Հայաստանյան վերլուծաբանների կարծիքով, Հայաստանի նոր իշխանություններին ամերիկյան սպառազինություն ձեռք բերելու առաջարկ անելով՝ ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը անվտանգության, ռազմա-քաղաքական ոլորտում նոր որակի հարաբերություններ սկսկելու առաջարկ է արել պաշտոնական Երևանին:
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի խոսքով, Վաշինգտոնի բարձրաստիճան ներկայացուցչի հնչեցրած առաջարկը հնարավորություն է բացում Երևանի համար՝ արտաքին քաղաքականության և անվտանգության ոլորտներում վարելու ավելի ինքնիշխան գիծ:
«Զենքի առաջարկը անվտանգության ուղղակի առաջարկ է, և բանը կհասնի զենքի վաճառքի, թե ոչ՝ սա նույնիսկ էական էլ չէ: Էական է հնչեցված առաջարկը, և դա արվում է նոր Հայաստանին, այսինքն՝ հաշվի առնելով, որ նոր Հայաստանը էս հարցում իսկապես շատ ավելի ամուր կարող է լինել: Առաջարկն ունի, իհարկե, կարող է ունենալ մի շարք նպատակներ: Այստեղ խնդիրը այն է, թե բուն զենքի վաճառքին խնդիրը կհասնի, թե ոչ: Միացյալ Նահանգները գուցե սրանով պարզապես շոշափում է իրավիճակը՝ հասկանալու համար հենց Հայաստանի նոր իշխանության՝ իրապես ինքիշխան և անկախ քաղաքականություն վարելու հնարավորությունը», - «Ազատության» հետ զրույցում ասաց Բադալյանը:
«Ինչպես ասացի [Հայաստանի] վարչապետին՝ եթե խնդիրն այն է, որ ընտրություն պետք է կատարես ռուսական և ամերիկյան ռազմական տեխնիկա գնելու միջև, մենք կնախընտրեինք վերջին տարբերակը։ Մենք կարծում ենք, որ մեր տեխնիկան ամեն դեպքում ավելի լավն է, քան ռուսականը: Այնպես որ, ուզում ենք դիտարկել այդ հնարավորությունը: Կարծում եմ, որ այն ավելացնում է Հայաստանի հնարավորությունները, երբ այն ամբողջովին կախված չէ մեկ գերտերությունից», - «Ազատությանը» երեկ Երևանում տված հարցազրույցում ասել էր Ջոն Բոլթոնը՝ հավելելով, որ Միացյալ Նահանգները «Հարավային Կովկասը ռազմավարական առումով շատ կարևոր տարածաշրջան է համարում» և «Հայաստանի հետ հարաբերությունների բարելավելը շատ բարձր առաջնահերթություն է [Թրամփի] վարչակազմի համար»։
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանի կարծիքով, Բոլթոնի խոսքերը վկայում են, որ ԱՄՆ֊ն մտադիր է լրջորեն վերանայել Հարավային Կովկասում իր քաղաքականությունը․ - «Բոլթոնը ոչ միայն այդ հայտարարությամբ, այլ նաև մյուս հայտարարությունների առումով չափազանց հստակ հասկացրեց, որ Հայաստանի հետ հարաբերությունները բարձր առաջնահերթություն են: Ի դեպ, նա նույն գնահատականը տվեց նաև Ադրբեջանին: Նա հայտարարել է, որ այս ռեգիոնի երկու պետությունները, որոնց հետ իրենց հարաբերությունները բարձր առաջնահերթություն են, ունի ռազմավարական նշանակություն Միացյալ Նահանգների համար: Բնականաբար, նման գնահատականները ակնհայտորեն խոսում են Միացյալ Նահանգների ցանկության մասին՝ վերակառուցել իրենց հարաբերությունները և՛ Բաքվի, և՛ Երևանի հետ»:
Սաֆարյանը համոզված է, որ հայտարարելով Հարավային Կովկասում նման քաղաքականության մեկնարկի մասին՝ Վաշինգտոնում նպատակ են դրել նվազեցնել Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանում և Ադրբեջանում, որն առկա է ղարաբաղյան հակամարտության պատճառով․ - «Կարծում եմ, Վաշինգտոնի համար նման առաջարկով հանդես գալը թեստ է, կլինի դա զենքի ձեռքբերում, որի կարիքը Հայաստանը ունեցել է, ունի և կունենա․․․ Եվ ընդհանուր առմամբ, նաև առևտրատնտեսային հարաբերությունների զարգացման առումով թերևս այս ամբողջը նաև Հայաստանի Հանրապետության կառավարության համար մի քննություն է: Եվ դրանից Միացյալ Նահանգները, ոչ միայն Նահանգները, այլև Հայաստանի այլ արտաքին գործընկերները կհասկանան, թե որքանով են անկեղծ Հայաստանի խոստումները և ցանկությունները՝ կառուցելի ինքնիշխան քաղաքականություն»:
Հակոբ Բադալյանի ներկայացմամբ՝ Բոլթոնի հայտարարությունը մտորելու պատճառ է նաև Կրեմլի համար, ուր ավանդաբար հակված են այն մտքին, թե անվտանգության ոլորտում Մոսկվան Երևանի անփոխարինելի գործընկերն է․ - «Նման հայտարարությունները, որ հնչում են, նաև Բոլթոնի այս առաջարկը Հայաստանի համար շատ օգտակար են մի կարևոր և առարկայական ուղղությումբ, որը Հայաստանի պետականության համար առանցքային խնդիր է: Դա Ռուսաստանի հետ հարաբերության որակի փոփոխությունն է, և վերադաս-ստորադաս բնույթից միջպետական բնույթի անցնելը: Եվ նման քաղաքական մեսիջները, որ գալիս են Արևմուտքից և հիմա, մասնավորապես, Միացյալ Նահանգներից, դա Հայաստանին հնարավորություն կտա ավելի ուժեղ լինել, ավելի ամուր լինել Ռուսաստանի ուղղությամբ այդ հարաբերության որակական վերափոխմանը, որը իր հերթին կնպաստի, որպեսզի Հայաստանը ավելի ինքնիշխան և անկախ հարաբերություն վարի արևտյան երկրների՝ այդ թվում Միացյալ Նահանգների հետ»: