Խոսրովի արգելոցում սեպտեմբերի 1-ին բռնկված հրդեհի մարման աշխատանքներն իրականացնելու համար տեղում աշխատում է 40 փրկարար և արգելոցի 15 աշխատակից։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ԱԻ նախարարի տեղակալ Դավիթ Կարապետյանը։
«Խոսքը փոքր խոտածածկ տարածքի մասին է, ամեն ինչ արվում է հրդեհի տարածումը կանխելու համար։ Իրավիճակը վերահսկողության տակ է և, կարծում եմ, շատ կարճ ժամանակահատվածում հրդեհի տարածման ռիսկերը կբացառվեն»,- նշել է ԱԻ փոխնախարարը։ Նրա խոսքով՝ Խոսրովի արգելոցի առանձնահատկությունը կայանում է իր ռելիեֆի մեջ՝ «այն մի փոքր դժվարանցանելի է, բայց նախարարության աշխատակիցները անում են ամեն հնարավոր բան հրդեհի մարման համար»։