Անցած 2024-ը պատմական էր՝ աշխարհում տեղի ունեցած ընտրությունների ու քվերակություններին մասնակցած մարդկանց աննախադեպ ցուցանիշով։
Մոլորակի բնակիչների մոտ կեսն՝ ավելի քան 3.7 միլիարդ մարդ, անցած տարի գնաց ընտրության 70-ից ավելի երկրներում։ 2025-ը կլինի այդ ընտրության արդյունքները քաղելու ժամանակը։
Փոփոխությունների շարանը կսկսվի, թերևս, Միացյալ Նահանգներից․ հունվարի 20-ին իշխանության կգա Դոնալդ Թրամփը, ով խոստացել է վերջ դնել արդեն երեք տարի Ուկրաինայի դեմ շարունակվող պատերազմին, խաղաղություն հաստատել Մերձավոր Արևելքում, խստացնել Իրանի դեմ պատժամիջոցներն ու բարձր մաքսատուրքեր սահմանել հեռու և մոտ երկրներից Ամերիկա ներմուծվող ապրանքների վրա։
«Ես կավարտեմ պատերազմն Ուկարինայում, որը չէր էլ սկսվի, եթե ես լինեի նախագահ։ Ես վերջ կդնեմ մերձավորարևելյան քաոսին և ամենակարևորը՝ կկանխեմ երրորդ համաշխարհային պատերազմը», - հայտարարել է ԱՄՆ նորընտիր նախագահը։
Ուկրաինայի դեպքում Թրամփը խոստանում է հարկադրել կողմերին գնալ բանակցությունների, միայն թե Կիևում մտավախություն ունեն, որ այդ հարկադրանքի ուժը կծանրանա հիմնականում նախագահ Զելենսկու վրա՝ ստիպելով թույլ կողմին խաղաղություն կնքել իր համար անընդունելի պայմաններով ու տարածքային լուրջ կորուստներով։
Հնարավոր մեկ այլ սցենարով Միացյալ Նահանգները կարող է դադարեցնել կամ էապես կրճատել Կիևին հատկացվող օժանադակությունը՝ թողնելով այդ պատասխանատվությունը Եվրոպայի ուսերին։ Թրամփն անգամ չի բացառել, որ կարող է դուրս գալ Հյուսիսատլանտկյան դաշինքից, եթե ՆԱՏՕ-ի անդամ երկրները բավականաչափ գումար չտրամադրեն պաշտպանության համար։
«Նրանք պետք է մուծվեն, եթե ոչ՝ Միացյալ Նահանգներն այդ կառույցից դուրս կգա։ ՆԱՏՕ-ն օգուտ է քաղում մեզնից երկու հարցում․ առաջինը՝ առևտրում։ Եվրոպական երկրները չեն գնում մեր մեքենաները, մեր սննդամթերքը, որևէ այլ բան, ինչը խայտառակություն է։ Եվ այդ ամենից հետո մենք մի բան էլ նրանց պաշտպանում ենք՝ կրկնակի տուժելով», - ասել է ԱՄՆ նախագահը։
Այսօր, փաստացի, ՆԱՏՕ-ի անդամ 30 երկրների միայն երկու երրորդն է իր ՀՆԱ-ի երկու տոկոսը տալիս պաշտպանությանը։ Առանց Ամերիկայի նրանք թերևս ստիպված կլինեն կրկնապատկել այդ գումարը, այն դեպքում, երբ արդեն իսկ տնտեսական լուրջ խնդիրներ ունեն ուկրաինական պատերազմից հետո։ Փորձագետները, միաժաանակ փաստում են, որ եվրոպական տարածաշրջանում 2025-ին ակնկալվում է ոչ միայն և ոչ այնքան փողի, որքան առաջնորդության կարիք։
«Եվրոպան անկման մեջ է»
Ֆրանսիայի նախագահ Մակրոնի դիրքերը 2024-ին էապես թուլացել են`ստիպելով նրան չորս կառավարություն փոխել՝ մեկ տարում, Գերմանիայում տարեվերջին անվստահություն հայտնեցին կանցլեր Շոլցին, և հիմա պատրաստվում են նոր ընտրությունների, Մեծ Բրիտանիայում էլ վարչապետ Սթարմերի վարկանիշը մի քանի ամիս պաշտոնավարելուց հետո հասել է ռեկորդային ցածր մակարդակի։ Մինչդեռ ակնկալվող մարտահրավերները նախորդ տարվանց ավելի լուրջ են լինելու՝ աջ ծայրահեղականների վերադարձից մինչև տնտեսական անկում, ասում է Գերմանիայի արտաքին հարաբերությունների խորհրդի փորձագետ Շտեֆան Մայսթերը։
