Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանը կարևոր է համարում, որ Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները և այս բանակցությունների կամ հանդիպումների ընկալումը «չի նայվում որպես այլ երկրին ուղղված հարաբերություններ»։
Իգիթյանի խոսքով՝ բոլորը հասկանում են, որ Հայաստանը և ԱՄՆ-ը ունեն մի նպատակ՝ խորացնել հարաբերությունները, իսկ այդ հարաբերություններն, ըստ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահի, մեծ առաջընթաց և պոտենցիալ ունեն։
«Կա մի կարևոր հանգամանք, ինչի մասին պարոն Ջոն Բոլթոնը մի քանի անգամ նշել է, որ այսօր Հայաստանի հետ հարաբերությունները գտնվում են ԱՄՆ-ի օրակարգի մեջ որպես կարևոր հարց։ Ես կնշեի նաև այդպիսի մի կարևոր հանգամանք, որ բացի նրանից, որ լավ հող է ստեղծվում Հայաստան-ԱՄՆ երկկողմանի հարաբերությունների զարգացման համար, բայց ևս կարևոր մի հանգամանք, որ այս հարաբերությունները և այս բանակցությունների կամ հանդիպումների ընկալումը չի նայվում որպես այլ երկրին ուղղված հարաբերություններ, որը որ բազմիցս եղել է նախկինում։ Տեսնելով շահագրգռված կողմերի արձագանքը դրսից՝ մենք տեսնում ենք, որ բոլորը հասկանում են, որ Հայաստանը և ԱՄՆ-ը ունեն մի նպատակ՝ խորացնել հարաբերությունները, և այդ հարաբերությունները մեծ առաջընթաց և պոտենցիալ ունեն», - «Ազատության» հետ զրույցում ասաց Իգիթյանը։
Հարցին, թե արդյո՞ք սա կնպաստի, որպեսզի ԱՄՆ-ն օգնի Հայաստանի նոր կառավարությանը՝ հզորացնել ժողովրդավարական հաստատությունները, ինչու ոչ՝ նաև ամերիկյան ներդրումներ կատարվեն, Իգիթյանը պատասխանեց. - «Նախ ԱՄՆ-ի դերակատարությունը կամ ավանդը Հայաստանին ժողովրդավարացման զարգացման հարցում ակնհայտ է, և տարբեր ծրագրեր գործել են և շարունակում են գործել Հայաստանում, և հարաբերությունները մեր քաղաքացիական հասարակության՝ ԱՄՆ-ի կազմակերպությունների հետ, բազմաթիվ միջոցառումներն ուղղված էին ժողովրդավարության զարգացմանը։ Ինչ վերաբերում է ներդրումներին, ապա այստեղ, իհարկե, հայկական կողմը պետք է ավարտի այն բարեփոխումները հայտարարված՝ կոռուպցիայի դեմ պայքար, ներդրումային ֆոնի ստեղծման և համապատասխան հարկային դաշտի ստեղծման համար, և այս դեպքում, ինչու չէ, համոզված եմ, որ ԱՄՆ-ից ներդրումները կլինեն, ընդ որում պետք է հիշենք, որ բազմիցս եղել են արդեն այդպիսի հայտարարություններ, նույնիսկ նախկին դեսպանի մակարդակով՝ մեր էներգետիկայի ոլորտը, IT ոլորտի հետ կապված, հիմա ուղղակի ինձ թվում է, որ այստեղ աշխատանք է պետք անել և այդ ուղղությամբ գնալ», - ասաց Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահը։
Միևնույն ժամանակ, Իգիթյանը նշեց՝ պետք է հաշվի առնել, որ ներդրումները միշտ չէ, որ ուղղորդվում են պետությունների ցանկություններով կամ հայտարարություններով։
«Ի վերջո պետք է հասկանալ, որ կան առևտրային, կոմերցիոն բիզնես կազմակերպություններ, որոնք պետք է նաև ակնկալել իրենց շահը, իրենց համար նպաստավոր հարաբերությունները և շուկաները, որոնք կարող են բացվել՝ հաշվի առնելով Հայաստանի կապերը տարբեր շուկաների հետ», - ասաց Իգիթյանը։
ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հոկտեմբերի 24-ին ժամանեց Հայաստան։ Նա հայտարարեց, որ ԱՄՆ-ը, Թրամփի վարչակազմը Հայաստանի հետ հարաբերությունները որպես բարձր առաջնահերթություն են դիտարկում։
Բոլթոնը Երևան էր ժամանել Բաքվից։