Մատչելիության հղումներ

Դրամը շարունակում է արժեզրկվել


Դրամը շարունակում է արժեզրկվել
please wait

No media source currently available

0:00 0:03:34 0:00

Դրամը շարունակում է արժեզրկվել․ օրվա ընթացքում տարադրամի փոխանակման երևանյան կետերում ամերիկյան 1 դոլարը վաճառում էին 423-424 դրամով, ինչն աննախադեպ է այս տարվա համար:

Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանի հաշվարկով, նոյեմբերի սկզբից ամերիկյան արժույթի նկատմամբ դրամը արժեզրկվել է մոտ 1.5%-ով։ Նրա կարծիքով՝ դրամի թուլացման երկու գլխավոր պատճառներն են՝ «Հայաստանի տնտեսական աճի տեմպերի էական անկումը և Ռուսաստանի տնտեսությունում շարունակվող բացասական միտումները»:

«Հայաստանի տնտեսությունը այս տարի կաղալով է առաջ գնում, հայտնի էլ չէ, առաջ գնում է, թե՝ ոչ»,- ասաց Ասատրյանը։

Ասատրյանի խոսքով՝ այս պարագայում էլ ավելի որոշիչ է Ռուսաստանի թողած բացասական ազդեցությանը, որովհետև այդ երկրում տնտեսական լճացման և ռուբլու կտրուկ արժեզրկման հետևանքով կրճատվել են Հայաստան հոսող արտարժույթի ծավալները, քանի որ Ռուսաստան ավելի քիչ ապրանք ենք արտահանում, նվազում են մասնավոր անձանց տրանսֆերտները: Այս ամենի հետևանքով դոլարն ու եվրոն Հայաստանում թանկանում են՝ հանգեցնելով դրամի արժեզրկմանը:

Կենտրոնական բանկի երեկ հրապարակած տվյալների համաձայն, 2014 թվականի սեպտեմբերի վերջին՝ հուլիսի սկզբի հետ համեմատած, Հայաստանի միջազգային պահուստները կրճատվել են մոտ 121 միլիոն ԱՄՆ դոլարով:

Ասատրյանի խոսքով, սա անուղղակիորեն վկայում է, որ անցած ժամանակահատվածում Կենտրոնական բանկը դոլարային ներարկումներ է արել՝ ձգտելով խոչընդոտել դրամի արժեզրկումը։ Նա քննադատեց իշխանությունների նման քայլը՝ հիշեցնելով 2009 թվականը, երբ որոշ ժամանակ դոլարային ներարկումներով պահում էին դրամի փոխարժեքը, սակայն հետո մեկ օրում ստիպված դրամը արժեզրկեցին շուրջ 30 տոկոսով։

«Հայաստանը գնում է դեպի Մաքսային Միություն։ Հայաստանը պետք է հարմարվի այն տնտեսական միջավայրին, որը առկա է, այն իրողություններին, որ այնտեղ կա, այդ թվում՝ նաև, այո, պետք է գնա արժույթի արժեզրկման։ Չեմ ասում՝ թվաբանական անկում, բայց պետք է այնպիսի քաղաքականություն իրականացնի, որ համընկնեն միտումները։ Հակառակ դեպքում մեր կորուստները անհամեմատ ավելի մեծ են լինելու։ Ի վերջո մենք վճարելու ենք Ռուսաստանի կայունության համար»,- ասաց Կենտրոնական բանկի նախկին նախագահը։

Միաժամանակ, Բագրատ Ասատրյանը նախազգուշացրեց՝ դրամի արժեզրկումը առանց տնտեսական աճի կհանգեցնի բնակչության կենսամակարդակի անկմանը:

Տնտեսագետ Վարդան Բոստանջյանը ուշադրություն է հրավիրում հարցի հենց սոցիալական կողմի վրա:

«Շարքային քաղաքացին կրում է այդ վնասը։ Ինքը առանց այդ էլ ստանում է սարսափելի փոքր գումար, ասենք, 100 հազար դրամ, որի գնողունակությունը դադարում է դառնում նախորդ տարվա, նախորդ ամսվա գնողունակության չափով»,- ասաց Բոստանջյանը։

Կենտրոնական բանկի Դրամավարկային քաղաքականության վարչության պետ Վահագն Գրիգորյանը «Ազատությանը» փոխանցեց՝ իրենք վարում են ազատ լողացող փոխարժեքի քաղաքականություն, ինչը ենթադրում է, որ դրամի փոխարժեքը ձևավորվում է շուկայական մեթոդներով՝ առաջարկի ու պահանջարկի հիման վրա, և եթե արտարժույթի նկատմամբ պահանջարկը մեծանում է, այն իր ազդեցությունն է թողնում դրամի փոխարժեքի վրա:

«Կենտրոնական բանկը ինտերվենցիաներ անում է, բայց երբևիցե ինչ-որ մի մակարդակի պահելու համար չէ։ Ազատ լողացող փոխարժեքի քաղաքականության իմաստը նրանում է, որ ԿԲ-ն որևէ մակարդակ ինքը չի նպատակադրում։ Իսկ ինչո՞ւ է ինտերվենցիաներ անում։ Ինտերվենցիաներ անում է ուղղակի կտրուկ տատանումները մեղմելու համար»,- ասաց Գրիգորյանը՝ հավելելով, որ չի կարող որևէ կանխատեսում ներկայացնել փոխարժեքի վերաբերյալ։

Երևանի փողոցներում մարդիկ մտահոգված էին.- «Լավ կլիներ, որ դրամը իր արժեքը պահեր, ժողովրդին էլ նորմալ դրամ տար պետությունը, մարդիկ նորմալ ապրեին»,- փոխանցեց մի քաղաքացի։

«Միշտ էլ դրամը Նոր տարվա շեմին արժեզրկվել է, էս անգամ ավելի շատ է արժեզրկվել ռուսական ռուբլու ֆոնի վրա։ Էսքանից հետո պիտի հասկանան, որ պետք է ներքին արդյունաբերությունը զարգացնել, որ ներմուծող երկիր չհամարվի»,- նկատեց մեկ այլ քաղաքացի։

XS
SM
MD
LG