Կառավարության նիստում Կենտրոնական բանկի (ԿԲ) նախագահի տեղակալ Ներսես Երիցյանն այսօր հավաստիացրեց, թե ԿԲ-ն պատրաստակամ է և ունի բավարար պահուստներ՝ կայունացնելու իրավիճակը արժութային շուկայում:
«Լարվածություն»․ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այս բառով բնորոշեց իրավիճակը հայաստանյան արժութային շուկայում և գործադիրի այսօրվա օրակարագին հարցերին անցնելուց առաջ խոսքը փոխանցեց Երիցյանին:
«Կենտրոնական բանկի պահուստները լիովին բավարար են՝ կանխելու փոխարժեքի բոլոր տեսակի արհեստական տատանումները և ապահովելու ֆինանսական կայունությունը: Համեմատությամբ ասեմ՝ մեր պահուստները համարժեք են շրջանառության մեջ գտնվող կանխիկ դրամին», - ասաց ԿԲ-ի ներկայացուցիչը:
Միևնույն ժամանակ, սակայն, Երիցյանը ուշագրավ հայտարարություն արեց․ - «Բայց այն, ինչը որ դրսի շոկով է պայմանավորված, այդ ճշգրտումները, բնականաբար, պետք է իրենց տեղը գտնեն»:
Կենտրոնական բանկի նախագահի տեղակալը հավաստիացրեց՝ չնայած դրամի վերջին արժեզրկմանը, այս տարի գնաճը կլինի 4%-ի շրջանակներում, գալիք տարի նույնպես գնաճը չի անցնի ծրագրված սահմաններից՝ 4% +/- 1.5%:
Երիցյանն ասաց նաև, որ Հայաստանի բանկային համակարգը կայուն է, բանկերն ունեն անհրաժեշտ քանակությամբ դոլար․ - «Բանկերը իրենք էլ ունեն շատ մեծ դոլարային իրացվելիություն և՛ կանխիկ, և՛ անկանխիկ, որը նույնպես համարժեք է շրջանառության մեջ գտնվող կանխիկին: Այդ իմաստով էլ բանկերը պետք է ի վիճակի լինեն սպասարկելու մեր քաղաքացիների պահանջները»:
Նշենք, որ, չնայած Ներսես Երիցյանի այս հավաստիացումներին, երեկ և այսօր բանկերը սահմանափակումներով են դոլար, եվրո վաճառում քաղաքացիներին:
Թե ինչու՞ է այդպես, կառավարության նիստից հետո Կենտրոնական բանկի փոխնախագահից չհաջողվեց պարզել: Փոխարենը այս հարցն ուղղեցինք էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանին: «Այսպիսի սահմանափակում, որպես այդպիսին, չկա․․․ Համոզված եմ, Կենտրոնական բանկի և մեր բանկերի մոտ եղած դոլարային ծավալները թույլ են տալիս եզրակացնել, որ [դրամի այս տատանումները] մի քանի օրվա խնդիր են և ամեն ինչ կկարգավորվի»:
2015-ին Հայաստանում տնտեսական անկում չի՞ լինի
Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարությունը երեքշաբթի օրը հայտարարեց, որ 2015-ին երկիրը 1.2% աճի փոխարեն, կունենա 0.8% անկում:
«Ազատության» հարցին, թե հնարավոր է գալիք տարի Հայաստանում նույնպես տնտեսական անկում գրանցվի, Ճշմարիտյանը պատասխանեց․ - «Չեմ կարծում, որովհետև մեր տնտեսական հարաբերությունները Ռուսաստանի հետ, օրինակ, նույն առևտրաշրջանառությունը, եթե վերցնում ենք տասն ամսվա տվյալներով, կազմում է մեր ընդհանուր առևտրաշրջանառության 28 տոկոսը: Այսինքն՝ ոչ թե Ռուսաստանի, այլ ԱՊՀ երկրների հետ»:
Դեռ ավելին՝ Ճշմարիտյանը վստահեցրեց, որ 2015-ին կառավարութունը կկարողանա ապահովել խոստացած 4.1% տնտեսական աճը:
Հիշեցնենք՝ 2008-ին, երբ ողջ աշխարհը ընկղմվում էր տնտեսական ճգնաժամի մեջ, վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ եթե ճգնաժամից չխոսենք, այն կշրջանցի մեզ: Հաջորդ տարի Հայաստանն ունեցավ ավելի քան 14%-ոց անկում՝ երրորդ խոշոր անկումն աշխարհում: