Մատչելիության հղումներ

Շոտլանդիայի հանրաքվեն ժողովրդավարության ցայտուն դրսևորում էր


Глазго - Сторонники сохранения Шотландии в составе Великобритании празднуют победу, 19 сентября 2014 г.
Глазго - Сторонники сохранения Шотландии в составе Великобритании празднуют победу, 19 сентября 2014 г.

Ասել, թե Շոտլանդիայի հանրաքվեն մեծ հետաքրքրություն էր առաջացրել Հայաստանում և Ղարաբաղում` չափազանցություն կլիներ: Սակայն, շոտլանդական հանրաքվեն, անշուշտ, հետաքրքրել էր մարդկանց:

Միջին տարիքի մի երևանցի, օրինակ, «Ազատությանն» ասաց․ - «Ես գտնում եմ, որ ճիշտ էր, որ առանձնանային, որովհետև այդ ժողովուրդը միշտ ցանկացել է առանձին ապրել»:

«Այդպես էլ պետք է լիներ», - ասաց մեկ այլ քաղաքացի՝ փաստարկելով․ - «Որովհետև Շոտլանդիան ինքը, կարծում եմ, լավ պետություն է, բայց Մեծ Բրիտանիան մեծ դերակատարություն ունի Շոտլանդիայի զարգացման գործում 1700-ականներից այս կողմ: Իրենց քաղաքական դիրքը, այն տեղում չէին, որ իրենք խնդիր ունեին անկախանալու»:

Իհարկե, արձագանքը շատ ավելի շահագրգիռ կլիներ «այո» քվեարկության դեպքում: «Ոչ» քվեարկությունը, հավանաբար, հիասթափեցրել է Շոտլանդիայի անկախության հայ աջակիցներին թե' Հայաստանում և թե' Լեռնային Ղարաբաղում:

Պաշտոնապես Հայաստանը դիրքորոշում չուներ «այո» կամ «ոչ»-ի վերաբերյալ. Հայաստանի համար կարևորը ազատ կամարտահայտության հնարավորությունն էր, որն ընձեռվել էր շոտլանդացիներին:

Պատասխանելով tert.am կայքի հարցին, թե ինչպես կմեկնաբանի Շոտլանդիայի հանրաքվեի արդյունքների մեկնաբանությունները, Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ասել է. - «Անկախ հանրաքվեի արդյունքներից` շոտլանդացիների ազատ կամարտահայտությունը հանդիսանում է ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքի իրացման դրսևորում»: Արտգործնախարարը հավելել է, թե որևէ երկրում, որտեղ հարգվում են մարդու իրավունքներն ու ժողովրդավարական ազատությունները, չի կարող չհարգվել ժողովուրդների ինքնորոշման իրավունքը։

Հայաստանյան խորհրդարանական քաղաքական ուժերը կարծում են, որ Շոտլանդիայի հանրաքվեն ժողովրդավարության ցայտուն դրսևորում էր:

ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը գտնում է, որ այն, ինչ տեղի ունեցավ Շոտլանդիայում, ազգերի ինքնորոշման իրավունքի իրացում էր. - «Ես կարծում եմ, ոչ թե մենք պետք է մեկնաբանենք, այլ ընդունենք փաստը, որովհետև շոտլանդական ժողովրդի կամքն է, և շատ լավ է, որ այդ կամքը արտահայտվել է, և առարկողներ չկան այդ կամքն արձանագրած արդյունքների վերաբերյալ»:

Կիսելով իր գործընկերոջ կարծիքը` Արմեն Մարտիրոսյանը («Ժառանգություն») զուգահեռներ է տեսնում Լեռնային Ղարաբաղի հետ. - «Արդբեջանը ևս պետք է վերջապես հասկանա այն, որ ինչպես Անգլիան համաձայնեց Շոտլանդիայի անկախության հանրաքվեին, ինքը ևս պետք է ընդունի այն հանրաքվեների արդյունքները, որ Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցներն իրականացրել են»:

Դաշնակցության ներկայացուցիչը, մինչդեռ, որևէ զուգահեռ չի ուզում տեսնել Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի հետ. - «Մենք` իբրև ժողովուրդ հաստատել ենք, վերահաստատել ենք մեր ազատ, անկախ ապրելու իրավունքը: Իսկ Ադրբեջանի կտրվածքով եթե անդրադառնալու լինենք, ապա Ադրբեջանը չկայացած պետություն է իր ամբողջ էությամբ` կառուցվածքով, իշխանություններով: Կարծում եմ, որևէ ձևով մենք չպետք է Ադրբեջանի հետ համեմատության եզրեր գտնել»:

XS
SM
MD
LG