Հայ ազգային կոնգրեսը Գլխավոր դատախազությանն է փոխանցել տեսագրություն, որում, ընդդիմադիրների պնդմամբ, երևում է, թե ինչպես են կաշառում երևանյան ընտրական հանձնաժողովներից մեկի իրենց ներկայացուցչին:
«Կոնկրետ կաշառք են տվել, որ դրդեն մեր հանձնաժողովի անդամին, որ նա աչք փակի նրանց օրինախախտումների վրա», - լրագրողների հետ զրույցում ասաց Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը՝ շարունակելով․ - «Կոնկրետ վկայություն է, կոնկրետ հանցագործության մասին հաղորդում է, որը ամրապնդված է նաև տեսաժապավենով»:
Նախաքննությանը չվնասելու համար ընդդիմադիրներն առայժմ չեն հրապարակում, թե ով է եղել կաշառք առաջարկողն ու ինչ գումարի մասին է խոսքը: Հայ ազգային կոնգրեսը պնդում է, որ այսպիսի այլ օրինակներ էլ ունի, քանի որ շատերն են գումարը վերցրել՝ փաստը նկարահանելու նպատակով:
«Ամեն տեղամասում կա ընտրակեղծարարության կոնկրետ պատասխանատու, որը զբաղված է այդ գործով՝ պետք է հասնի նրան, որ բոլոր հանձնաժողովականների համաձայնությունը լինի: Այդ մարդը կամ անձամբ մոտենում և առաջարկները անում է, կամ բերում է մի ազդեցիկ մարդու այդ խոսակցությանը: Ընդ որում՝ այդ ազդեցիկ մարդը, դեպքեր են եղել, որ եղել է մարզպետը, քաղաքապետը, դեպքեր են եղել, որ եղել է Ազգային ժողովի պատգամավոր»:
Հայ ազգային կոնգրեսը առայժմ այս մեկ օրինակով ստուգում է, թե որքանով են իրավապահները անաչառ, մտավախություն ունենալով, որ հակառակ դեպքում կարող են վտանգել իրենց համակիրներին: Լևոն Զուրաբյանն այսօր անձամբ Գևորգ Կոստանյանի հետ է խոսել այս խնդրի շուրջ՝ գլխավոր դատախազից հավաստիացումներ ստանալով, թե միջոցներ կձեռնարկվեն․ - «Իբր մենք գործ ունենք շատ անաչառ պետական մարմնի հետ, անաչառ օրենքի պահպանության դիրքերին կանգնած դատախազության հետ: Հիմա՝ փորձենք այդ մոտեցումը»:
«Կուլ են տրվել բոլոր աղաղակող փաստերը»
Այսօր հանրաքվեի վերահսկողության թեմայով հավաքի ժամանակ Զուրաբյանն ընդդիմադիր գործընկերներին տեղեկացրեց դատախազություն ուղարկված տեսանյութի մասին:
Րաֆֆի Հովհաննիսյանին, Ժիրայր Սեֆիլյանին, Լևոն Զուրաբյանին ու Պարույր Հայրիկյանին նույն սեղանի շուրջ տեսնելով՝ «կլոր սեղանը» կազմակերպած Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը շտապեց արձագանքել․ - «Թող որևէ մեկը սրանից հետո համարձակվի ասել, որ ընդդիմությունը համախմբված չէ, միասնական չէ»:
«Հիմնադիր խորհրդարան»-ի նախագահ Գարեգին Չուգասզյանը Եվրամիության, Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցիչների առջև միջազգային հանրությանը քննադատեց նախորդ կեղծված ընտրությունների վրա աչք փակելու համար․ - «Կուլ են տրվել բոլոր այն աղաղակող փաստերը, ներառյալ ամենաաղաղակող փաստը, որը կապված է «Մարտի 1»-ի հետ»:
Ազգային ինքնորոշում միավորման առաջնորդ Պարույր Հայրիկյանը երբեմնի քաղաքական հակառակորդ Լևոն Տեր-Պետրոսյանի այսօրվա հոդվածում հոգեհարազատ միտք էր գտել՝ Սերժ Սարգսյանը պետք է հրաժարվի դեկտեմբերի 6-ին նշանակված քվեարկությունից:
«Մեզ հակասահմանադրական հանրաքվե պետք չէ», - հայտարարեց նա:
«Ժառանգություն»-ից Արմեն Մարտիրոսյանը տեղեկացրեց՝ հանձնաժողովներում իրենց ներկայացուցիչները կանեն հնարավորը «Ոչ»-ին տեր կանգնելու համար, բայց կուսակցությունն ավելի շատ պատրաստվում է դեկտեմբերի 1-ից մեկնարկող շուրջօրյա հանրահավաքներին․ - «Քանի որ ընտրական ինստիտուտները Հայաստանում թերացել են, ուստիև մեր քաղաքացիներին իրենց իրավունքները հաստատելու համար այլ հարթակ, ցավոք սրտի, չի մնում՝ քան հրապարակը»:
Ժիրայր Սեֆիլյանը ևս մնաց նույն կարծիքին․ ամփոփելով հավաքը հայտարարեց, թե ընտրակեղծարար մեքենան կարելի է կոտրել միայն փողոցային պայքարով:
«Արկածախնդիրներ չենք, եթե մեր ժողովրդին հրավիրում ենք մոբիլիզացիայի, բնականաբար, ունենք ծրագիր, տարբերակներ», - նշեց նա:
Սեֆիլյանը չի հետևում Լևոն Տեր-Պետրոսյանի օրինակին՝ դիմել Սերժ Սարգսյանին, բայց միայն առայժմ: «Դեկտեմբերի 1-ից հետո, հավանաբար, կունենամ ասելիք», - նշեց նա: