Մատչելիության հղումներ

«Նոր Հայաստան»-ը ծրագրով հանդես կգա և «ուղենիշները կտա քաղաքացիներին»


Բոլորը դժգոհ են ներկա իրավիճակից և բոլորը ցանկանում են համակարգային փոփոխություն, պնդում է Զարուհի Փոստանջյանը:

Շուտով «Նոր Հայաստան» ընդդիմության միասնական շտաբը կհրապարակի իր հետագա գործողությունների ծրագիրը։ Այդ մասին «Ազատության» հետ զրույցում ասաց Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը։

Հիշեցնենք, ավելի վաղ իշխող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանն «Ազատության» հետ զրույցում ասել էր, որ «Ոչ»-ը չի կարողանում իր շուրջ միախմբել լայն զանգվածներ, չի կարող ապահովել լայն դիմադրություն և չի կարող ապահովել լայն քարոզչական հաջողություն», ընդգծելով, որ «Ոչ»-ի վերջին հանրահավաքին հազիվ հազար մարդ էր հավաքվել։

Փոստանջյանը, սակայն, հակադարձեց. - «Որպեսզի քաղաքացին դուրս գա իր իրավունքի պաշտպանության համար, նա դա պետք է գիտակցի, և դրա գործողությունների ծրագիրը պետք է նա հասկանա, զգա։ Եվ այդ է պատճառը, որ նա դեռ, այսպես ասենք, պասիվ վիճակում է։ «Նոր Հայաստան» ընդդիմության միասնական շտաբը ծրագրով հանդես կգա և ուղենիշները կտա Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։ Երբ մենք ասում ենք, որ սկսում ենք մի գործընթաց, որը չի լինելու ուղղակի մեկ հանրահավաքով, մեկ միջոցառումով, դա այդպես է»։

Ըստ ընդդիմադիր պատգամավորի, բոլորը դժգոհ են ներկա իրավիճակից և բոլորը ցանկանում են համակարգային փոփոխություն։ «Ուղղակի պետք է քաղաքացին ունենա իր հստակ, ծրագրված անելիքը, գործողությունը», - ընդգծեց Փոստանջյանը:

«Այո»-ի թևի պնդումներին, թե ընդդիմությունն ունի ամբիցիաներ, բայց բավարար թվով վստահելի անձինք չունի, որոնք կհետևեն ընտրությունների գործընթացին բոլոր տեղամասերում, ընդդիմադիր պատգամավորն այսպես արձագանքեց. - «Վստահելիությունը եթե մենք ուզում ենք չափենք, մենք պետք է չափենք այդ վստահելիությունը մեր ունեցած միջոցներով. եթե մեր դիմացը կանգնած է զինված ջոկատ, ապա զինված ջոկատի դիմաց մենք ունենք անզեն քաղաքացիներ։ Դա է։ Դրա հետ մեկտեղ, բայց, եթե մենք գործածում ենք մեր կամքը՝ խաղաղ անհնազանդություն, այս դեպքում, իհարկե, մեր վստահելիությունը բարձրանում է։ Մեր քաղաքացին ավելի է դառնում ինքը վստահելի, ինքը իր նկատմամբ, իր ուժերի նկատմամբ է դառնում ավելի հավատով, և այստեղ պայքարն արդեն դառնում է արդյունավետ»։

Դիտարկմանը, թե «Այո»-ի ճամբարից «Ոչ»-ի թուլություն են համարում այն, որ «Ոչ»-ի ճակատում թևերով են աշխատում՝ մի կողմից՝ «Նոր Հայաստան»-ը, մյուս կողմից՝ Հայ ազգային կոնգրեսն ու ՀԱԿ-ի գործընկերները, և հարցին, թե սա համարո՞ւմ է «Ոչ»-ի ճակատի ջլատում, Զարուհի Փոստանջյանը պատասխանեց. - «Ես կարծում եմ՝ ընդհակառակը, մենք ավելի ուժեղացված ենք այս տարբերակով, և այստեղ արդեն, երբ դու ունենում ես բազմաբևեռ առաջնորդություն դեպի համակարգային փոփոխություն, արդեն իրենք են դառնում խոցելի։ Երկու ճակատներ ունենալը, ընդհակառակը, մեկը մյուսին լրացնում է»։

XS
SM
MD
LG