Մատչելիության հղումներ

ՀՀ կառավարությունը «համարժեք արձագանք» է նախապատրաստում ՌԴ տնտեսության վատթարացմանը


ՀՀ կառավարությունը «համարժեք արձագանք» է նախապատրաստում ՌԴ տնտեսության վատթարացմանը
please wait

No media source currently available

0:00 0:02:52 0:00

Կառավարությունը նախապատրաստվում է «համարժեք արձագանքնելու», եթե Ռուսաստանում տնտեսական իրավիճակի վատացումը ավելի բացասաբար ազդի Հայաստանի վրա, այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը:

Նախարարը մանրամասնեց` կառավարությունը նախաձեռնել է ոլորտային քննարկումներ` հասկանալու ինչ վիճակում են Հայաստանի տնտեսության տարբեր ճյուղերը և ինչ պետք է սպասել հաջորդ տարի:

«Այս ոլորտային քննարկումները հենց դրա համար են, որպեսզի մենք կարողանանք ավելի լավ պատկերացնել իրավիճակը։ Եվ հետագայում եթե մենք տեսնենք, որ դրության ավելի վատթարացում կարող է լինել, ապա կարողանանք համարժեք արձագանքել արդեն մեր առաջինը ներքին կազմակերպվածության առումով, երկրորդ՝ այն գործիքների կիրառմամբ, որոնք այսօր կան, միգուցե դրանք ընդլայնենք, միգուցե արտահանման աջակցությամբ»,- ասաց նախարարը։

Օրեր առաջ Ռուսաստանի Կենտրոնական բանկը իջեցրեց երկրի այս տարվա տնտեսական աճի ցուցանիշը՝ 0.4-ից դարձնելով 0.3 տոկոս: Էլ ավելի կարևոր է, որ ըստ բանկի գնահատականի, գալիք տարի Ռուսաստանը կունենա 0 տոկոս աճ, այսինքն՝ տնտեսական աճ ընդհանրապես չի լինի:

Սակայն սա էլ ամբողջը չէ․ ըստ Կենտրոնական բանակի զեկույցի, եթե նավթի գները շարունակեն իջնել, և սև ոսկու մեկ բարելի գինը հասնի 60 դոլարի, 2015-ին Ռուսաստանին սպասվում է 3.5-4 տոկոս տնտեսական անկում:

«Ազատության» հարցին, թե այս պայմաններում արդյոք Հայաստանի կառավարությունը պատրաստվո՞ւմ է նոր ճգնաժամի, Կարեն Ճշմարիտյանը պատասխանեց.- «Ես ուղղակի չէի կապի... իհարկե, կա ազդեցություն, չի կարող չլինել մի երկրի երկրորդ առևտրային գործընկեր հանդիսացող երկրի հետ, որտեղ լինի ազգային արժույթի արժեզրկում, գնանկում և դա չազդի այն երկրի վրա, որը արտահանում է այդ երկիր։ Դա վերաբերում է ոչ միայն Հայաստանին, այլ բոլոր այն երկրներ, որոնք ապրանք են արտահանում Ռուսաստանի Դաշնություն։ Բնականաբար, գների բարձրացման հետ կամ փոխարժեքի տատանման դեպքում արտահանումը մեր կամ այլ երկրներից դեպի տվյալ երկիր պիտի կրճատվի։ Դա ուղղակի զուտ տնտեսագիտական այբուբենից է»։

«Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք դա Հայաստանում ճգնաժամ նախանշան է, ես միանգամից կարող եմ ասել՝ ոչ։ Ճգնաժամ ասվածը շատ ավելի ընդգրկուն ու լայն է, և դա միայն այդ գործոնով չէ պայմանավորված»,- նշեց էկոնոմիկայի նախարարը։

XS
SM
MD
LG