Ամերիկյան «Թայմ» հանդեսի համաձայն, ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ, «Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի» ղեկավար Ալեքսեյ Նավալնին տեղ է գտել համացանցային տիրույթում ամենաազդեցիկ 25 անձանց այս տարվա ցանկում:
«Մի երկրում, որտեղ գրեթե բոլոր լրատվամիջոցները վերահսկվում են պետության կողմից, ռուսաստանցի ընդդիմադիր ակտիվիստը օգտագործում է «Յութուբը»՝ իր աջակցիներին հասանելի լինելու համար»,- գրում է «Թայմը», հավելելով, որ Նավալնիի ավելի քան 1 միլիոն բաժանորդ ունեցող «Յութուբի» էջում տեղադրված տեսագրությունները Ռուսաստանում կոռուպցիայի դեմ պայքարի հսկայական ալիք են բարձրացրել:
Ալեքսեյ Նավալնին, հիշեցնենք, մտադիր է մասնակցել հաջորդ տարի Ռուսաստանում կայանալիք նախագահական ընտրություններին, սակայն ՌԴ կենտրոնական ընտրական հանձնաժողովն օրերս հայտարարել է, որ նա չի կարող առաջադրվել, քանի որ մի քանի տարի առաջ դատապարտվել է քրեական հոդվածով:
Ռուս ընդդիմադիր գործիչը, սակայն, Ռուսաստանի բոլոր մարզերում արդեն նախընտրական շտաբեր է բացել և այժմ դեռևս հարաբերականորեն ազատ ինտերնետի միջոցով իր հազարավոր աջակիցների շրջանում նախընտրական քարոզարշավ է իրականացնում:
«Թայմ» հանդեսի հրապարակած ամենաազդեցիկ մարդկանց ցանկում տեղ են գտել նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը: