Մատչելիության հղումներ

Աշոտյան. «Ոչ»-ն իրականում կարևոր գործ է անում՝ ընտրողներին մոբիլիզացնում է դեպի ընտրատարածքներ»


«Շատ շնորհակալ ենք նրանց այդ գործի համար», - ասում է ՀՀԿ փոխնախագահը։

«Անգամ ինձ երեկ չէր հետաքրքրում, թե ՀԱԿ-ի (Հայ ազգային կոնգրես) հանրահավաքին ինչ էին խոսում», - ասաց կրթության և գիտության նախարար, Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ով «Ազատություն TV»-ի «Կիրակնօրյա վերլուծական» հաղորդաշարի նոյեմբերի 22-ի թողարկման հյուրն էր:

«Ոչ թե ես իմ անձն եմ կարևորում, ճիշտ հասկացեք, անգամ այս պարագայում, որ կարծեք թե ընդդիմությունն անում է «հուժկու» հանրահավաք, ես ինձ նեղություն չեմ տվել լսելու ամբողջ ելույթները», - ասաց Աշոտյանը։

Հարցին, թե ուզում է ասել, որ հանրությանն էլ չի՞ հետաքրքրում, ՀՀԿ փոխնախագահը պատասխանեց. - «Ոչ»-ն իրականում շատ կարևոր ու դրական գործ է անում՝ մոբիլիզացնում է ընտրազանգվածն այդ օրը [ընտրատեղամասեր] գալուն։ Շատ շնորհակալ ենք այդ գործի համար, որովհետև սահմանադրական բարեփոխումների հաջող ընթացքի համար կարևոր է, որ ապահովվի նվազագույն մասնակցության տոկոսը, շեմը, և այս տեսակետից «Ոչ»-ը շատ դրական գործ է անում, որովհետև ընտրողներին մոբիլիզացնում է դեպի ընտրատարածքներ»։

Ըստ Աշոտյանի «Ոչ»-ի երկրորդ դրական գործը «Այո»-ի աշխատանքի փաստացի լեգիտիմացումն է․ - «Որովհետև, եթե երկրում լիներ միայն «այո» և բոլոր ուժերը բոյկոտեին սահմանադրական բարեփոխումների գործընթացի քարոզարշավը, ապա ակնհայտ կլիներ, որ նման պարագայում խոսել թափանցիկ քարոզարշավի, հավասար հնարավորությունների, իրազեկման ճիշտ գործիքակազմի մասին կլիներ սխալ, հետևաբար՝ «Ոչ»-ն այստեղ էլ է իր դրական գործն անում»։

Նա նշեց, որ զարմանում է, երբ ընդդիմադիրները հայտարարում են, թե «Այո»-ն «չունի սատարում, չունի կողմնակիցներ», ընդգծելով, որ ամենալավատեսական պնդումներով՝ հանրահավաքի մասնակիցների թիվը 1000 հոգուց չի անցել։ «Մենք վստահաբար ունենք շատ ավելի շատ կողմնակիցներ, քան մեր գործընկերները, որոնք ազդարարել են հանրահավաք, լարել են իրենց ամբողջ քարոզչական պոտենցիալն ու հազար հոգի մարդ չեն կարողացել հետաքրքրել, շահագրգռել, որպեսզի հավաքեն Ազատության հրապարակում։ Ես իմացա, որ օնլայն հետևողների թիվը մի քիչ անգամ ավել է եղել, քան մասնակիցների թիվը», - ասաց ՀՀԿ փոխնախագահը։

Դիտարկմանը, թե այստեղ էլ իշխանությունների մեղքի բաժինը կա, որովհետև ասում են, որ նրանց ձեռքով է «Բարգավաճ Հայաստան»-ի այժմ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հեռացվել քաղաքականությունից, ինչի արդյունքում ընդդիմադիր դաշտը ջլատվել է, Աշոտյանն այսպես արձագանքեց. - «Եթե քաղաքական ուժերը, որոնք մնացել են հրապարակում, ի վիճակի չեն ինքնուրույն աշխատանքի առանց այս կամ այն ավելի խարիզմատիկ գործչի, ըստ իրենց, ապա ակնհայտ է, որ անելիք չունեն»։

«Ես կարծում եմ, որ այդ ընտրազանգվածային սնանկությունը տեսանել է «Ոչ»-ի ճամբարի համար։ Իրականության մեջ մենք տեսնում ենք, որ «Ոչ»-ը չի կարողանում իր շուրջ միախմբել լայն զանգվածներ, չի կարող ապահովել լայն դիմադրություն և չի կարող ապահովել լայն քարոզչական հաղոջություն, ինչի ականատեսը մենք լինում ենք։ Դա ցավով եմ ասում», - հայտարարեց իշխող կուսակցության փոխնախագահը:

Աշոտյանը շարունակեց պնդել, որ «Ոչ»-ը միասնական չէ, ու թվարկեց «Ոչ»-ի ճամբարները․ - «ՕԵԿ-ը [«Օրինաց երկիր» կուսակցություն] «Ոչ» է, առանձին է աշխատում, ՀԱԿ-ը և ՀԱԿ-ամերձ ուժերը «Ոչ» են՝ ՀԺԿ-ով [Հայաստանի ժողովրդական կուսակցություն], և այլն, կա «Նոր Հայաստան», որն առանձին «Ոչ» է։ Եվ այստեղ ակնհայտ է, որ մարդիկ պայքարում են մի բանի դեմ՝ ելնելով բացառապես իրենց քաղաքական, անձնական շահերից։ Եթե Սահմանադրության նախագիծը լիներ այդքան վատը և այդքան վտանգավոր, և եթե իրենք իրականում այդպիսի հայրենասերներ են, ինչպիսին փորձում են ձևանալ, ապա վստահաբար կփորձեին միախմբվել»։

Նա ընդգծեց, որ «Ոչ»-ի կողմնակից քաղաքական ուժերը ժամանակին դեմ էին անգամ գործող Սահմանադրության նախագծին։ «Հիշեք, խնդրում եմ, 2005 թվականի սահմանադրական բարեփոխումների քարոզարշավը, և շատ հեշտ կգտնեք, թե նույն գործիչներն ինչ էին ասում այդ բարեփոխումների մասին», - ասաց Արմեն Աշոտյանը։

«Կիրակնօրյա վերլուծական» հաղորդաշարի նոյեմբերի 22-ի թողարկումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․

XS
SM
MD
LG