Մատչելիության հղումներ

Գազի գնի շուրջ բանակցությունները շարունակվում են


«Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլլեր, արխիվ
«Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլլեր, արխիվ

Գազի գնի շուրջ բանակցությունները Հայաստանի և Ռուսաստանի միջև շարունակվում են: Այս մասին «Ազատությանը» փոխանցեց Հայաստանի փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի օգնական Անի Բաբայանը:

Ռուսաստանյան «Գազպրոմ»-ը երեկ հաղորդել էր, որ ընկերության կառավարման խորհրդի նախագահ Ալեքսեյ Միլլերը և Հայաստանի փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը Սանկտ Պետերբուրգում քննարկում են Հայաստանին 2019 թվականին մատակարարվելիք գազի խնդիրը:

Նույն օրը Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև գազի մատակարարման շուրջ բանակցությունները կակտիվանան՝ ընդգծելով, որ ժամկետները շատ սեղմ են:

Գազի գործող գինը սահմանված է 2013-ին ստորագրված պայմանագրով: Մինչև սահման 1000 խորանարդ մետրի դիմաց 150 դոլարով գազը, ըստ պայմանագրի, Հայաստան կարող է հասնել մինչև այս տարեվերջ: Հայ-ռուսական պայմանագրի ժամկետն ավարտվում է դեկտեմբերի 31-ին։

Հայաստանի փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի խոսնակ Վահան Հունանյանն էլ «Ազատությանը» ասել է, որ քանի դեռ բանակցությունները շարունակվում են, ուժի մեջ կլինի գազի գործող սակագինը:

Ավելի վաղ Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքում անդրադարձել էր իր մոսկովյան այցին և փաստել, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններում գազի գնի հարցով վերջնական համաձայնություն ձեռք չի բերվել: Փաշինյանը հույս է հայտնել, որ տվյալ հարցով հայկական կողմի համար «ցանկալի զարգացումներ կլինեն կամ առնվազն անցանկալի զարգացումներ չեն լինի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG