Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր Կրեմլում քննարկում են էներգետիկայի խնդիրը, որը լուրջ լարվածություն է առաջացրել երկու երկրների հարաբերություններում:
Դեկտեմբերի 25-ի բանակցություններն ապարդյուն են ավարտվել, և կողմերը որոշել են մինչև տարեվերջ ևս մեկ անգամ հանդիպել:
Ավելի վաղ Ռուսաստանը հաղորդել է, որ փոխում է հարկային կանոնները: Դրա հետևանքով Բելառուսը ստիպված կլինի շատ ավելի մեծ գումար վճարել Ռուսաստանից ներմուծվող գազի և նավթի համար:
Բելառուսը քննադատել է ռուսների որոշումը, թեպետ մնացած երկրների համեմատությամբ էապես ավելի քիչ է վճարում ռուսական էներգակիրների համար:
«Ես կեսկատակ ասել եմ, թե մենք երևի արդեն հոգնել ենք միմյանցից, բայց սա մեր աշխատանքն է, կան հարցեր, որոնք լուծում են պահանջում», - այսօր բանակցություններից առաջ ասել է Լուկաշենկոն:
Բելառուսի համար կարևոր նշանակություն ունեն ռուսական էներգակիրները, քանի որ դրանց փոխադրումն ու վաճառքը եվրոպական շուկաներում Մինսկին լուրջ եկամուտ է բերում:
Վերլուծաբանները նշում են, որ Ռուսաստանը ճնշում է բանեցնում Բելառուսի վրա՝ պահանջելով նոր թափ հաղորդել 1999 թվականի ռուս-բելառուսական միացյալ պետության պայմանագրով նախատեսված ինտեգրման գործընթացին:
Ըստ վերլուծաբանների, Մինսկում դա գնահատում են որպես սպառնալիք անկախությանը և ինքնիշխանությանը:
Կրեմլն այսօր հայտարարել է, թե «Բելառուսը Ռուսաստանի կողմից կլանելու մասին մեկնաբանությունները բացարձակ անհիմն են»:
«Իհարկե, խոսք չկա ինչ-որ միացման մասին, սա ավելի շատ միմյանց հանդեպ շարժվելու ձգտում է, սա չի նշանակում շարժում միայն մեկ ուղղությամբ», - այսօր ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: