Սպառողների համար գազի սակագինը չի բարձրանա ու կմնա նույնը ի հաշիվ «Գազպրոմ Արմենիայի» ծախսերի կրճատման, «Ազատության» հետ զրույցում այսօր պարզաբանեց վարչապետի պաշտոնակատարի խոսնակ Արման Եղոյանը։
Գործադիրի ղեկավարի խոսնակը վտահեցրեց՝ հայաստանցի սպառողն ու երկրի բյուջեն չեն տուժի, թեև ռուսական «Գազպրոմը» հունվարի 1֊ից կապույտ վառելիքը թանկացրեց 15 դոլարով՝ սահմանին գինը 1000 խմ համար 150 դոլարից դարձնելով 165 դոլար։
«Սահմանի վրայի այդ 15 դոլարի տարբերությունը հատուցվելու է շնորհիվ «Հայռուսգազարդի» գործունեության արդյունավետության բարձրացման և ծախսերի կրճատման։ Որևէ սուբսիդավորման հարց չի քննարկվել և չի քննարկվում և դրա մասին ընդհանրապետ խոսք չկա», ֊ հայտարարեց Եղոյանը:
Մի քանի ամիս տևած բանակցությունները հանգուցալուծվեցին երեկ․ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակման միջոցով քաղաքացիներին տեղեկացրեց բարձրացման մասին ու նաև վստահեցրեց՝ սպառողների համար գազի սակագինը չի փոխվի։ Ըստ նրա՝ դա տեղի է ունենալու ներքին որոշակի կարգավորումների շնորհիվ։
Այսօր վարչապետ պաշտոնակատարի խոսնակից նաև հետաքրքվեցինք՝ արդյոք այս հարցում արդեն համաձայնությունը տվել է ռուսական մատակարարը։ ֊ «Դա կա, այո», ֊ հավաստիացրեց վարչապետի պաշտոնակատարի խոսնակը։ ֊ «Համենայնդեպս, այլ հարց չի քննարկվում»։
Երեկ հայտարարություն էր տարածել նաև «Գազպրոմ»֊ն ու նշել, որ Հայաստանին մատակարարվող գազի սակագների շուրջ այժմ բանակցությունները շարունակվում են։
Նկատենք, որ հստակ չէ նաև այն, թե որքան ժամանակ հայաստանցիները կշարունակեն գործող գնով սպառել կապույտ վառելիքը։ Ըստ վարչապետի պաշտոնակատարի՝ հարցը լուծվել է առնվազն տեսանելի ապագայի համար։
«Ազատությունը» Փաշինյանի խոսնակից հետաքրքրվեց՝ ինչ ժամկետի մասին է խոսքը։ ֊ «Համենայնդեպս 2019 թվականը միանշանակորեն այդ տեսանելի ապագայի մեջ է», ֊ արձագանքեց Արման Եղոյանը։