Մատչելիության հղումներ

Շոտլանդիան «ոչ» ասաց անկախությանը


Միացյալ Թագավորության կազմում մնալու կողմնակից շոտլանդացիները հանրաքվեի նախնական արդյունքների հրապարակումից հետո, 19-ը սեպտեմբերի, 2014թ․
Միացյալ Թագավորության կազմում մնալու կողմնակից շոտլանդացիները հանրաքվեի նախնական արդյունքների հրապարակումից հետո, 19-ը սեպտեմբերի, 2014թ․

Սեպտեմբերի 18-ի պատմական հանրաքվեի արդյունքներով՝ շոտլանդացիների շուրջ 55 տոկոսը դեմ է անկախությանը:

Շոտլանդիան «ոչ» ասաց անկախությանը՝ գերադասելով մնալ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կազմում:

Սեպտեմբերի 18-ին անցկացված պատմական հանրաքվեի արդյունքներով՝ քվեարկողների շուրջ 55 տոկոսը դեմ է անկախությանը, կողմ՝ ավելի քան 44 տոկոսը:

Հանրաքվեին մասնակցությունը բավական բարձր է՝ ընտրելու իրավունք ունեցող շոտլանդացիների շուրջ 85 տոկոսը մասնակցել է քվեարկությանը:

Անկախության ջատագով, «Ազգային կուսակցության» առաջնորդ Ալեքս Սալմոնը, այսօր ելույթ ունենալով Շոտլանդիայի մայրաքաղաք Էդինբուրգում, շնորհակալություն հայտնեց անկախության օգտին քվեարկած 1 միլիոն 600 հազար շոտլանդացիներին:

Նա նշեց, որ Շոտլանդիայի մեծամասնությունը այս փուլում որոշեց «ոչ» ասել անկախությանը: «Ես հարգում եմ ժողովրդի որոշումը», - հայտարարեց Սալմոնը՝ Բրիտանիայի կառավարությանը կոչ անելով կյանքի կոչել Շոտլանդիային ավելի լայն լիազորություններ փոխանցելու խոստումները, որ տրվել էին Շոտլանդիան Մեծ Բրիտանիայի կազմում մնալու դեպքում:

«Շոտլանդիան ակնկալում է, որ դա կիրականացվի արագ տեմպերով», - ասաց Ալեքս Սալմոնը:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը այսօր ելույթ է ունեցել Լոնդոնում: Նա ասել է, որ Շոտլանդիայի ժողովուրդն արտահայտվեց, և արդյունքը հստակ է:

«Նրանք միասին պահեցին չորս ժողովուրդների մեր երկիրը, ու ինչպես միլիոնավոր մարդիկ՝ ես նույնպես շատ ուրախ եմ», - հայտարարեց Մեծ Բրիտանիայի վարչապետը:

Քեմերոնն ասաց, թե հիմա առաջ շարժվելու ժամանակն է, հավաստիացնելով, որ կիրականացվեն Շոտլանդիային ավելի լայն լիազորություններ փոխանցելու խոստումները:

Անկախությանը դեմ քվեարկությունը նշանակում է, որ «վիճաբանությունը ավարտվել է սերունդների համար», հայտարարեց Մեծ Բրիտանիայի վարչապետը:

Ինչ վերաբերում է հանրաքվեի արդյունքների աշխարհագրությանը՝ նշենք, որ Շոտլանդիայի ամենամեծ քաղաք Գլազգոյում մեծամասնությունը քվեարկել է հանուն անկախության, հակառակ արդյունք է գրանցվել մայրաքաղաք Էդինբուրգում՝ 61 տոկոսը ոչ է ասել անկախությանը, կողմ՝ 38 տոկոսը: Միությունը պահպանելու կողմնակիցները հաղթել են նաև Շոտլանդիայի անկախության գաղափարի առաջնորդ Ալեքս Սալմոնի հայրենի քաղաքում՝ Աբերդինում:

Շոտլանդիայի հանրաքվեի արդյունքները հայտնի դառնալուց անմիջապես հետո, այսօր առավոտյան բարձրացան եվրոպական շուկայի արժեթղթերը:

Եվրոյի դիմաց բրիտանական ֆունտի փոխարժեքը բարձրացավ՝ հասնելով երկու տարվա ընթացքում գրանցված առավելագույնին: Բրիտանական ֆունտը ամրացավ նաև այլ արտարժույթների նկատմամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG