ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ Ուկրաինայի վերահսկողությունը Ռուսաստանի Կուրսկի շրջանի մի մասի վրա կարևոր է հետագա ցանկացած բանակցությունների համար: Բլինքենն այս մասին խոսել է հունվարի 6-ին Սեուլում լրագրողների հետ զրույցում։
Բլինքենը հիշեցրել է, որ նախագահ Ջո Բայդենի հեռացող վարչակազմը ցանկանում է Ուկրաինային տրամադրել «հնարավոր ամենաուժեղ խաղաքարտերը» հետագայի համար։
«Ուկրաինայի ներկայությունը Կուրսկի շրջանում կարևոր է, քանի որ դա հաշվի կառնվի հետագա ցանկացած բանակցություններում», - նշել է պետքարտուղարը։
Այն, որ ուկրաինական զինված ուժերը հարձակման են անցել Կուրսկում հունվարի 5-ին, մի քանի ռուսական ռազմական Տելեգրամ ալիքներ էին հայտնել։
ԱՄՆ պետքարտուղարը նաև հայտարարել է, որ եթե նույնիսկ բանակցություններ տեղի ունենան, Կիևին դեռևս պետք են «անվտանգության համապատասխան երաշխիքներ», քանի որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «խաղն ավարտված չի համարի»։ Ըստ Բլինքենի՝ Պուտինը զինադադարը կարող է փորձել օգտագործել հանգստանալու, վերազինվելու և նոր հարձակման համար։ Այդ մասին Բլինքենը հայտարարել էր նաև «Նյու Յորք Թայմս»-ին տված հարցազրույցում։