Մատչելիության հղումներ

Բնապահպան․ Պետությունը կա, պետության ֆունկցիան չկա


Խոսրովի անտառի հրդեհը ցույց տվեց, որ «Հայաստանում պետությունը կա, պետության ֆունկցիան չկա», - հայտարարեց «Ըստ էության» հաղորդաշարի հերթական թողարկման մասնակիցներից բնապահպան Հակոբ Սանասարյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ դասեր պետք է քաղենք այդ իրավիճակից:

«Էս պայմաններում ի՞նչ մենք կարող ենք մտածել թանկարժեք հրշեջ ինքնաթիռների և մնացած տեխնիկայի մասին: Ես շատ երկրներում եմ եղել և գիտեմ, թե անտառային տնտեսությունները, գլխավորապես հատուկ պահպանվող տարածքները ինչպիսի նյութական հագեցվածություն ունեն և ինչ ժամանակակից», - հավելեց Սանասարյանը:

Նույն հարցի կապակցությամբ «Հայաստանի անտառներ» հասարակական կազմակերպության տնօրեն Նազելի Վարդանյանն ասաց․ - «Ցավոք, մինչև այսպիսի դժբախտության առջև չենք կանգնում, մենք չենք սթափվում ու չենք մտածում: Փոխանակ կանխարգելիչ միջոցներ ձեռնարկեինք և թույլ չտայինք, որ հրդեհը էդ ծավալների հասներ: Դա և՛ սուբյեկտիվ, և՛ օբյեկտիվ գործոններից է կախված: Բազմաթիվ միջազգային կազմակերպություններ ֆինանսավորել են հակահրդեհային այդ միջոցառումները՝ և՛ դասընթացների գումարներ, և՛ տեխնիկայի գումարներ: Օրինակ, ԵԱՀԿ-ի ծրագիր է իրականացվել: Պետք է երևի պարզել, թե ինչքանով է արդյունավետ այդ գումարները ծախսվել, ինչ նպատակների են դրանք ուղղված եղել, և ինչու այսօր մենք այս իրավիճակում ենք»:

Բանավեճի մասնակիցներից Բնապահպանության նախարարի խորհրդական Արծրուն Պեպանյանը հարցին, թե կա արդյոք պատճառված նյութական վնասի գոնե մոտավոր հաշվարկ, արձագանքեց․ - «Հիմա դեռ չկա, դեռ կատարվում են հրդեհաշիջման աշխատանքները․․․ դրանից հետո այդ ամենը կգնահատվի։ Գխավորապես գիհի ծառատեսակ է այրվել, որը դժվար վերականգնվող է: Կա այդ խումբը․ և՛ վնասը կհաշվարկի, և՛ տարածքների չափը, այնուհետև մենք կմտածենք, թե ինչ միջոցներով ենք փորձում վերականգնել: Խոսրովի արգելոցը տարբերվում է մյուսներից այն բանով, որ այստեղ խստացված ռեժիմը գործում է միշտ: Բայց մեկ է, էստեղ էլի է ուժեղացվել, էստեղ կան ուղեփակոցներ, էստեղ դժվար է ներթափանցել: Դուք նայել եք տեսանյութը․ եթե Ուրցաձոր գյուղի բնակիչները դժգոհում են, դա նշանակում է, որ արգելոցի ռեժիմը աշխատել է․․․ Ընդունենք, որ նույնիսկ գերզարգացած երկրներում հնարավոր չի լինում խուսափել դրանից, որովհետև տարբեր պատճառներ կան»:

Հարցին, թե համապատասխան տեխնիկա ունենալու դեպքում արդյոք հնարավոր էր գոնե տարածքների տարածման դեմն առնել, Արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ Հովհաննես Խանգեդյանն արձագանքեց, թե հարցը պետք է դիտարկել համեմատության մեջ․ - «2007 և 2010 թվականներին Միացյալ Նահանգներում և Ռուսաստանում համապատասխանաբար ծագած հրդեհների վիճակագրությունը և տվյալները ուսումնասիրելով՝ դուք կհասկանաք, թե ինչու եմ սա ասում: Մենք գործել ենք ժամանակի և տարածության պարագայում՝ օգտագործելով բոլոր հնարավոր միջոցները: Համատեղ այս աշխատանքի արդյունքում գուցե որևէ տեսանկյունից մարդիկ ինչ-որ բան են տեսել, այդ պահին գնահատականներ են տվել, բայց ես հավաստիացնում եմ ձեզ՝ վեցերորդ օրն է, մենք անդադար, 24 ժամ վարում ենք այդ գործընթացը: Դադարեցնում ենք բացառապես գիշերվա ուշ ժամերին, որովհետև ծայրահեղ վտանգավոր է»:

Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG