Մատչելիության հղումներ

Եթե Շոտլանդիան անկախանա, Ղարաբաղում տոնախմբություն կկազմակերպեն


Շոտլանդիայի անկախությունը Ղարաբաղում տոնախմբությամբ կողջունեն
please wait

No media source currently available

0:00 0:03:28 0:00

Հեռավոր Էդինբուրգում չգիտեն, որ եթե անկախանան Անգլիայից, Ստեփանակերտում տոնախմբությամբ են նշելու դա:

Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը «Ազատության» հետ զրույցում ասաց, թե ինչպես մեծ շուքով, տոնական համերգով նշեցին Ղրիմի ինքնորոշումը, այնպես էլ անտարբեր չեն մնա շոտլանդացիների դրական ընտրությանը․ - «Եթե անկախանան, իհարկե, այդ ամենը նախատեսվում է»:

Շարքային ղարաբաղցիներն էլ կողմնակից են Շոտլանդիայի անկախությանը Միացյալ Թագավորությունից:

«Եթե գտնում են, որ պիտի առանձնանան, ճիշտ էլ անում են: Մենք Ադրբեջանից ո՞նց ենք անկախացել․․․ Ճիշտը դա է», - «Ազատությանն» ասաց միջին տարիքի մի կին:

«Ղարաբաղի հարցում դա կարևոր նախադեպ է, ու կարող ենք դա օգտագործել հետագայում Ղարաբաղի ճանաչման հարցում», - նշեց Ստեփանակերտի մեկ այլ բնակիչ:

Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր Թևան Պողոսյանի կարծիքով՝ Շոտլանդիայի հանրաքվեն շատ լավ օրինակ է՝ աշխարհի հզորներին ցույց տալու, որ ազգերի ինքնորոշման իրավունքը «կորած չէ»:

«Երբ որ մի ժամանակ մեզ՝ բոլոր հայերիս ասում էին, որ այլևս ինքնորոշման իրավունքը չի վերաբերվում այսօրվա աշխարհին․․․ ապացուցվում է, որ այդպես չէ։ Հավասարազոր այսօրվա դրությամբ միջազգային ճիշտ սկզբունքն է, որը նույնիսկ ինչ-որ չափով գերակա է, քան սահմանների անձեռնմխելիության խնդիրը», - նշեց պատգամավորը:

Դավիթ Բաբայանը համոզված է, որ Շոտլանդիայում ընթացող գործընթացները կարող են անդրադառնալ Ղարաբաղի վրա․ - «Ճիշտ է, Արցախի պարագայում մի քիչ իրավիճակը այլ է: Նախևառաջ՝ մենք ինքնորոշվել ենք վաղուց․ ավելի շուտ ճանաչման գործընթացի վրա կարող է ազդել»:

Թևան Պողոսյանի կարծիքով՝ Հայաստանը պետք է ճանաչի Շոտլանդիայի անկախությունը․ - «Վստահ եմ, որ Հայաստանը կլինի առաջիններից մեկը ցանկում, Լոնդոնի ճանաչումից հետո, երբ որ մենք բոլորս կհասկանանք, որ իսկապես այդ իրավունքը պետք է հարգենք»:

Շոտլանդական հանրաքվեի դրական արդյունքների դեպքում ղարաբաղցիները նույնպես պատրաստ են ճանաչել Շոտլանդիայի անկախությունը: «Մենք, քանի որ չճանաչված ենք, մի քիչ այդ խնդիրը կա ճանաչելու հետ կապված: Դա չի կարևորը, կարևորը այն է, որ լինի այդպիսի փաստ: Բնական է՝ ողջունվելու է այդպիսի որոշումը, ինչպես ողջունվելու է բոլոր այլ պարագաներում, այլ օրինակներում», - նշեց ԼՂ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալը:

XS
SM
MD
LG