Միացյալ Նահանգները, Թրամփի վարչակազմը Հայաստանի հետ հարաբերությունները որպես բարձր առաջնահերթություն են դիտարկում, այսօր հրավիրած մամլո ասուլիսում հայտարարել է ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը:
Բոլթոնը Հայաստանում է տարածաշրջանային այցի շրջանակներում, առավոտյան նրան դիմավորել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ապա Բոլթոնը հանդիպել է պաշտպանության ու արտաքին գործերի նախարարների և Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ: Վարչապետի պաշտոնակատարի հետ մոտ մեկուկես ժամ տևած հանդիպումից հետո մամլո ասուլիսում Բոլթոնն ասել է, որ Փաշինյանի հետ հարցերի շատ լայն շրջանակ են քննարկել:
«Վարչապետի հետ զրույցում շեշտել եմ, որ Միացյալ Նահանգների համար հայ-ամերիկյան հարաբերությունները բարձր առաջնահերթություն ունեն․ սա մի տարածաշրջան է, որ ռազմավարական կարևորություն ունի Միացյալ Նահանգների համար: Մենք պատրաստակամ ենք օժանդակել ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում՝ շարունակելով Մինսկի խմբում մեր համանախագահությունը: Հակամարտության հանգուցալուծումից ակնհայտորեն կշահեն ոչ միայն Հայաստանն ու Ադրբեջանը․ կարծում ենք, որ դա բխում է նաև ամերիկայի Միացյալ Նահանգների շահերից», - ասել է Բոլթոնը՝ հավելելով, որ վարչապետի պաշտոնակատարի հետ խոսել են նաև Ռուսաստանում իր հանդիպումների և բանակցությունների, Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների և Հայաստանի վրա դրանց հնարավոր ազդեցության մասին, քննարկել են ընդհանուր զարգացումները տարածաշրջանում՝ այդ թվում Իրաքի և Սիրիայի հակամարտությունները, ԱՄՆ - Հայաստան տնտեսական հարաբերությունների զարգացման հնարավորությունները, ուղղակի ներդրումների խթանման հարցը: Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության ղեկավար Հրայր Թամրազյանի հարցին՝ Բոլթոնը նաև նշել է, որ Փաշինյանի հետ խոսել են նաև դեկտեմբերին սպասվող ընտրություններից։
«Հանդիպման ընթացքում անդրադարձել ենք նաև սպասվող ընտրություններին: Հավանաբար որոշ գործընթացներ կառկախվեն մինչև ընտրությունների ավարտը: Բայց հանրային կարծիքի հարցումները ցույց են տալիս, թե ինչ հեռանկարներ կան: Եթե կանխատեսումներն իրականանան վարչապետը շատ ուժեղ մանդատ կստանա և այնպիսի դիրքերում կլինի, որ կկարողանա մի շարք վճռական քայլեր կատարել: Ես հարցրեցի՝ որն է իր հաջողության գաղտնիքը, բայց նա ինձ չասաց, գուցե ընտրություններից հետո կասի», - կատակով հավելեց Ջոն Բոլթոնը:
Ըստ ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդականի դեկտեմբերի ընտրություններից հետո ընկած ժամանակահատվածը շատ հարմար է նաև ղարաբաղյան հակամարտության բանակցությունների հարցում որոշակի առաջընթացի համար․ - «Փաստ է, որ եթե կանխատեսումները իրականան, Փաշինյանը ուժեղ մանդատ կունենա, և դա ամենալավ ժամանակն է շատ ոլորտներում վճռական քայլերի: Հաշվի առնելով, թե ինչ տպավորություն ստացա այսօր իմ հանդիպումներից այդ թվում և վերլուծաբանների հետ, Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը առաջնահերթ հարց է Հայաստանի քաղաքական օրակարգում, և վճռական քայլեր ձեռնարկելու համար ամենալավ ժամանակահատվածը դեկտեմբերի ընտրություններից անմիջապես հետո է։ Եթե հեշտ լուծում լիներ, այն հավանաբար արդեն վաղուց գտնված կլիներ: Ես իմ այս այցով չեմ եկել ազդարարելու փոփոխություն ամերիկյան քաղաքականության մեջ կամ նոր լուծումներ առաջարկելու: Ի վերջո կողմերը պետք է իրար հետ լուծումներ գտնեն: Հայաստանի տեսակետից արտաքին ճնշումները երկրի նկատմամբ նվազեցնելու համար Լեռնային Ղարաբաղի հակամարտության հանգուցալուծումն է»: