«Ոչ»-ի ճակատը ուրբաթ օրը Երևանի Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքում կոչ արեց իր աջակիցներին զանգվածաբար գնալ և «ոչ» քվեարկել նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական փոփոխություններին։
Ելույթ ունենալով ընդդիմադիրների հանրահավաքին՝ Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը ներկայացրեց «Ոչ»-ի հաղթանակի ծրագիրը», որում զուգահեռներ անցկացրեց 1988-ին Չիլիում տեղի ունեցած հանրաքվեի և դեկտեմբերի 6-ին Հայաստանում կայանալիք հանրաքվեի միջև։
«Չիլիի ժողովուրդը հենց այդպես էլ վարվեց, երբ քվեարկեց բռնապետ Պինոչետի իշխանության երկարացման դեմ։ Թեև հանրաքվեի արդյունքում հայտարարվեց «ոչ»-ի հաղթանակը 55 տոկոսով «այո»-ի 45-ի դեմ, քվեարկության իրական արդյունքները բնականաբար լրիվ այլ էին։ Չիլիացիների 70-80 տոկոսը քվեարկել էին «ոչ» և կանգնեցրել Պինոչետին երկընտրանքի առաջ: Նա կարող էր, ինչպես անցյալում արել էր, ամբողջությամբ կեղծել հանրաքվեն և հայտարարել «ոչ»-ի հաղթանակը: Բայց անել դա մի վիճակում, որում ակնհայտ է Չիլիի ժողովրդի կամքը, կնշանակեր պատերազմ հայտարարել սեփական ժողովրդի դեմ, որովհետև այդ ծավալի ակնհայտ կեղծիքը հնարավոր չէր լինի թաքցնել ոչ ժողովրդից, որ էլ միջազգային հանրությունից: Նա գերադասեց «այո»-ի համար գրել դեմքը փրկող 45 տոկոսը և ճանաչել ժողովրդի հաղթանակը, իսկ այնուհետև բանակցեց ընդդիմության հետ անցումը դեպի ժողովրդավարություն»,- ասաց Զուրաբյանը։
Հետևաբար, ՀԱԿ ներկայացուցչի խոսքով, պետք է հասնել մի վիճակի, երբ ժողովրդի առնվազն 70-80 տոկոսը գնա և «ոչ» քվեարկի տեղամասերում:
«Ժողովրդի բարձր մասնակցությունը էապես կկրճատի նաև ռեժիմի հնարավորությունները արդյունքի հասնել բազմակի քվեարկության և այլ մարդկանց փոխարեն քվեարկելու մեթոդներով: Ժողովրդի բարձր տրամադրությունը և «ոչ» քվեարկելու հակվածությունը էապես կնվազեցնի ընտրակաշառքի բաժանման ազդեցությունը ժողովրդի քվեարկության վրա»,- ասաց Զուրաբյանը։
«Ոչ»-ի ճակատը հանրահավաքից հետո անցկացրեց իր ավանդական երթը, որն անցավ առանց միջադեպերի։ Հաջորդ հանրահավաքը ընդդիմադիրները կանցկացնեն դեկտեմբերի 3-ին։