Մատչելիության հղումներ

Խոսրովի արգելոցի հրդեհը ստիպել է մտածել ԱԻՆ-ի տեխնիկական վերազինման մասին


Արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը (ձ) և Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը
Արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը (ձ) և Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը

Արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը այսօր կառավարության նիստի ավարտին հրավիրված ասուլիսում հայտարարեց, որ Խոսրովի արգելոցում բռնկված հրդեհը նախարարությունը ստիպել է մտածել տեխնիկական վերազինման մասին:

Նա չի ընդունում բնապահպանների այն մեղադրանքը, թե արձագանքը եղել է ուշացած։ Տոնոյանի խոսքով, իրենք անմիջապես անցել են հրդեհի մարմանը, գործել են ըստ իրավիճակի. - «Տեխնիկական միջոցները, ամենագնաց մեքենաները, որոնք որ կարող էին և՛ անձնակազմ տեղափոխել, և՛ ուղղաթիռները․․․ որոնք որ կիրառվում էին, թույլ չէին տալիս արձագանքել պատշաճ ձևով: Նաև ռելիեֆի կտրտվածությունը, ուժեղ քամին: Որոշ եզրակացություններ արվել են, ներկայացվել են Հանրապետության նախագահին և վարչապետին՝ մեր հագեցվածությունը բարձրացնելու առումով»:

Արձագանքելով «Ազատության» հարցին, թե արդյոք ուշացած չէր նաև ռուսական ԻԼ-76 օդանավի Հայաստան գալը, նախարարը պատասխանեց, որ «իրավիճակը գնահատվել է պահի դրությամբ», երբ հրդեհը խոտածածկից հասել է անտառին Հայաստանը դիմել է Ռուսաստանին։ Ըստ Տոնոյանի՝ այդ երկիրը միակն էր, որը կարող է արձագանքել ժամերի ընթացքում։

Նախարարից հետաքրքրվում ենք՝ իսկ Հայաստանը չի՞ մտածում նման տեխնիկա ունենալու մասին, որ աղետի պահին ուրիշի ձեռքին չնայի։ «Քանի որ դուք բոլորդ ականատես եղաք, որ Զինված ուժերի տեխնիկական միջոցները և անձնակազմը օգտագործվել է հրդեհաշիջման ընթացքում: Հայաստանի Հանրապետության ձեռք բերումների պարագայում ես կնախընտրեի, որպեսզի Պաշտպանության նախարարությունուն ձեռք բերեին այդպիսի միջոցներ, որոնք կօգտագործվեին նաև մեր խնդիրները լուծելու համար»:

Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի տեղեկացմամբ՝ մինչև սեպտեմբերի 1-ը ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի հետ կնքելու են համաձայնագիր, որի կարևոր բաղադրիչերից մեկը լինելու է հակահրդեհային միջոցառումների համար անհրաժեշտ տեխնիկական սարքավորումների ձեռք բերումը․ - «Իսկ խոշորածավալ տեխնիկական սարքավորումները․․․ պարոն Տոնոյանի հետ մենք մի լավ գաղափար ունենք: Հիմա չենք բարձրաձայնի դրա մասին: Աստված տա, ունենանք հաջողություն, այն ժամանակ բացմանը անպայման կլինեք»:

Այժմ էլ արգելոցում շարունակվում են հետմարման աշխատանքները։ Դեռ 200 ծխացող օջախ կա, դրանք մարելու գործում 80 անձ է ներգրավված։ Թե որքան է եղել բնության հատուկ պահպանվող տարածքին պատճառված վնասը, ըստ նախարարների, կարելի է միայն նախնական գնահատականներ տալ։ Ըստ այդմ՝ արգելոցի 1600 հա-ից այրվել է 250 հա անտառածածկ տարածք։

«Ունենք որոշակի կորուստներ, որոնք վերականգնվող են և ժամանակի ընթացքում անպայման կվերականգնվեն: Եվ ունենք կորուստներ, որոնք դժվար կվերականգնելի են, կամ գրեթե անհնար է վերականգնել, ինչպես, օրինակ, գիհու նոսրանտառային հատվածներն են: Գիհի այն ծառն է, որ նույնիսկ դարերի ընթացքում է աճում, և գիհու կենսաբանական տարածքը ընդգրկող նաև կենդանական աշխարհի առումով որոշակի այս պահի դրությամբ ունենք տեղափոխություններ», - նշեց Արծվիկ Մինասյանը:

Ինչ վերաբերում է կենդանական աշխարհին, ապա Մինասյանի խոսքով՝ հրդեհից խոշոր կաթնասունները չեն տուժել, կորուստներ են եղել միայն սողունների և կրծողների որոշ տեսակների առումով։

Նա անդրադարձավ նաև անտառի վերականգնման և ծառատունկի մասին խոսակցություններին ու հիշեցրեց՝ արգելոցային ռեզիմն արգելում է մարդկային որևէ միջամտություն․ - «Մենք առաջիկայում քննարկելու ենք Խոսրովի արգելոցի կառավարման պլանը, որտեղ կան նաև առանձին լուծումներ, որպեսզի նոր տարածքների ընդգրկմամբ և սրանց նոր ռեժիմներ տալով, արգելավայրերի կարգավիճակով կարողանանք իրականացնել որոշակի աշխատանքներ՝ այն, ինչ օրենքը թույլ է տալիս: Բայց բուն արգելոցի տարածքում՝ ոչ: Արգելված է որևէ միջամտությունը»:

Նախարարաը տեղեկացրեց, որ Խոսրովի արգելոցում կլինին կադրային վերանայումներ, կստեղծվեն արագ արձագանքման խմբեր։ Նրա խոսքով՝ քննարկվելու է նաև արգելոցներում ջրամբարներ ստեղծելու հնարավորությունը։

Դավիթ Տոնոյանը փոխանցեց, որ Արտակարգ իրավիճակների նախարարությունում ստեղծվել է աշխատանքային խումբը, որը պետք է վերլուծի հրդեհից քաղված դասերը։

Հարցին, թե արդյոք շատ էին բացթողումները, Տոնոյանն արձագանքեց․ - «Չաշխատողները չեն սխալվում»:

Եվ վերջում հրշեջների ու փրկարարների մասին, ավելի ճիշտ նրանց պարգեւատրելու։ Լրագրողների հարցերին, թե արդյոք հրշեջներն ու փրկարարները կարժանանան պարգևների, Արտակարգ իրավիճակների նախարարը պատասխանեց, որ խրախուսումներ դեռ չեն եղել, բայց սեպտեմբերի 4-ին՝ մասնագիտական տոնի կապակցությամբ, անպայման կլինեն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG