Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կարծիքով՝ տասն օրից հանրաքվեի դրվելիք Սահմանադրության նախագիծը անկանխատեսելի հետևանքներով սպառնալիք է Հայաստանի և Ղարաբաղի համար։ Այսօր հրապարակած հոդվածում Հայ ազգային կոնգրեսի առաջնորդը հույս է հայտնում, որ Սերժ Սարգսյանը կկասեցնի գործընթացը։
«Հայաստանի իշխանական համակարգում Սերժ Սարգսյանը թերևս միակ անձն է, ով հստակ գիտակցում է մեր երկրի շուրջ ստեղծված ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակի պարունակած վտանգները։ Այդ պատճառով դեռևս հույս եմ փայփայում, որ նա, պետական մտածողություն դրսևորելով, ի զորու է թեկուզ ժամանակավորապես կասեցնել նոր Սահմանադրության ընդունման գործընթացը, իսկ եթե դա այլևս անհնար է, գոնե հրաժարվել ամեն գնով հանրաքվեի արդյունքները կեղծելու և դրանով ռեժիմի և հասարակության միջև գոյություն ունեցող անջրպետն ավելի ևս խորացնելու մտքից»,- «Իլուր» կայքում գրում է նա։
Տեր Պետրոսյանի խոսքով՝ եթե փոփոխությունների անցկացումը իշխանությունների համար կենաց-մահու խնդիր է, ապա ռեժիմը հարկադրված պետք է լինի գործի դնել կեղծիքների, բռնությունների, ընտրակաշառքի, վարչական ու քրեական ռեսուրսների օգտագործման ողջ մեքենան, որը իր հետ անցանկալի հետևանքներ կբերի։ Սա, ըստ նրա, մտահոգիչ է, քանի որ ի տարբերություն 2008 և 2013 թվականների հետընտրական ցնցումների, այժմ աշխարհաքաղաքական բոլորովին նոր ու վտանգավոր իրավիճակ է։
Առաջին նախագահը վստահ է՝ Հայաստանի բնակչության շուրջ 75 տոկոսը դեմ է սահմանադրական փոփոխություններին։ Պնդում է՝ այս տվյալը իշխանությունների կողմից պատվիրված սոցիոլոգիական հարցումներից է, որի արդյունքները առայժմ գաղտնի են պահվում։ Մի քանի ամսվա լռությունից հետո ՀԱԿ առաջնորդը հայտարարում է՝ «Այո»-ի քարոզչությունն «անճարակ է և արդեն կատարելապես տապալված»։
«Ոչ ոքի, այդ թվում՝ առաջին հերթին հենց նախաձեռնողների համար, գաղտնիք չէ, որ «բարեփոխումների» նպատակը ՀՀ նախագահի լիազորությունների ժամկետի երկարաձգման սահմանադրական արգելքի հաղթահարումն ու իշխող ռեժիմի վերարտադրությունն է։ Ուստի «Այո»-ի ճակատի հավաստիացումներն առ այն, թե իբր սահմանադրական փոփոխությունները ձեռնարկված են բացառապես հանուն Հայոց պետականության ամրապնդման, իշխանության ճյուղերի հավասարակշռության ապահովման, լիակատար օրինականության հաստատման, կոռուպցիայի և հովանավորչության վերացման, ժողովրդավարության հետագա խորացման, մարդու իրավունքների առավել արդյունավետ պաշտպանության և այլն, փարիսեցիությունից կամ ցինիզմից բացի, այլ բառով դժվար է բնորոշել»,- գրում է Տեր-Պետրոսյանը։
Իշխող Հանրապետականում հակադարձում են՝ առաջին նախագահի հոդվածն է ցինիզմ պարունակում, բառապաշարն էլ նրան հարիր չէ։ Հովհաննես Սահակյանը անհիմն որակեց Տեր-Պետրոսյանի մեղադրանքներն ու պնդումները, թե ժողովրդի 75 տոկոսը փոփոխություններին դեմ է։
«Երբ որ ծանոթացա, ես հասկացա, որ դա միգուցե 95 թվականի Սահմանադրության փաստերի մասին էր, որ 2/3-ը դեմ են եղել»,- ասաց նա։
Իշխանությունների կողմից անցկացված, սակայն չհրապարակված սոցհարցման մասին Սահակյանը տեղեկություն չուներ. ասաց, որ իրենց ուսումնասիրությունների արդյունքները դեկտեմբերի 4-ին կամփոփեն։ Ինչ վերաբերում է պնդմանը, որ նոր Սահմանադրությունը սպառնալիք կարող է լինել Հայաստանի համար, Սահակյանը հակադարձեց՝ իրենք գիտակցում են, որ աշխարհաքաղաքական վտանգավոր իրավիճակ է, բայց այդ պատճառով իրենց մտադրությունը փոխել չեն պատրաստվում։
«Ինչի նո՞ր ենք հասկանում, որ Մերձավոր Արևելքը՝ Իրաքից սկսած, տարիներ շարունակ եռում է, և մենք վտանգավոր տարածաշրջանում ենք, գոնե ներքին խժդժություն, խառնակչություն չանենք։ Տարօրինակ է, որ այդ ամբողջը բանախոսը նոր է ընկալում»,- ասաց ՀՀԿ-ի ներկայացուցիչը։