«Կարծում եմ՝ Եվրոպան անկման մեջ է։ Հասարակություններն այլևս չեն կարողանում օգտվել այն տնտեսական մոդելից, որը մենք ունենք, և դա նպաստում է պոպուլիզմի աճին։ Մենք ունենք նաև Եվրոպա ժամանող միգրանտների հսկայական ալիք, ինչը մեր հասարակություններում տարաձայնություններ է առաջացնում։ Այս ամենը պետք է մի կերպ շտկել, սակայն, ԵՄ խոշոր անդամ պետություններից այս պահին չկա որևէ մեկը, որ ունի հայեցակարգ և առաջատար է այս հարցում», - ասել է Մայսթերը։
Մերձավոր Արևելքը՝ աշխարհքաղաքական բախումների ու առևտրի հավանական թատերաբեմ
Մի կողմից Եվրոպայի անկման, մյուս կողմից՝ Ամերիկայի ակնկալվող մեկուսացման ֆոնին Մերձավոր Արևելքն է հավակնում դառնալ աշխարքաղաքական բախումների ու առևտրի թատերաբեմ։ Տասնամյակներ շարունակված բախումներով հայտնի տարածաշրջանում 2024-ին հօդս ցնդեցին մինչ այդ գրված ու չգրված օրենքներն ու գործող կարգերը․ Իսրայելի ու Իրանի միջև ստվերային հակամատությունը վերաճեց ուղիղ բախումների, «Հեզբոլա»-ի ղեկավար կազմը գլխատվեց, տարեվերջին էլ Սիրիայում տապալվեց ասադների՝ ավելի քան կես դար շարունակված իշխանությունը։
13 տարվա արյունալի քաղաքացիական պատերազմից հետո՝ընդամենը մի քանի օրում, Դամասկոս մտան արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Հայաթ Թահրիր աշ-Շամ» խմբավորման զինյալները՝ հարկադրելով նախագահ Ասադին թողնել իշխանությունն ու տարհանվել Մոսկվա։
Պատմական այդ հաղթանակը 2025-ին միայն ցույց կտա՝ արդյոք Սիրիայի նոր իշխանությունը պատրաստ է մոռանալ ահաբեկչական անցյալն ու անցնել աշխարհիկ կառավարման՝ պաշտպանելով բազմազգ ու բազմակրոն երկրի բոլոր փոքրամասնությունների իրավունքները։ Հարց է նաև ՝անցումային այս փուլում արտաքին որ ուժերն են դառնալու գերակշռող։
Նախնական գնահատականնեով՝ տեղի ունեցածի ամենամեծ շահառուն Թուրքիան է, որը սատարում էր Ասադի դեմ պայքարող խմբավորումներին և հիմա փորձում է իր օրակարգը թելադրել։ Իսրայելն էլ ի՛ր շահերն ունի Սիրիայի հարավում, և ուզում է դրանք առաջ մղել։ Մյուս կողմից, անորոշ է ռուսական բազաների ճակատագիրը, որոնք կենսական նշանակություն ունեն Կրեմլի համար։ Մոսկվան Տարտուսում տեղակայված ռազմածովային կայանի միջոցով է գործուն պահում իր միջերկրական նավատորմը, քանի որ Թուրքիան փակել է Դարդանելի ու Բոսֆորի նեղուցները։ Սիրիայում տեղակայված ռուսական ավիաբազան էլ մեկնարկային հարթակ է՝ դեպի Լիբիա և աֆրիկյան այլ երկրներ թռիչքների ու բեռնափոխադրումների համար, ուստի Մոսկվան ամեն կերպ ձգտելու է պահել դրանք։ Առայժմ միայն Միացյալ Նահանգներն է հայտարարել, որ ազդեցության գոտիների այդ բաշխմանը մասնակցելու մտադրություն չունի։ «Սա մեր կռիվը չէ», - տարեվերջին հայտարարեց ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Կարծում եմ՝ մենք պետք է մեր կյանքով զբաղվենք, կտեսնենք՝ ինչ կլինի, սակայն այս պահին Սիրիայում բազմաթիվ անորոշություններ կան։ Ոչ մեկ չգիտի՝ ինչ է լինելու այդ երկրում։ Կարծում եմ, որ իրականում Թուրքիան է վճռորոշ դեր ունենալու։ Չեմ կարծում, որ սա որևէ մեկից լսած լինեք, սակայն, ես բավականին լավ եմ կանխատեսումներ անելուց», - հայտարարել է ԱՄՆ ընտրված նախագահը։
Դրությունն Իրանում, կանխատեսումներ 2025-ի համար
Կանխատեսումների հարցում ամենամռայլը, թերևս, Իրանի դրությունն է․ 2024-ին Իսրայելին հաջողվեց ոչ միայն խոցել Թեհրանի ռազմական կարողությունները, այլև էապես թուլացնել այդ երկրի դաշնակիցների՝ տասնամյակներով կառուցած դիմադրության առանցքը։ 2025-ին, ամենայն հավանականությամբ, պարզ կդառնա՝ վարչապետ Նեթանյահուն ու նրա ծայրահեղ աջակողմյան կոալիցիան պատրաստ են այդքանով բավարարվել, և եթե ոչ՝արդյոք Իրանը և նրա աջակիցները ի վիճակի կլինեն ուղիղ հակամարտության մեջ մտնել Իսրայելի հետ։ Մինչ այդ Թեհրանում առավել ծայրահեղական ուժերը պնդում են՝ իսլամական պետությունն այլևս կորցնելու ոչինչ չունի և պետք է անցնի պաշտպանության ծայրահեղ միջոցների։
Իրանի օդային պաշտպանությունն ու հրթիռներ արտադրող գործարանները մեծապես տուժել են Իսրայելի հարձակումներից, և այս պայմաններում շատերն են մտահոգ, որ Թեհրանը կարող է իր միջուկային քաղաքականությունը վերանայել, այդ թվում՝ միջուկային ռումբ ստեղծել։
Անկյունում հայտնված Իրանը, ըստ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տնօրեն Ռաֆայել Գրոսիի, մի քանի շաբաթ առաջ արդեն ուրանի հարստացումը հասցրել է 60 տոկոսի, ինչը մի քանի քայլ է ընդամենը հեռու միջուկային զենք արտադրելու համար անհրաժեշտ 90 տոկոսից: Որ զարգացման տեմպը մտահոգիչ է՝ հուլիսին նաև Պետքարտուղար Բլինքենն էր պնդել։
«Թեհրանից թերևս մեկ-երկու շաբաթ կպահանջվի ուրանային վառելիքը ռումբի վերածելու համար, և մենք, իհարկե, ուշադրությամբ հետևում ենք դրան», - ասել է ԱՄՆ պետքարտուղարը։
Իսրայելը 2024-ին մի քանի թիրախային հարված հասցրեց Իրանի միջուկային օբյեկտներին, սակայն բուն կարողություններին հասնելու համար Նեթանյահուին պետք կլինի Ամերիկայի աջակցությունը։ Ուրանի հիմնական արտադրությունը, ըստ New York Times-ի, տեղի է ունենում Ֆորդո լեռան խորքում, որտեղ թափանցելու համար ամենայն հավանականությամբ կպահաջվի 30 հազար ֆունտ կշռող Massive Ordnance Penetrator ամերկյան հրթիռը։ Այն տեղ հասցնելու համար էլ պետք կլինի գործի դնել ամերիկյան B-2 ռմբարկուն, որը ևս չկա Իսրայելի զինանոցում։ Թրամփը ուղիղ չի ասել՝ պատրաստ է ի տարբերություն իր նախորդների, այս հարցում Իսրայելին աջակցել, բայց նրա անվտանգության գծով ապագա խորհրդական Մայք Վոլցն արդեն հայտարարել է՝ ի տարբերություն Բայդենի, Թրամփի վարչակազմն Իրանի հանդեպ ճնշումները հասցնելու է աննախադեպ մակարդակի։
«Առավելագույն ճնշումը ոչ միայն կօգնի կայունությանը Մերձավոր Արևելքում, այլև ռուս-ուկրաինական թատերաբեմում, քանի որ Իրանը բալիստիկ հրթիռներ և հազարավոր ու հազարավոր անօդաչուներ է մատակարարում, որոնք կիրառվում են այդ ռազմաճակատում», - ասել է Վոլցը։
Հնարավոր նոր առճակատումներից ու խաղաղության՝ թույլ նշմարվող հեռանկարից բացի 2025-ին սպասվում են նաև տնտեսական խնդիրներ։ Աշխարհի ամենահզոր տերության՝ Միացյալ Նահանգների առաջնորդը պատրաստվում է բարձր մաքսատուրքեր սահմանել Ամերիկա ներմուծվող չինական ապրանքների վրա։ Սա, ըստ վերլուծաբանների, կարող է ազդել ոչ միայն այդ երկու մրցակից երկրների առևտրի, այլև ողջ աշխարհի վրա, Վաշինգտոնից փոխանցում է «Ազատության» թղթակից Թոդ Փրինսը։
«Թրամփը բազմիցս է ասել, որ բարձր տուրքեր է սահմանելու չինական ապրանքների ներկրման վրա՝ Պեկինի աճող քաղաքական, ռազմական ու տնտեսական հզորությունը սասանելու համար։ Չինաստանը խոստանում է պատասխան տալ՝ դուռ բացելով աշխարհի երկու ամենամեծ տնտեսական ու ռազմական կարողությունն ունեցող երկրների տնտեսական առճակատման համար», - ասել է Փրինսը։
Եթե Թրամփն իսկապես իրականացնի նախընտրական այդ խոստումը, Պեկինն, ամենայն հավանականությամբ, թույլ կտա, որ չինական յուանի արժեքը նվազի, որպեսզի թուլացնի նոր տուրքերի ազդեցությունը սեփական արտադրողների վրա: Արդյունքում, չինական ապրանքների գինն էլ ավելի կընկնի՝ ավելի լուրջ մրցակցություն ստեղծելով հարուստ ու աղքատ, մեծ ու փոքր տնտեսությունների համար աշխարհով մեկ: Եվ երկրները, որ ժամանակին նախընտրում էին չեզոք մնալ, 2025-ին, ամենայն հավանականությամբ, այլևս անկարող կլինեն խուսափել առևտրային պատերազմներից ու սահմանափակումներից, պնդում է «Էկոնոմիստ»-ը։
2025-ը կարող է բեկումնային լինել քաղցկեղի դեմ պայքարում
Մտահոգիչ այս կանխատեսումների ֆոնին՝ ակնկալվում են նաև դրական զարգացումներ, մասնավորապես, 2025-ին բեկում է սպասվում քաղցկեղի դեմ պայքարում։ Տասնամյակների ապարդյուն փորձերից հետո գիտնականներին ի վերջո հաջորղվել է ստեղծել դեղամիջոց, որն անհրաժեշտ տեղեկություններ է փոխանցում մարդու իմունային համակարգին՝ սովորեցելով նրան ճանաչել չարորակ ուռուցքն ու պայքարել դրա դեմ։ Նորամուծությունը հեղինակել են ամերիկյան երկու հզոր դեղագործական ընկերություններ՝ Merck-ը և ամերիկահայ գործարար Նուբար Աֆեյանի «Մոդերնա»-ն։
Կլինիկական փորձարկումները տվել են տպավորիչ դրական արդյունքներ, և ակնկալվում է, որ Միացյալ Նահանգների դեղագործական գործակալությունը 2025-ին արդեն պաշտոնապես կգրանցի մաշկի ամենավտանգավոր քաղցկեղի՝ «Մելանոմայի» հաղթահարման դեղամիջոցը, մինչ մասնագետները շարունակվում են փորձարկումները՝ քաղցկեղի մյուս տարատեսակների դեմ պայքարի համար։
Ըստ մասնագետների՝ 2025-ն այդ առումով կարող է բեկումնայիմ լինել, այդ թվում՝ արհեստական բանականության շնորհիվ, որը օգնում է գիտնականներին դեղերի մշակման, ալգորիթմների հաշվարկման ու փորձարկման համար անհրաժեշտ ահռելի աշխատանքը կատարել շատ ավելի արագ ու արդյունավետ։Եվ որ ամենակարևորն է՝արհեստական բանականությունը թույլ է տալիս անհրաժեշտ արդյունքը ստանալ՝ ծախսելով ավելի քիչ ֆինանսական միջոցներ, ինչը խոստանում է մարդկային կյանքեր փրկող դեղամիջոցները հասանելի դարձնել շատերի համար։