Նախարարը, այդուհանդերձ, դժվարացավ պատասխանել հարցին, թե ով կարող էր միտումնավոր հրդեհել անտառը․ - «Կարող է դա մարդկային գործոն լինի, կարող է դա տեխնածին գործոն լինի, բայց այն, որ բնական երևույթի պատճառ չի դա, այսինքն այդ օրերին չի եղել կայծակ, այդ օրերին չի եղել ամպրոպ, սա փաստ է: Էստեղ շատ հնարավոր է, որ որոշակի չարամտության դրսևորում լինի կամ անզգուշության: Ես չեմ բացառում նույնիսկ անզգուշությունը: Բայց այդ ամենը քննության ընթացքում պետք է բացահայտվի», - ասաց նախարարը:
Արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանի կարծիքով՝ Խոսրովի անտառում հրդեհը բռնկվել է «մարդկային անփութության հետևանքով, շարունակվել՝ անգրագիտության, հրդեհաշիջման ոչ ճիշտ մարտավարության ընտրելու պատճառով»:
«Քննադատում եմ որոշակիորեն և՛ իմ ծառայությունները, և՛ ընդհանուր, համադրված, համակարգված աշխատանքը, բայց որը բարելավվեց շատ կարճ ժամանակահատվածում», - մեկնաբանեց նախարարը:
Խոսրովի անտառում հրդեհը բռնկվել էր օգոստոսի 12-ին: Հրդեհը մարվելուց մեկ օր անց Բնապահպանության նախարարությունը հաղորդել էր, որ արգելոցում այրվել է 16 կմ պարագծով բուսածածկ տարածք, որից 360 հեկտարը՝ անտառ: Միացյալ Նահանգները, ըստ Արծվիկ Մինասյանի, հայկական կողմի խնդրանքով տրամադրել է արբանյակից օգոստոսի 13-ին արված լուսանկար, որը Բնապահպանության նախարարությունը փոխանցել է քննչական մարմին: Նախարարը հույս ունի, որ այդ լուսանկարը կօգնի բացահայտել հրդեհի պատճառները:
«Մենք ստացել ենք ամսի 13-ի, այսինքն հրդեհի հաջորդ առավոտվա լուսապատկերը, որով երեք օջախ է երևում իրարից անկախ, և դա վկայում է այն մասին, որ այնուամենայնիվ որոշակի գործողություն է տեղի ունեցել: Մենք այս ինֆորմացիան, բնականաբար, փոխանցել ենք քննչական մարմիններին, քանի որ, գիտեք, քրեական գործ է հարուցված, և հույս ունենք, որ ավելի լիարժեք բացահայտումներ կլինեն պատճառների մասին: Եվ եթե կլինեն մեղավոր անձինք, միանշանակ պատասխանատվության ենթարկելու գործընթացը լինելու է, էստեղ կասկած չկա», - վստահեցրեց նախարարը:
Քննչական կոմիտեից «Ազատությանը» փոխանցեցին, որ
Քննչական կոմիտեից «Ազատությանը» տեղեկացրեցին, որ «Խոսրովի անտառ» արգելոցում բռնկված հրդեհի դեպքով հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել արգելոցի մեկ աշխատացի՝ Քրեական օրենսգրքի երկու՝ 186 հոդվածի 2-րդ և 297 հոդվածի 1-ին մասերով՝ անզգուշությամբ անտառներ ոչնչացնելու և առանձնապես խոշոր չափերի վնաս պատճառելու համար։ Կոմիտից փոխանցեցին, որ մեղադրյալի նույնականացնող տվյալները այս պահին հրապարակման ենթակա չեն:
Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանն ասաց՝ գործի նախաքննությունը շարունակվում է, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, որոնց եզրակացությունները դեռևս չեն ստացվել: Հավելեց՝ գործի քննության ընթացքում ստուգվում են տարբեր վարկածներ, նախաքննական մարմինը մեկի վրա չի կենտրոնացել:
Ի դեպ, Սոնա Տռուզյանի փոխանցմամբ, Բնապահպանության նախարարությունից ստացել են ամերիկյան արբանյակից արված լուսանկարի պատճեն, սակայն իրենց բնօրինակն է անհրաժեշտ, ուստի դիմելու են նախարարություն՝ այն ստանալու համար, որպեսզի այդ ուղղությամբ ևս քննություն իրականացվի:
Ինչ վերաբերում է հրդեհի պատճառած վնասին՝ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի խոսքով ամբողջական գնահատում հնարավոր կլինի իրականացնել միայն հաջորդ տարի այն շրջանը անցնելուց հետո, երբ վերականգնման որոշակի պատկեր կունենանք: - «Ինչ վերաբերում է գիհիներին, քանի որ իրենք դժվար վերականգնելի են կամ գրեթե անհնար է արդեն վառված գիհին վերականգնել, պետք է նոր, բնական սերմի տարածման միջոցով լինի: Այստեղ տասնյակ տարիների խնդիր է», - նշեց նախարարը: