Ռուսական կողմը պնդում է, որ գրավել է Կուրախովե քաղաքը
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ռուսական զորքը գրավել է ուկրաինական Դոնեցկի մարզի Կուրախովե քաղաքը: Կիևը դեռ չի հաստատել լուրը։ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի այսօրվա հաղորդագրությունում նշվում է, որ վերջին 24 ժամում այս ուղղությամբ հակառակորդի 27 հարձակում է հետ մղվել։
Ուկրաինան կհամաձայնի՞ ՆԱՏՕ-ին անդամակցելու հրավերի դիմաց հրաժարվել օկուպացված շրջաններից. Զելենսկու արձագանքը
Ճակատում լարված իրավիճակի ֆոնին Ուկրաինայի նախագահը երեկ ծավալուն հարցազրույց է տվել ամերիկացի փոդքասթեր Լեքս Ֆրիդմանին: Վերջինս Վլադիմիր Զելենսկիից հետաքրքրվել է, թե ինչ է կարծում խաղաղության շուրջ բանակցությունների մասին, ինչին ի պատասխան՝ Զելենսկին հիշեցրել է 2019 թվականի բանակցությունները, որոնց արդյունքում համաձայնություն էր ձեռք բերվել հրադադարի մասին, որը, սակայն, շուտով խախտվեց։
«Մոտ մեկ ամիս անց նրանք սկսեցին մեզ սպանել, ես զանգահարեցի Պուտինին և ասացի, որ պայմանավորվել ենք հրադադարի մասին, չէ՞ որ նման պայմանավորվածություն ունենք, դա զուգարանի թուղթ չէ, սա լուրջ պատմություն է: Մերկելը, Մակրոնը, ես և դու պայմանավորվել ենք հրադադարի մասին, չէ՞ որ դա կարևոր է», - հիշել է Զելենսկին:
Արդյոք Ուկրաինան կհամաձայնի՞ ՆԱՏՕ-ին անդամակցելու հրավերի դիմաց հրաժարվել Ռուսաստանի կողմից օկուպացված Լուգանսկի, Դոնեցկի, Զապորոժիեի և Խերսոնի շրջաններից, ինչպես նաև բռնակցված Ղրիմից։ Զելենսկին ասել է, որ սա պատերազմը կանգնեցնելու ուղիներից մեկն է. - «Բոլոր այդ տարածքները դեռ Ուկրաինայի մաս են կազմում, բայց ՆԱՏՕ-ն կարող է գործել այն հատվածում, որը գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ, դա կարելի է համաձայնեցնել։ Վստահ եմ դրանում: Անշուշտ, դա մեծ հաջողություն չի լինի մեզ համար, սակայն եթե մենք տեսնում ենք պատերազմին վերջ դնելու որևէ դիվանագիտական ճանապարհ, ապա սա դրանցից մեկն է»:
Ֆրիդմանի հարցին, թե արդյոք պատրաստ է հունվարին հանդիպել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ անվտանգության երաշխիքներով խաղաղության պայմանագիր ստորագրելու համար, Զելենսկին պատասխանել է, որ նախ ցանկանում է հանդիպել միայն Թրամփի հետ։
«Կարող ենք բանակցությունների նստել նախ Թրամփի հետ և համաձայնեցնել, թե ինչպես կարող ենք դադարեցնել պատերազմը և Պուտինին: Մեզ համար նաև կարևոր է, որ Եվրոպայի ձայնը նույնպես լսելի լինի ... Իսկ եթե նաև անվտանգության ուժեղ երաշխիքներ առաջարկվեն, ապա դրանից հետո արդեն կարող է խոսակցություն ծավալվել ռուսների հետ։ Եվ միայն այսպես, և ոչ թե երեքս միանգամից նստենք բանակցությունների», - հավելել է Ուկրաինայի առաջնորդը:
Արձագանքելով դիտարկմանը, որ առանց փոխզիջումների հնարավոր չէ հասնել խնդրի կարգավորմանը, Զելենսկին ասել է՝ միայն այն փաստը, որ Պուտինը դեռ բանտում չէ՝ այդքան մարդկային կյանք խլելու համար, արդեն փոխզիջում է:
«Եվ ոչ ոք չի կարողանում նրան իր տեղն ուղարկել, բանտ ուղարկել: Կարծում եք՝ սա փոքր փոխզիջում է ... Ոչ ոք չի ների նրան: Բացարձակապես անհնար է ներել նրան: Ոչ ոք չի ընդունի դա», - նշել է նա:
Բլինքենն ասել է, որ հիմքեր ունեն ենթադրելու՝ Մոսկվան մտադիր է Փհենյանին տրամադրել նաև տիեզերական և արբանյակային առաջադեմ տեխնոլոգիաներ
Երեկ Ռուսաստանը հայտարարել էր, որ ուկրաինական զինուժը հակահարձակում է ձեռնարկել ռուսական Կուրսկի շրջանում, որը սակայն հետ է մղվել։ Ռուս-ուկրաինական ճակատում տիրող իրադրությանը Հարավային Կորեա այցի ժամանակ անդրադարձել է Միացյալ Նահանգների պետքարտուղարը: Էնթոնի Բլինքենն ասել է, որ Ուկրաինայի դիրքերը Կուրսկում վճռորոշ նշանակություն ունեն ապագա բանակցությունների համար:
«Դեկտեմբերի վերջին շաբաթվա ընթացքում Կուրսկում հյուսիսկորեացի ավելի քան 1000 զինվոր է սպանվել, ավելի շատ՝ վիրավորվել։ Նրանք ինքնիշխան երկրի՝ Ուկրաինայի սահմանները վերագծելու, դա ուժով կատարելու՝ Ռուսաստանի ջանքերի զոհերն են, ինչը վկայում է աճող սպառնալիքի մասին, որը բխում է Մոսկվայում և Փհենյանում ռևիզիոնիստ ավտորիտար ղեկավարների միջև ուժեղացված համագործակցությունից: Հյուսիսային Կորեան արդեն ստանում է ռուսական ռազմական տեխնիկա», - հայտարարել է պետքարտուղարը:
Էնթոնի Բլինքենը նաև ասել է, որ այժմ հիմքեր ունեն ենթադրելու, որ Մոսկվան մտադիր է Փհենյանին տրամադրել նաև տիեզերական և արբանյակային առաջադեմ տեխնոլոգիաներ:
ԱՄՆ-ն պետք է ՌԴ-ին համոզի բանակցություններ սկսել. Մակրոն
Ֆրանսիայի նախագահն, իր հերթին այսօր անդրադառնալով ռուս-ուկրաինական հակամարտությանը, հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պետք է Ռուսաստանին համոզի բանակցությունների սեղանի շուրջ նստել: Էմանյուել Մակրոնը նշել է, որ հանուն միջազգային կարգի, հանուն անվտանգության չեն կարող թույլ տալ, որ Ռուսաստանը հաղթի Ուկրաինային:
«Հարցն այն չէ, թե արդյոք դա պե՞տք է անենք, թե ոչ, հարցն այն է, թե իրականում ինչպես կազմակերպվենք, որպեսզի երկար ժամանակ կարողանանք դիմանալ, հնարավորություն տանք ուկրաինացիներին, որ դիմադրեն և լինեն լավագույն դիրքերում, որպեսզի կարողանան բանակցություններ վարել տևական խաղաղության համար, խաղաղություն, որը կլինի ցանկալի, ձեռք կբերվի ուկրաինացիների հետ և թույլ կտա գտնել ուղիներ և միջոցներ՝ դիմակայելու ռուսական սպառնալիքին, որը վտանգ է ներկայացնում եվրոպացիներիս՝ բոլորիս համար»։
Մակրոնը նաև նշել է, որ պատրանքներ պետք չէ ունենալ, բոլորի համար էլ ավելի պարզ է դառնում, որ Ուկրաինայում արագ և հեշտ լուծում չի լինի: Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգների նոր նախագահը ևս գիտի, որ Վաշինգտոնը ոչինչ չի շահի, եթե Ուկրաինան պարտվի այս պատերազմում: