերեն չխոսելու համար և նշել, որ այժմ աշխատում են մայրենի լեզուն սովորելու ուղղությամբ:

Քարդաշյաններն ընդգծել են, որ այսուհետ ևս շարունակելու են ակտիվորեն պայքարել Հայոց մեծ եղեռնի միջազգային ճանաչման ու դատապարտման համար և կարևորել այդ հարցի շուրջ համայն հայության համախմբման գործոնը:

Հանդիպման ավարտին վարչապետ Աբրահամյանը Քարդաշյան ընտանիքի անդամներին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը խորհրդանշող անմոռուկներ է նվիրել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG