Մատչելիության հղումներ

Տնտեսագետը մատնանշում է դրամի վայրիվերումների ներքին պատճառները


Տնտեսագետ Սամսոն Ավետյանն «Ազատություն TV»-ի լրատվական կենտրոնում, 3-ը դեկտեմբերի, 2014թ.
Տնտեսագետ Սամսոն Ավետյանն «Ազատություն TV»-ի լրատվական կենտրոնում, 3-ը դեկտեմբերի, 2014թ.

Ըստ Սամսոն Ավետյանի՝ դրամի շոկային տատանումներ չէին լինի, եթե Հայաստանն աշխատեր արտահանման վրա։

Դրամի փոխարժեքը շարունակում է տատանվել, ինչն արդեն Հայաստանում դարձել է գնաճի պատճառ։ Կենտրոնական բանկը դրամի արձանագրած տատանումները բացատրեց տարածաշրջանում և միջազգային ֆինանսական շուկաներում տեղի ունեցող զարգացումներով։

Տնտեսագետ Սամսոն Ավետյանի կարծիքով՝ Հայաստանում ստեղծված իրավիճակն արտաքին պատճառներից բացի ներքին պատճառներ էլ ունի։ Նրա խոսքով՝ Հայաստանի տնտեսությունը հիմնված է ներկրման վրա, եթե հակառակը լիներ, բոլորովին այլ կերպ կլիներ։

«Ամեն ինչ կախված է մեր առևտրային պակասուրդից, որ մենք ունեցել ենք տարիներ շարունակ՝ անկախությունից հետո։ Սա բավականին կանխատեսելի պրոցես էր։ Ես կարծում եմ, որ ժամանակի ընթացքում, գիտակցելով, որ մենք առևտրային պակասուրդի վիճակում ենք, կամաց-կամաց պետք է աշխատեինք արտահանման վրա, որպեսզի նվազեցնեինք այդ պակասուրդը, և այդ պարագայում այսպես շոկային տատանումներ չէին լինի», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ավետյանը։

Ըստ տնտեսագետի, իրավիճակից դուրս գալու լավագույն սցենարը ներկրողից արտահանող դառնալն է։

«Նայելով ֆունդամենտալ տվյալներին, գիտակցաբար տեսնելով՝ ինչ է կատարվում, առևտրային պակասուրդին ավելի շատ ուշադրություն դարձնելով, մենք պետք է կարողանանք ժամանակի ընթացքում մեր գործարարներին պատրաստել նրան, որ իրենք ներկրումից անցնեն դեպի արտահանում, ու այդ ժամանակ իրենք կկարողանան ավելի մեծ եկամուտներ, շահույթներ ապահովել, արտահանման մոդելն ավելի եկամտաբեր կլինի. ներդրումներ կարվեն, աշխատատեղեր կստեղծվեն, և մենք կամաց-կամաց կանցնենք ներկրումից դեպի արտահանում։ Ես կարծում եմ, որ մեր գործարարների մեծ մասը շատ ունակ են և կկարողանան դա անել», - ասաց Ավետյանը։

Հարցին, թե արտահանող տնտեսություն դառնալու համար տարիներ են հարկավոր, իսկ հիմա ի՞նչ վիճակում կհայտնվի բիզնեսը, տնտեսագետը պատասխանեց. - «Շատ ցավալի է, բայց մեր սպառողների կարողություններն են իջնելու, մեր ակտիվները՝ լինի դա անշարժ գույք, լինի դա բիզնես, իրենց գինն ընկնելու է, վարկերը, որոնք մենք ունենք, մեծ մասը արտարժույթով է՝ դրանով էլ ենք մենք տուժելու։ Հիմա սա, նորից եմ ասում, անխուսափելի է, սրան պետք էր պատրաստվել տարիների ընթացքում, դեպի արտահանում անցնելով՝ թե՛ նախօրոք, թե՛ այսօրվանից հետո»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG