«Ոչ պուտինիզմին» ակցիայի երկու մասնակիցներ բերման են ենթարկվել

Ոստիկանությունն այսօր բերման էր ենթարկել «Ոչ պուտինիզմին» կարգախոսով ակցիայի երկու մասնակիցներին՝ Արմեն Ուրիխանյանին և Վարուժան Տրիբունյանին։ Ոստիկանությունում արձանագրություն է կազմվել, որից հետո վերջիններս բաց են թողնվել:


Ակցիայի սկզբում մի խումբ քաղաքացիներ Ազատության հրապարակից «Ոչ պուտինիզմին» կարգախոսով երթով շարժվեցին դեպի Հայաստանում Ռուսաստանի դեսպանատուն՝ նամակ հանձնելու։ «Ոչ պուտինիզմին», «Ոչ Վոլինկինին» և այլ պաստառներով և Հայաստանի ու Եվրամիության դրոշներով ակցիայի մասնակիցները դեպի Ռուսաստանի դեսպանատուն ճանապարհին հայտարարում էին, որ Հայաստանի ապագան ոչ թե բռնատիրական Ռուսաստանն է, այլ ժողովրդավարական Եվրոպան, որտեղ հարգվում են մարդու իրավունքները։

Ակցիայի մասնակիցները մերթ ընդ մերթ դժգոհում էին ակցիան հսկող ոստիկաններից՝ պահանջելով նրանց հասարակական կարգը պահպանել, այլ ոչ թե իրենց հրել։ Լարվածությունն ավելի շատացավ, երբ երթը մոտեցավ դեսպանատան շենքի հարակից տարածք։ Ոստիկանները պատ կազմեցին՝ թույլ չտալով փողոցն անցնել։

Բանակցություններն ավարտվեցին նրանով, որ ոստիկանները թույլ տվեցին փողոցն անցնել, բայց դեսպանատան շենքին մոտենալ թույլ չտվեցին: Ի վերջո, շուրջ կես ժամ տևած բանակցությունների արդյունքում ոստիկանները երթի մասնակիցներից մի քանիսին թույլ տվեցին մոտենալ դեսպանատան փոստարկղին։ Վերլուծաբան, լրագրող Գայանե Առուստամյանը նամակը գցեց փոստարկղ։

«Կարող են, իհարկե, գալ՝ իրենց փոստն է, վերցնել և կարդալ: Եվ ես վստահ եմ, որ իրենք մինչև վերջին ստորակետը արդեն տեղյակ են», - նշեց նա:

Նամակում ակցիայի նախաձեռնողները Ռուսաստանի իշխանություններին հիշեցնում են, որ Հայաստանն ինքնիշխան պետություն է, և որ Հայաստանի ժողովուրդն է որոշում Հայաստանի ապագան, այլ ոչ թե Պուտինն ու նրա կողմնակիցները։ Նամակի հեղինակները իրենց բացասական վերաբերմունքն էին հայտնում նաև Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինի արած հայտարարությունների կապակցությամբ։ Հիշեցնենք՝ Ռուսաստանի դեսպանը ասել էր, թե պետք է նոր մեթոդներ գործադրել հայ - ռուսական հարաբերություններում սեպ խրելու ցանկություն ունեցող ոչ կառավարական կազմակերպությունները չեզոքացնելու համար:

Ակցիայի ավարտին, ինչպես «Ազատությանը» փոխանցեց «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության նախագահ, ակցիայի մասնակից Պարույր Հայրիկյանը, անհասկանալի պատճառներով բախում տեղի ունեցավ, ինչից հետո ոստիկանները բաժին տարան ակցիայի երկու մասնակիցների՝ Արմեն Ուրիխանյանին և Վարուժան Տրիբունյանին: Ոստիկանությունում արձանագրություն է կազմվել, որից հետո վերջիններս բաց են թողնվել: Ուրիխանյանը և Տրիբունյանը արձանագրությունը չեն ստորագրել և չեն կարող ասել, թե այնտեղ ինչ է գրված եղել: