Մատչելիության հղումներ

Հաշվարկվում է Խոսրովի արգելոցում հրդեհի պատճառած վնասի չափը


«Խոսրովի անտառ» պետական արգելոցում օգոստոսի 12-ին բռնկված հրդեհը մարելուց հետո դեռ կան իրականացվելիք աշխատանքներ, որովհետև կան ծխացող օջախներ, որոնք պետք է հիմնավորապես վերացնել:

Բնապահպանության նախարարի խոսնակ Մարինե Կարապետյանի փոխանցմամբ՝ նախարարությունում արդեն քննարկել են արգելոցի վերականգնման հետագա քայլերը․ - «Նախատեսվում է հաշվեհամար բացել․ կստեղծվի խորհուրդ, որը կհաստատի նախ միջոցառումների ծրագիրը, կտնօրինի այդ հավաքագրված գումարը՝ եթե այդպիսին լինի, և, բնականաբար, բաց և թափանցիկ, վերահսկողական շատ խիստ մեխանիզմներով կաշխատի»:

Նախարարությունը որոշել է նաև որսի իրականացման որոշակի արգելքներ սահմանել․ - «Սոցցանցերում տարածվել էր, որ գուցե ընդհանրապես արգելք լինի սիրողական որսի հետ կապված: Այսօր քննարկումից հետո հրամանի փոփոխություն է նախատեսվում: Գուցեև որոշակի տարածքում արգելք դրվի: Արգելք ոչ-ամբողջական, բայց որոշակի տարածքում՝ Խոսրովին հարակից տարածքներում, որսահանդակներում չի բացառվում արգելքը»:

Ինչ վերաբերում է վնասի ընդհանուր ծավալներին՝ մամուլի քարտուղարը փոխանցեց, որ նախարարության աշխատակիցնեն այս պահին արգելոցի տարածքում են, որպեսզի հաշվարկեն վնասի չափերը։ Դրանից հետո միայն արգելոցի վերականգնման համար պետական աջակցության մասին կխոսեն․ - «Ուսումնասիրությունների ավարտից հետո՝ քարտեզագրման, չափագրման բոլոր աշխատանքների ավարտից հետո ամբողջական պատկերը պարզ կլինի, և արդեն առաջնահերթ այդ միջոցառումների ծրագիրը կհաստատվի ու պարզ կլինի, թե առաջնահերթ որ գործողությունները կիրականացվեն»:

Այսօր ավելի վաղ Բնապահպանության նախարարությունը հայտարարություն էր տարածել արգելոցի տարածքում տեղի ունեցած հրդեհների մասին՝ առանձնացնելով, մասնավորապես, հրդեհի պատճառով գիհու ծառատեսակներին պատճառված վնասը:

«Գիհու պարագայում, մեր կորստի առանձնահատկությունն այն է, որ այս ծառատեսակները դժվար աճող են, գրեթե անհնարին` վերականգնման տեսակետից և այս առումով, այս վնասին չափման միավոր չկա», - նախարար Արծվիկ Մինասյանի խոսքերն է մեջբերում հաղորդագրությունը:

Ինչ վերաբերում է կենսաբազմազանությանը՝ Արծվիկ Մինասյանն ասել է, թե կան սողունների մասով կորուստներ, խոշոր կենդանիների կորուստների մասին դեպքեր չունեն, բայց ունեն տեղափոխություն այլ վայր, բայցայս պահին դժվար է ասել, թե ուր:

Ըստ նախարարության, միջազգային կազմակերպություններից արդեն կան աջակցության առաջարկներ:

Ըստ լրատվամիջոցների, հայտնվել է նաև բարերար՝ ոմն Գագիկ Ադիբեկյան, ով պատրաստ է 100 հազար եվրո տրամադրել րգելոցի վերականգնման համար։

Այս կապակցությամբ Բնապահպանության նախարարության խոսնակն ասաց․ - «Տեղեկացեմ, որ մենք պաշտոնապես նման առաջարկ չենք ստացել: Այդ մասին տեղեկացել ենք սոցիալական ցանցերում տարածված տեղեկատվությունից»:

Նախարար Արծվիկ Մինասյանի վստահեցմամբ՝ առաջիկա տարիներին խիստ հսկողական դիտարկումները կշարունակվեն, կմշակվի վերականգնման ծրագիր` ներգրավելով տեղական և միջազգային գործընկերներին և այնպես կարվի, որ առաջիկա տարիներին ունենանք «Խոսրովի անտառ» պետական արգելոցի հնարավորինս վերականգնված կենսաբազմազանության ամբողջական պատկերը:

XS
SM
MD
LG