Մատչելիության հղումներ

«Հայաստանյան սպառողների համար գազի գնի փոփոխություն տեղի չի ունենալու». Փաշինյան


Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակման միջոցով այսօր տեղեկացրել է, որ Ռուսաստանը պատրաստվում է բարձրացնել Հայաստանին մատակարարվող գազի գինը, սակայն հավաստիացրել է, որ սպառողների համար գազի սակագինը կմնա անփոփոխ։

«Երեկ ես երկու անգամ հեռախոսազրույց եմ ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այդ հեռախոսազրույցների թեման եղել է Հայաստանին մատակարարվող գազի գինը, և կարող ենք ասել, որ եկել ենք լուծման առնվազն տեսանելի ապագայի համար», ֊ մանրամասնել է վարչապետի պաշտոնակատարը։

Փաշինյանի խոսքով, ռուսական «Գազպրոմ» ընկերությունը բարձրացնելու է «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը մատակարարվող գազի գինը, բայց «մեր ներքին որոշակի կարգավորումների շնորհիվ հայաստանյան սպառողների համար գազի գնի փոփոխություն տեղի չի ունենալու»։ Ի դեպ՝ «Գազպրոմ Արմենիան», որը Հայաստանում գազի մատակարարման մենաշնորհ ունի, նույնպես պատկանում է ռուսաստանյան «Գազպրոմ» ընկերությանը։

Վարչապետի պաշտոնակատարը հավաստիացրել է, որ ձեռք բերված պայմանավորվածության հետևանքով հայկական կողմը պարտքեր չի կուտակելու և հարկադրված չի լինելու ինչ֊ինչ ակտիվներ փոխանցել ռուսաստանյան կողմին, ինչպես եղել է նախկինում։

Գազի գործող գինը սահմանված է 2013-ին ստորագրված պայմանագրով: Մինչև սահման 1000 խորանարդ մետրի դիմաց 150 դոլարով գազը, ըստ պայմանագրի, Հայաստան կարող է հասնել մինչև այս տարեվերջ: Հայ-ռուսական պայմանագրի ժամկետն ավարտվում է դեկտեմբերի 31-ին։

Ավելի վաղ Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքում անդրադարձել էր իր մոսկովյան այցին և փաստել, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններում գազի գնի հարցով վերջնական համաձայնություն ձեռք չի բերվել: Փաշինյանը հույս է հայտնել, որ տվյալ հարցով հայկական կողմի համար «ցանկալի զարգացումներ կլինեն կամ առնվազն անցանկալի զարգացումներ չեն լինի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG