Վահագն Խաչատրյան․ Գազի սակագնի բարձրացումը 2013-ի հայ-ռուսական համաձայնագրի հետևանքն է

Հայ ազգային կոնգրեսի անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանի կարծիքով, Հայաստանում հունվարի 1-ից գազի գնի թանկացումը 2013 թվականի հայ-ռուսական համաձայնագրի հետևանքն է, որով հայկական կողմը կորցրեց տնտեսական անկախությունը:

«Ժամանակը եկել, նույնիսկ անցել է, որպեսզի խորը վերլուծվի 2013 թվականի դեկտեմբերին Ռուսաստանի և Հայաստանի կառավարությունների միջև կնքված համաձայնագիրը կամ պայմանագիրը, որի համաձայն Հայաստանի Հանրապետության 20 տոկոս փայաբաժինը անցավ «Գազպրոմ Ռոսիա»-ին, և «Գազպրոմ Ռոսիա»-ն դարձավ մեր գազի համակարգի 100 տոկոսանոց սեփականատերը: Այս պայմանագիրն է, որ շատ վատ, ոչ բարենպաստ վիճակում է թողել Հայաստանի Հանրապետությունը: Եվ ես գտնում եմ, որ այսօրվա իշխանությունները ամբողջական վերլուծություն պետք է կատարեն այդ պայմանագրի և դրանից ելնելով նաև միգուցե փոփոխություններ առաջարկեն: Որովհետև այդտեղ ամեն ինչ, ինչ որ արված է, արված է նրա համար, որպեսզի «Գազպրոմ Արմենիա»-ն արտոնյալ պայմաններով տնտեսական գործունեություն ծավալի Հայաստանի Հանրապետությունում: Այդտեղ Հայաստանի Հանրապետության շահերը հաշվի առնված չեն», - «Ազատության» հետ զրույցում ասաց Խաչատրյանը:

Նա թվարկեց պայմանագրի, իր ձևակերպմամբ՝ վտանգավոր դրույթները․ - «Համար մեկ․ որ մինչև 2035 թվականը մենք երրորդ երկրից չենք կարող գազ գնել: Վտանգավոր կետ համար երկու․ մենք մեր գազամուղերը չենք կարող օգտագործել առանց «Գազպրոմ Ռոսիա»-ի տեղյակ լինելու՝ որևէ երկրից գազ ստանալու համար»:

Գազի գնի շուրջ հայ-ռուսական բանակցությունները տարեվերջին հանգուցալուծվեցին ոչ Հայաստանի օգտին: Ռուսաստանյան «Գազպրոմ» և «Գազպրոմ Արմենիա» ընկերությունների միջև ստորագրված պայմանագրի համաձայն, 2019-ի հունվարի 1-ից Հայաստանին մատակարարվող գազը կթանկանա 15 դոլարով․ սահմանին 1000 խորանարդ մետր գազի դիմաց 150 դոլարի փոխարեն Հայաստանը կվճարի 165 դոլար: Այս գինն ու ժամկետը սահմանված էին 2013 թվականին ստորագրված պայմանագրով:

Սոցիալական ցանցերում այս բանակցությունների արդյունքը համարում են մեր երկրի իշխանության պարտությունը, ինչի հետ, սակայն, Վահագն Խաչատրյանը համաձայն չէ․ - «Անկախ նրանից, թե ապրիլին իրականացված հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը իշխանություն կլիներ թե ոչ՝ բոլորը գիտեին, որ 2019 թվականի համար պետք է նոր բանակցություններ սկսվեն Ռուսաստանի հետ, նոր համաձայնագիր ստորագրվի»:

Տնտեսակետը չի կիսում այն մեկնաբանությունները, թե գազի գնի բարձրացումը պայմանավորված է Հայաստանի ներքաղաքական իրավիճակով, օրինակ՝ Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորմամբ:

Ըստ Վահագն Խաչատրյանի, անգամ եթե հարցը քաղաքական շերտեր ունի, ապա՝ միայն արտաքին․ - «Ես չեմ կարծում, որ Ռոբերտ Քոչարյանի հարցը պետք է այն աստիճան սրի Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերությունները, որ Ռուսաստանը փորձի որևիցե մի ձևով Հայաստանի Հանրապետությանը և ՀՀ քաղաքացիներին պատժի կամ վնասի: Ես գտնում եմ, որ այդ ամեն ինչը ուղղակի, ինչ-որ քաղաքական նկատառումներից ելնելով, որոշակի մարդկանց տեսակետները հրապարակայնացնելն է, ինչի իմաստը նա է, որ Ռոբերտ Քոչարյանի դերը մեծանա: Քաղաքական ենթատեքստը ուրիշ երկրի, կոնկրետ Բելառուսի հետ է կապված: Որովհետև Բելառուսը հարցադրում էր անում, որ բերեք գազի սակագինը սահմանենք 125 դոլար: Բացի դա, ասում էր՝ ինչ տարբերություն․․․ Բելառուսի սահմանին ռուսական քաղաքում գազը վաճառվում է 75 դոլարով, իսկ Բելառուսի քաղաքացիների վաճառվում է երկու անգամ ավել․․․ Այսինքն, հարցադրումների քաղաքական ուղղվածությունը ես չեմ կապում Հայաստանի հետ»:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի վստահեցմամբ՝ սպառողների համար տեսանելի ապագայում գազի սակագինը չի բարձրանա, այն կմնա նույնը՝ ի հաշիվ «Գազպրոմ Արմենիա» ընկերության ծախսերի կրճատման:

Վահագն Խաչատրյանին անհանգստացում է այն հարցը, որ եթե սպառողների համար սակագինը չի բարձրանում, ապա ի՞նչ կարգավորումներով է այն լրացվելու․ - «Ի վերջո ո՞վ է վճարելու էդ տարբերությունը: Տեղեր կան, որ «Գազպրոմ Արմենիան» ոչ էֆեկտիվ տնտեսավարող սուբյեկտ է․ ունի ահռելի ավելորդ ծախսեր, որոնք կարող է չանել, բայց սպասարկումն ապահովել: Այստեղ պետք է իր տեսակետը հայտնի Հանրային ծառայությունների հանձնաժողովը Հայաստանի Հանրապետության»:

2013-ի գազային համաձայնագրով, «ՀայՌուսգազարդ» ընկերությունում Հայաստանի վերջին 20 տոկոս մասնաբաժինը փոխանցվեց ռուսաստանյան կողմին՝ 2011 թվականից կուտակած 300 միլիոն դոլար պարտքի դիմաց: