Մատչելիության հղումներ

Պուտինի հետ հանդիպմանը Ղարաբաղի հարցը չի քննարկվել, ՀԱՊԿ-ի վերաբերյալ եղել է կարճ քննարկում, գազի գնի հետ կապված որոշում չկա․ Փաշինյան


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հինգշաբթի օրը Կրեմլում կայացած հանդիպման ժամանակ քննարկվել է «ընդհանուր առմամբ մեր երկկողմ հարաբերություններին ու բազմակողմ հարաբերություններին վերաբերող հարցերի շատ լայն շրջանակ», փոխանցեց Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Մոսկվայից վերադառնալուց հետո ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակման ժամանակ:

«Հիմնականում այսօրվա խոսակցությունը վերաբերում էր մեր հարաբերությունների հետագա զարգացման ռազմավարությանը, և հիմնականում հենց այդ ռազմավարության շուրջ եղավ մեր քննարկումները, և կարող եմ արձանագրել, որ, ըստ էության, այդտեղ մենք ունենք լիակատար ըմբռնում, թե ռազմավարական ինչպիսի ուղղություն պետք է ունենա մեր երկու երկրների հարաբերությունների զարգացումը», - ասաց Փաշինյանը՝ հավելելով․ - «Բայց, մեծ հաշվով, այս քննարկումը մինչև այժմ եղած քննարկումների ամփոփումն էր մի տեսակ, որովհետև այս ութ ամիսների ընթացքում այդ թեմային և՛ հրապարակային, և՛ աշխատանքային կարգով բազմիցս անդրադարձել ենք, և ըստ էության ամփոփեցինք նախ ութ ամսվա արդյունքները և նաև խոսեցինք, թե ինչպիսի և ինչ ֆորմատներով պետք է տեղի ունենա երկու երկրների կառավարությունների կամ իշխանությունների, իշխանության մարմինների համագործակցությունը և ինչ ուղղություններ պետք է ունենա»:

Հանդիպման մթնոլորտը, ըստ Հայաստանի կառավարության ղեկավարի, շատ դրական էր:

«Այս հանդիպման ընթացքում Ղարաբաղի հարցի կարգավորման վերաբերյալ որևէ քննարկում չենք ունեցել», - ասաց Նիկոլ Փաշինյանը: - «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ունեցել ենք կարճ քննարկում, և մեր դիրքորոշումը այն է, որ էստեղ մեզ հարկավոր են ինստիտուցիոնալ լուծումներ, որպեսզի Հավաքական անվտանգության պայմանագրի կանոնադրության մեջ տեղի ունենան այնպիսի ուղղումներ, որոնք այս իրավիճակը, որ, ըստ էության, չի նախատեսում, հետագայի համար նախատեսեն կոնկրետ իրավիճակներ, որպեսզի այսպիսի բանավեճեր, որոնք չկանոնակարգվածության կապակցությամբ տեղի չունենան, և ինչպես ես նախկինում ասել եմ՝ խոսակցություն է գնացել նաև կարճ, ըստ էության, կազմակերպության դաշնակցային էության և բովանդակության վերաբերյալ»:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը թափուր է նոյեմբերի 2-ից: Մինչ այդ այն զբաղեցնում էր Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը, որին Երևանը վաղաժամ հետ կանչեց «Մարտի 1»-ի գործով մեղադրանք առաջադրելուց հետո: Հայաստանը պնդում է, որ Խաչատուրովին ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնից հետ կանչելուց հետո այդ պաշտոնը պետք է զբաղեցնի իր մեկ այլ ներկայացուցիչ, քանի որ ռոտացիոն սկզբունքով Հայաստանը ՀԱՊԿ-ը նախագահելու է մինչև 2020 թվականը: Բելառուսը, մինչդեռ, պնդում է, որ նույն ռոտացիոն սկզբունքով այդ պաշտոնում արդեն իսկ պետք է նշանակվի իր ներկայացուցիչը:

Ակնկալվում էր, որ Պուտին-Փաշինյան բանակցությունների ժամանակ քննարկվելու է նաև գազի գնի հարցը: Այս կապակցությամբ Հայաստանի վարչապետի պաշտոնակատարը փոխանցեց․ - «Գազի թեմայի հետ կապված որոշում չկա, և գազի վերաբերյալ քննարկումները կշարունակվեն աշխատանքային կարգով: Իհարկե, արձանագրվեց, որ երկկողմ հարաբերությունների համար դա չափազանց զգայուն թեմա է, և այդ զգայունությունը գիտակցում են թե՛ Հայաստանի Հանրապետության կառավարությունում, թե՛ Ռուսաստանի Դաշնությունում: Բայց ընդհանուր առմամբ՝ ես լավատես եմ տրամադրված նաև այս թեմայի շուրջ և հույս ունեմ, որ այստեղ նույնպես մեզ համար ցանկալի զարգացումներ կլինեն կամ առնվազն անցանկալի զարգացումներ չեն լինի»:

Այլ թեմաներ նույնպես քննարկվել են, բայց դրանց էությունը, ըստ Փաշինյանի, եղել է հենց հայ-ռուսական հարաբերությունների ռազմավարությունը և բովանդակությունը:

«Ինձ համար ամենակարևորը վերջին ութ ամիսներին Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ մեր շփումների իմաստով այն է, որ ես համոզված եմ, և դա իրողություն է, որ ամեն այսպիսի հանդիպումից հետո մեր երկրների հարաբերությունները հարստանում են նոր բովանդակությամբ, կամ ավելի ճիշտ՝ այն գոյություն ունեցող բովանդակությունը, դե ֆակտո գոյություն ունեցող բովանդակությունը կոնկրետ ձևակերպում է ստանում, և, ըստ էության, այդ բովանդակության վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ հաջողվել է հասնել ընդհանուր ըմբռնման: Եվ ամեն անգամ մենք արձանագրում ենք, որ իսկապես մեր հարաբերությունները այնքան բազմաշերտ են, այնքան ընդգրկուն են, որ երբեք ու երբեք մեր հանդիպումները և շփումները չեն հերիքում այդ բոլոր հարցերի ամբողջ շրջանակը բոլոր մանրամասներով քննարկել», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

XS
SM
MD
LG