Մատչելիության հղումներ

Վազգեն Մանուկյան. Ժամանակն «աշխատել է երկու ուղղությամբ»


Վազգեն Մանուկյան. Ժամանակն «աշխատել է երկու ուղղությամբ»
please wait

No media source currently available

0:00 0:04:02 0:00

Վազգեն Մանուկյան. Ժամանակն «աշխատել է երկու ուղղությամբ»

Քսան տարի առաջ այս օրը ուժի մեջ մտավ զինադադարի մասին համաձայնագիրը պաշտոնական Երևանի, Ստեփանակերտի ու Բաքվի միջև:

Հիշեցնենք՝ կրակի դադարեցման մասին փաստաթուղթը Ռուսաստանի միջնորդությամբ կնքվեց 1994 թվականի մայիսի 11-ին և ուժի մեջ մտավ հաջորդ օրվանից:

Անդրադառնալով ղարաբաղյան զինադադարին հաջորդած ժամանակահատվածին և այսօր ստեղծված իրավիճակին՝ հետկոմունիստական Հայաստանի առաջին վարչապետ և 1992-1993 թվականներին Պաշտպանության նախարար Վազգեն Մանուկյանն այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց, թե անցած տարիները «աշխատել» են երկու ուղղությամբ. - «Այսպիսի հարցերում ժամանակը անցնելու դեպքում հարցը ոնց որ մաշվում է ավելի: Ավելի մոռացվում է, ավելի մաշվում է և գնում է: Եվ ինչքան երկար ժամանակ է անցնում, ավելի դժվար է նորից պայթեցնել կրակ ու վերադառնալ նախկինի: Այդ տեսակետից ժամանակը մեր օգտին էր աշխատում: Ալիևը դա հասկանալով՝ աշխատում է ժամանակն անընդհատ կանգնեցնել: Այսինքն, իր գրեթե ֆաշիստական քարոզչության, որն այժմ Ադրբեջանում կա, նպատակներից մեկն այն է, որ հարցը չմաշվի, չգնա»,- նշեց Մանուկյանը՝ հավելելով, թե «ժամանակի երկրորդ մասը կա, այսինքն՝ դու այդ ժամանակը օգտագործու՞մ ես զարգանալու համար»:

Ահա, այստեղ է, ըստ մեր զրուցակցի, որ անցած քսան տարին Հայաստանը չի կարողացել արդյունավետ օգտագործել. - «Համեմատած Ադրբեջանի հետ, մենք իհարկե անհամեմատ ավելի դեմոկրատական ենք: Բայց մի շատ կարևոր բան կա, որ ոչ մի ընտրությունների արդյունքների հետ հասարակությունը համաձայն չի: Ո՞նց կարող է լինել դեմոկրատական պետությունը, երբ որ ցանկացած ընտրության արդյունքի հետ հասարակությունը հիմնականում համաձայն չէ: Ինչ վերաբերում է տնտեսության զարգացմանը, իհարկե, Հայաստանի տնտեսության զարգացման առջև օբյեկտիվ խոչընդոտներ կային: Բայց ես կարծում եմ, որ նույնիսկ այն հնարավորությունները, որ Հայաստանն ուներ, լավ չի օգտագործել: Այս օլիգարխիկ համակարգը, որը զրկում է մրցունակությունից ներքին տնտեսությունը, կործանարար է Հայաստանի համար»:

«Հիմնականն այն չէ, թե ինչ են ասում համանախագահները, որովհետև ոչ ոք ջանք չի թափելու Հայաստանին ինչ-որ բան պարտադրելու», - ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարի մասին խոսելիս՝ ասաց Վազգեն Մանուկյանը: - «Ամենահիմնական խնդիրը կայացած է հետևյալում` Հայաստանը և Ղարաբաղը իրենց մեջ ուժ կգտնե՞ն, որպեսզի ժամանակը արդյունավետ օգտագործեն իրենց համար: Դրան միավորված նաև սփյուռքը: Խնդիրը միայն և միայն կապված է մեր ժողովրդի հետ»:

1991-1997 թվականներին Հայաստանի նախագահի խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը երեկ «Ազատության» կիրակնօրյա վերլուծականի ժամանակ մտահոգություն հայտնեց, թե անցած քսան տարվա արդյունքում Հայաստանում ստեղծված իրավիճակը կարող է բերել նրան, որ ուրիշը մեր փոխարեն լուծի ղարաբաղյան հարցը. - «Մեզ վստահեցնում են, որ ամեն բան կարգին է. եթե պատերազմ լինի, կհաղթենք: Բայց, մյուս կողմից`ինչի՞ համար ուրեմն մենք վախենում ենք ամեն անգամ, երբ որ Մաքսային միություն է, թե այս է, թե այն է, ասում ենք` մենք Ղարաբաղի հարց ունենք, մենք պետք է ստորագրենք սա, պետք է ընդունենք դա, որովհետև Ղարաբաղի հարց ունենք»:

1996-1998 թվականներին Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը ղեկավարած Ալեքսանդր Արզումանյանի համոզմամբ` առաջիկայում Լեռնային Ղարաբաղի անվտանգության և անկախության համար առաջնային է դառնում Հայաստանի Հանրապետության անկախության պահպանումը, ինչը, հատկապես, արդիական է դարձել Եվրասիական միությանը Երևանի սպասվող անդամակցության ֆոնին:

Երեկ՝ «Ազատության» Կիրակնօրյա վերլուծականի ընթացքում Արզումանյանը մանրամասնել էր. - «Լեռնային Ղարաբաղի գոյատևման գրավականը դա Հայաստանի անկախ հանրապետության առկայությունն է: Չի լինի Հայաստան` չի լինի Ղարաբաղ. դա ակնհայտ է: Եվ այսօր մենք զիջում ենք մեր ինքնիշխանությունը. այսօր օտարերկրյա զորքեր են Գյումրիում զորահանդես անցկացնում, այսօր մենք չգիտենք ուր ենք գնում: Մենք գնում ենք թակում ենք ինչ-որ միության դռները, որ ինքն այդ միությունը դեռևս չգիտի` կկարողանա՞ կազմավորվել, թե՞ չի կարողանա»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG