Մատչելիության հղումներ

Ընդդիմադիրներն ասում են՝ հանձնաժողովների իրենց անդամներին կաշառելու փորձեր են արվում


Լևոն Զուրաբյանը «Ազատության» տաղավարում, արխիվ
Լևոն Զուրաբյանը «Ազատության» տաղավարում, արխիվ

Հայ ազգային կոնգրեսն (ՀԱԿ) ու «Ժառանգություն»-ը համատեղ հայտարարության մեջ ահազանգում են իրենց տեղամասային հանձնաժողովների նորանշանակ անդամների վրա գործադրվող ճնշումների մասին:

«Ոչ»-ի շտաբի և ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ասում է՝ հանձնաժողովների իրենց անդամներին կաշառելու փորձեր են արվում: Ըստ Զուրաբյանի՝ իշխանությունները ճնշումների այս մեթոդին են դիմում, քանի որ հանրաքվեի քարոզարշավի ընթացքում համոզվել են՝ ժողովրդի ճնշող մեծամասնությունը դեմ է Սերժ Սարգսյանի նախաձեռնած փոփոխություններին, և ո՛չ ընտրակաշառքը, ո՛չ բազմակի քվեարկությունը չեն կարող ապահովել անհրաժեշտ ձայների քանակը։

«Իշխանության այս ընտրարշավը տանող բոլոր գեներալները շատ լավ գիտեն, որ տապալել են այս հանրաքվեն։ Իրենք գիտեն, որ ժողովրդի ձայն չեն ստանալու, ստանալու են միայն զանգվածային և վճռական «ոչ»։ Իրենք հիմա հասկանում են՝ միակ ելքը, որ հիմա մնացել է, դա զանգվածաբար կեղծելն է արձանագրությունները տեղամասերում։ Դրա նպատակով իրենք մոտենում հիմա մեր հանձնաժողովականներին, փորձում են նրանց հետ կոնտակտներ հաստատել, կաշառելու առաջարկներ անել և այլն, և այլն»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Հանձնաժողովի անդամների կամ նրանց հարազատների նկատմամբ ճնշումների մասին բարձրաձայնում է նաև «Ժառանգության» պատգամավոր, սահմանադրական փոփոխությունները իշխանափոխությամբ տապալելու կոչ անող «Նոր Հայաստան» շարժման անդամ Զարուհի Փոստանջյանը։ Նրա խոսքով՝ հանձնաժողովի իրենց անդամներին հորդորում են ընտրությունների օրը պարզապես չներկայանալ տեղամաս:

«Պնդումներ կան, որ «այդ օրը ավելի լավ կլինի դուք չգնաք աշխատանքի, այսինքն հանձնաժողովի նիստին չգնաք, մենք, այն վճարը, որ ձեզ նախատեսված է պետության կողմից, երկու անգամ ավելին կվճարենք, դուք հրաժարվեք մասնակցել հանձնաժողովի նիստներին»։ Այսպիսի ահազանգեր ունենք»,- ասաց Փոստանջյանը։

Ըստ «Ոչ»-ի ճակատի հայտարարության՝ ճնշումները կազմակերպում են մարզպետները, որոշ համայնքների ղեկավարներ և մեծամասնական ընտրակարգով ընտրված առանձին պատգամավորներ: Լևոն Զուրաբյանը զգուշացնում է՝ արարքը քրեորեն պատժելի է:

«Մենք զբաղվելու ենք նաև այդ հանցագործներին գտնելով, անունները հրապարակելով, եթե պետք լինի նաև ձայնագրություններ, տեսագրություններ անելով։ Նրանք պետք է հասկանան, որ խաղում են կրակի հետ, ժողովրդի ճակատագրի հետ, ըստ էության, հանցագործություն են անում մեր ամբողջ ժողովրդի ապագայի նկատմամբ։ Սա աններելի բան է, և թող չմտածեն, որ հենց էնպես սա կանցնի»,- ասաց նա։

Հանրապետական կուսակցության մամլո խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը անլուրջ է համարում նման հայտարարությունները։

«Ես անհասցե, առանց փաստերի, չակերտավոր մեղադրանքները, օդում ասած հայտարարությունները չեմ մեկնաբանում։ Եթե որևէ մեկը ունի մտահոգություն, առավել ևս ունի փաստեր, էդ փաստերը պետք է հնչեցնի։ Երկրորդ՝ վիրավորական է, երբ մարդիկ իրենց վստահված անձերին չեն վստահում։ Այսինքն ի՞նչ՝ իրենք կարծում են, որ իրենց վստահված անձերը կամ հանձնաժողովի անդամները պոտենցիալ կաշառվողնե՞ր են, պոտենցիալ դավաճաննե՞ր են։ Ես չեմ կարծում, որ նման փիլիսոփայությունը ճիշտ է։ Իսկ առհասարակ նման քաղաքականությունը՝ անհասցե, օդում կրակող հայտարարություններ անելը անլուրջ է։ Անլուրջ է մանավանդ հիմա»,- ասաց ՀՀԿ խոսնակը։

Շարմազանովն ասում է՝ ընտրողների հետ հանդիպումներ են ունենում, անկաշկանդ մթնոլորտում իրազեկում են մարդկանց, իրենց հանդիպումներից հետո «այո» ասողների թիվն ավելանում է։

«Ոչ» ասողներ էլ կան, «այո» ասողներ էլ կան, չկողմնորոշվածներ էլ կան, բայց հանդիպումներից հետո «այո» ասողները ավելանում են, որովհետև բովանդակային քննարկումների արդյունքում «ոչ» ասողները հիմնականում որևէ հակափաստարկ չեն ներկայացնում կոնկրետ փաստաթղթի վերաբերյալ, իսկ «այո» ասողները կոնկրետ խոսում են բովանդակային քննարկումների վերաբերյալ։ Այս բարեփոխումը երշիկի թանկացման կամ էժանացման բարեփոխում չէ, սա երկրում համակարգային փոփոխությունների իրականացման բարեփոխում է, որի նպատակն է ավելի կայուն, ավելի անվտանգ և ավելի ժողովրդավարական հիմքեր ստեղծել մեր երկրի զարգացման համար»։

Զուրաբյանը հակադարձում է՝ վերջերս համացանցում հայտնված «Այո»-ի քարոզչական տեսահոլովակը ընդամենը 15 հոգի էր հավանել, մինչդեռ շուրջ մեկուկես հազարն իրենց բացասական գնահատականն էին տվել։ «Այնքան համընդհանուր է այս «ոչ»-ի տրամադրությունը, որ «այո» ասելը դարձել է ամոթ մի բան»։

«Ոչ» ասողների մեծաթիվ բանակի մասին պնդումներին Շարմազանովն այսպես է արձագանքում.- «Դեկտեմբերի 6-ի երեկոյան կիմանանք՝ ինչքան են «ոչ» ասողները, ինչքան են «այո» ասողները»։

XS
SM
MD
LG