Խոսրովի անտառի հրդեհի փաստով հարուցված քրեական գործը կարճվել է

Հայաստանի քննչական կոմիտեն հայտնում է, որ կարճվել է Խոսրովի անտառի հրդեհի փաստով հարուցված քրեական գործը։

Շուրջ 5 ամիս ձգված նախաքննության արդյունքում ձեռք բերված ապացույցների հիման վրա վարույթն իրականացնող մարմինը եզրահանգել է՝ օգոստոսի 12-ին Խոսրովի արգելոցի «Զիմնի» կոչվող տարածքում սկսված հրդեհը ամենայն հավանականությամբ առաջացել է չոր խոտի ինքնաբռնկումից, որի պատճառն էլ դարձել է օդի բարձր ջերմաստիճանն ու տեղումների բացակայությունը։

Ինչպես «Ազատությանը» փոխանցեց կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը, նախնական քննությամբ հրդեհի առաջացման պատճառների մեջ մարդկային գործոնը վկայող ապացույցներ ձեռք չեն բերվել։

Մինչդեռ, հիշեցնենք, ավելի վաղ, երբ հրդեհի վերքը դեռ թարմ էր, իսկ պատասխանատուները զբաղված էին վարկածներ քննարկելով, բոլորը չէին բացառում դրանում մարդկային գործոնի առկայությունը։ Բնապահպանության նախարարը ոչ մեկ անգամ էր շեշտել, որ հրդեհը կարող էր լինել չարամտության կամ անզգուշության հետևանք, բայց ո՛չ բնական երևույթի արդյունք։

Այսօր արդեն «Ազատության» հետ զրույցում Արծվիկ Մինասյանը նշեց, որ իրավապահ մարմինների տված գնահատականը կասկածի տակ չի դնում․ - «Ես համոզված եմ մեր իրավապահ մարմինների պրոֆեսիոնալ գործողության վրա: Հետևաբար իմ իրավասություններից դուրս է իրավապահ մարմինների նման գործողությունը քննարկման առարկա դարձնելը»:

Հիշեցնենք՝ հրդեհը մարվելուց մեկ օր անց Բնապահպանության նախարարությունը հաղորդել էր, որ արգելոցում այրվել է 16 կմ պարագծով բուսածածկ տարածք, որից 360 հեկտարը՝ անտառ: Նախարար Արծվիկ Մինասյանը դեռ այն ժամանակ նշել էր, որ հայկական կողմի խնդրանքով Միացյալ Նահանգները տրամադրել է արբանյակից օգոստոսի 13-ին արված լուսանկարը, որը իրենք փոխանցել են քննչական մարմին:

Ըստ Քննչական կոմիտեի հաղորդագրության, արբանյակից ստացված տվյալների ուսումնասիրությամբ ու տեղանքի զննությամբ բացառվել է այն վարկածը, որ հրդեհը կարող էր բռնկված լինել խոտհնձիչի պատճառով։

Կոմիտեից հայտնում են՝ խոտհնձիչները և անտառտնտեսության աշխատակիցները գտնվել են հրդեհի առաջին օջախից բավականին մեծ հեռավորության վրա:

«Ազատության» հարցին՝ եթե հրդեհը եղել է բնածին, ապա կարելի՞ է ենթադրել, որ տեղանքում համապատասխան աշխատակիցների հերթապահության արդյունքում հնարավոր կլիներ այն ժամանակին մարել, նախարար Մինասյանն արձագանքեց․ - «Հավելյալ աշխատակիցներ՝ նշանակում է հսկայական միջոցներ: Դրա ֆինանսական հնարավորությունը մենք էսօր չունենք: Ի վերջո, մենք պետք է մեր սահմանափակ ռեսուրսների պայմաններում այսօր փորձենք առավելագույնը անել»:

Մինչդեռ բնապահպան Հակոբ Սանասարյանին չի վստահում Քննչական կոմիտեի ներկայացրած տվյալներին։ Նա արժանահավատ չի համարում ինքնաբռնկման վարկածը:

«Կանաչների միության» նախագահն կասկածներ ունի, որ քրեական գործը կարճվել է միայն այն պատճառով, որ եկել ու բախվել է իշխանության ներկայացուցիչներից ինչ-որ մեկի շահերին․ - «Էնտեղ սկզբից շատ օբյեկտիվ էին խոսում և՛ պաշտոնյաները, և՛ աշխատակիցները, քանի որ շոկային վիճակ էր: Անգամ ասում էին, որ, տեսեք, ամերիկյան արբանյակները նկարել են, որ միանգամից երեք բռնկում կա, և անպայման մարդածին ա․․․ և անպայման մենք էդ գործը կհասցնենք մինչև վերջ: Հավանաբար գործերը տարան դեպի իշխող կուսակցության որևէ գործչի, և փակեցին»:

Բնապահպանը ցավով փաստում է, որ խոսրովի արգելոցի հրդեհը դաս չի դարձել պատասխանատուների համար։ Ըստ նրա, եթե Արտակարգ իրավիճակների նախարարությունը կամ Բնապահպանության նախարությունը ունենային գոնե մեկ ջրցան ուղղաթիռ, որը կարող էր արագ արձագանքել ու ցածր բարձրության վրա մարել կրակի օջախները, ապա այս մաշտաբի կորուստ արգելոցային գոտում չէր լինի․ - «Խոսրովի արգելոցի հրդեհը ցույց տվեց, որ մեզ մոտ հրդեհաշիջման խնդիրը սխալ է կառավարվում, ոչ-պրոֆեսիոնալ: Եվ դրա հետ մեկտեղ, մենք չունենք տեխնիկական միջոցներ»:

Արծվիկ Մինասյանը «Ազատությանը» տեղեկացրեց, որ Բնապահպանության նախարարությունն այժմ մշակում է «Խոսրովի անտառ» արգելոցի նոր կառավարման պլան։ Ըստ նրա, այն նախատեսելու է հակահրդեհային միջոցառումների իրականացնում, տեխնիկական հագեցվածություն, նաև տեղում ջրերի հավաքման համակարգերի ստեղծում։

Նախարարը նաև տեղեկացրեց, որ ամռանն ընդառաջ արդեն սկսել են աշխատանքները հահահրդեհային ծրագրերի մշակման ուղղությամբ: Դրանից մեկը միջազգային դրամաշնորհների միջոցով ամենագնացների ձեռքբերումն է․ - «Նախնական համաձայնության շրջանակներում մենք ունենք արդեն, որ պետք է արագընթաց մեքենաներ, հակահրդեհային կանխարգելիչ միջոցներ ձեռք բերենք։ Հիմա խնդրել ենք իրենց, որ դա իրականացվի շատ ավելի վաղ, քան նախատեսված էր ծրագրով: Հիմա սպասում ենք իրենց արձագանքին»:

Ինչ վերաբերում է արգելոցի տարածքում վնասի չափի իրական գնահատմանը, ապա, Մինասյանի խոսքով, դա հնարավոր կլինի հասկանա միայն գարնանից հետո։