Հայաստանյան գործարարները մտահոգ են. դրամի կտրուկ տատանումները լուրջ վնաս են հասցնում իրենց: Որոշ ձեռնարկետերեր անգամ ստիպված են դադարեցնել գործունեությունը, մինչև դրամի փոխարժեքը կկայունանա:
Տասն օր առաջ արձանագրված արժեզրկումից հետո երեկ դրամը կրկին տատանումների մեջ էր: Մինչև կեսօր դոլարը թանկացավ շուրջ 30 դրամով՝ հասնելով գրեթե տասը տարվա վաղեմության փոխարժեքին՝ 470-475 դրամի, իսկ օրվա վերջում դոլարն արդեն արժեր 450 դրամ:
Սուրճի ներմուծմամբ և մշակմամբ զբաղվող «Ռաֆֆայել Քոնթինի Թրեյդինգ Քամփնի» ընկերության գործադիր տնօրեն Ռաֆֆի Մխջյանը, ով նաև Հայաստանի արտահանողների միության ղեվավարն է, «Ազատությանը» փոխանցեց, թե «դրամի կտրուկ տատանումները ահավոր մեծ ազդեցություն են թողել բիզնեսի վրա»:
«Արդեն մի քանի օր է ես իմ պահեստներից ապրանք բաց չեմ թողնում, որովհետև արդեն մի տասը օր է ես այդ ապրանքը բաց էի թողնում, քանի որ ապրանքի վերջին հաշվառումը կատարվել է 390 դրամի ժամանակ: Եվ քանի որ մինչև 430-435 բարձրացել է, քանի որ չենք կողմնորոշվում դեռևս՝ կայունություն կլինի, թե ոչ, բաց էի թողնում: Բայց էս երկու օրը, որ տեսա անկառավարելի ձևով սկսեց տատանումները, որոշեցի կանգ տալ»:
Մխջյանն ասաց, թե ողջ բիզնեսի մոտ նույն սպասողական վիճակն է․ - «Ցանկացած բիզնես, որը ունի ներմուծվող հումքեր, ներմուծվող ապրանքներ, չի կարող այսօր այս շուկայում չտուժել: Բայց, իմ կարծիքով, ամենամեծ տուժողը լինելու է մեր ազգը, որը չի կարողանալու դիմանալ այս ահավոր ծանր գների փոփոխությանը»:
Նա համոզված է, որ դրամի արժեզրկումը կհանգեցնի գների բարցրացման․ - «Հենց այսօր ես հաշվարկներ եմ անում, որ թանկացնեմ ի գները»:
«Կիա Մոթորս Արմենիա» ընկերության կոմերցիոն տնօրեն Սամվել Ավետիսյանը իրենց օրինակով ներկայացրեց, թե դրամի կտրուկ արժեզրկումից բիզնեսը ինչպես է տուժում․ - «Ապրանքը, դիցուք, մեկ դոլարով գնել ենք: Բերել ենք այստեղ, բնականաբար, դրամով պիտի վաճառենք: Դոլարային տատանման դեպքում մենք չէ՞ որ պիտի դա վաճառենք, դոլար գնենք, որ հետո էլի գործարանից մեքենա գնենք: Մենք, բնականաբար, չենք կարողանում կողմնորոշվենք, մանավանդ այս վիճակի մեջ, երբ առավոտյան զարթնում ենք, մեկ այլ կուրս ա, երեկոյան լրիվ այլ կուրս ա: Ընդ որում, Կենտրոնական բանկը ուրիշ կուրս ա տալիս, փոխանակման կետերում այլ կուրս ա: Չենք կարողանում նորմալ գին ստանանք, որպեսզի մեր հաճախորդներին այդ մեքենան վաճառենք»:
Փոքր բիզնեսի ներկայացուցիչները ընդհանրապես խոսում են փակվելու վտանգի մասին: Կրպակատեր Անդրանիկ Հունանյանը «Ազատության» հետ զրույցում ասաց․ - «Մեր մարժաները շատ ցածր են: Փոքր ու միջին ձեռնարկություններն այնքան փոքր մարժաների տակ են աշխատում, որ, ասենք, տասը տոկոս արժեզրկումը, որը հենց իրենց եկամուտն է, պետք է սկսեն ապրանքը ավելի թանկ վաճառել, որովհետև բոլորը ներկրվող ապրանքներ են: Ժողովուրդը սովոր չի այդ թանկ գներին, ժողովուրդը չի առնում: Այսինքն՝ փակուղի է ստեղծվում»: