Շոտլանդիային տրվել էր 307 տարի առաջ կորցրած անկախությունը վերականգնելու հնարավորություն։ Սակայն սեպտեմբերի 18-ի հանրաքվեի արդյունքում քվեարկողների մոտ 55 տոկոսը նախընտրեց մնալ Մեծ Բրիտանիայի ու Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կազմում։
Սակայն այն փաստը, որ 1.5 միլիոն բրիտանացի քվեարկեց հանուն անկախության և դրա կողմն էր խոշորագույն քաղաքի՝ Գլազգոյի բնակչությունը, խոսում են այն մասին, որ սա անկախության կողմնակիցների լիակատար պարտությունը չէր։
Իսկ ինչո՞ւ շոտլանդացիները քվեարկեցին դեմ իրենց իսկ անկախությանը։ Նախ շոտլանդացիները նախընտրեցին ապահով միասնությունը, քան տնտեսական փոփոխություններ պահանջող ու դրա արդյունքում հնարավոր դժվարություններով լի անջատումը։ Երկրորդ՝ 307 տարի առաջ անկախությունից զրկված Շոտլանդիայի բնակչության մի զգալի մասը՝ 1/3-ն այսօր իրեն ոչ թե պարզապես շոտլանդացի է համարում, այլ՝ բրիտանացի։ Երրորդ՝ ինչպե՞ս պետք է լուծվեր նավթի պաշարներով հարուստ Հյուսիսային ծովի պատկանելության հարցը, արդյո՞ք Շոտլանդիան պիտի հրաժարվեր ֆունտ ստերլինգից և ինչպե՞ս կընթանար բիզնես աշխարհի զարգացումը։ Խնդիրներ էին, որոնցից շոտլանդացիները նախընտրեցին խուսափել։
Այժմ առնվազն մեկ սերունդ Շոտլանդիայում այլևս նման հնարավորություն չի ունենա։ Ու, ոմանց կարծիքով, սա Շոտլանդիայի անկախանալու վերջին հնարավորությունն էր։
Սակայն Մեծ Բրիտանիայի կազմում մնալու հանգամանքը Շոտլանդիային տալիս է խոստումներ։ Ինչպես վարչապետ Դեյվիդ Քամերոնը հայտարարեց քվեարկության արդյունքների հրապարակումից անմիջապես հետո, Շոտլանդիայի տեղական խորհրդարանին հավելյալ իշխանություն հատկացնելու մասին նախապես տրված խոստումը մնում է ուժի մեջ և որ իրենք ամեն ինչ կանեն այն շատ արագ իրականացնելու համար։ Սա նշանակում է, որ թագավորության կազմի մեջ մտնող Ուելսն ու Հյուսիսային Իռլանդիան նույնպես շուտով կարող են պահանջել հավելյալ իշխանություն։ Մի բան, որը Մեծ Բրիտանիային ոչ թե կկազմալուծի, այլ կտանի ավելի ժողովրդավար ուղով, ասում են վերլուծաբանները ու շեշտում տարբեր ազգերի մասնակցությամբ պետությունների ամրապնդման գործում բոլորի շահերը հաշվի առնելու կարևորությունը։ Մի բան, որը բացակայում էր ասենք Վրաստանում, ինչի պատճառով փաստացի կորցրեց Հարավային Օսիան ու Աբխազիան, կամ Ադրբեջանում, որը փաստացի կորցրեց Լեռնային Ղարաբաղը։
Ճիշտ է, անկախանալու հարցին Շոտլանդիան դրական պատասխան չտվեց, սակայն, ինչպես փորձագետներն են ասում, սեպտեմբերի 18-ը կարևոր էր ոչ այնքան հանրաքվեի պատասխանով, որքան հենց հանրաքվեի հանգամանքով։ Հանրաքվեն ինքնին շեշտում է մեր ժամանակներում անկախության հանրաքվե անցկացնելու հնարավորությունը և դրա արդյունքները միջազգայնորեն ճանաչելու հանգամանքը։ Հանգամանք, որը կարող է աշխարհի շատ այլ հատվածներում արթնացնել անկախության ձգտումները։
Չնայած Իսպանիայի կենտրոնական իշխանությունը քայլեր է այսօր ձեռնարկում Սահմանադրական դատարանում չեղյալ հայտարարելու կատալանացիների խորհրդարանի այն որոշումը, որով նախատեսում են այստեղ անկախության հանրաքվե անցկացնել նոյեմբերին, կատալանացիներն այսօր առավել անդրդվելի են թվում։
Ինչ վերաբերում է Շոտլանդիայի անկախության հանրաքվեն կազմակերպած առաջին նախարար Ալեքս Սելմոնդին, հանրաքվեի արդյունքների հրապարակումից հետո նա հանդես է եկել համերաշխության ու միասնության կոչով։