Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ Կիևին անվտանգության երաշխիքները, որոնք ուղղված են Ռուսաստանի հետ պատերազմին վերջ տալուն, արդյունավետ կլինեն միայն այն դեպքում, եթե դրանք տրամադրվեն Միացյալ Նահանգների կողմից։
Բացի այդ, ըստ նրա՝ անվտանգության երաշխիքները ոչ միայն թղթի վրա պետք է լինեն, այլև բաղկացած լինեն Ռուսաստանի դեմ իրական «ռազմական զսպումից»։
«Առանց ԱՄՆ-ի անվտանգության երաշխիքներն անհնարին են։ Ես նկատի ունեմ այն անվտանգության երաշխիքները, որոնք կարող են կանխել ռուսական ագրեսիան»,- ասել նա ամերիկացի բլոգեր Լեքս Ֆրիդմանի հետ 3 ժամանոց հարցազրույցում։
Զրուցակիցները շփվել են ուկրաիներեն թարգմանչի միջոցով, թեև և՛ Ֆրիդմանը, և՛ Զելենսկին խոսում են ռուսերեն։
Ի թիվս այլ հարցերի, Ուկրաինայի նախագահը հայտնել է, որ մտադիր է խաղաղության վերաբերյալ առաջին բանակցություններն անցկացնել ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի հետ, որը պաշտոնը կստանձնի հունվարի 20-ին։
«Կարծում եմ՝ հունվարի 25-ին կամ մեկ այլ օր մենք առաջին հերթին Թրամփի հետ կքննարկենք, թե ինչպես կարող ենք կանգնեցնել պատերազմը և Պուտինին», - ասել է Զելենսկին՝ ընդգծելով, որ «եթե Թրամփը ապահովի անվտանգության հզոր երաշխիքներ Ուկրաինայի համար, ապա միայն դրանից հետո կարելի է խոսել ռուսների հետ»։
Պատասխանելով Ռուսաստանի հետ զինադադարի շուրջ բանակցությունների պայմանների մասին հարցերին՝ Զելենսկին ՌԴ ղեկավար Վլադիմիր Պուտինին անվանել է «խուլ» և ընդգծել, որ «նրա հետ պետք է խոսել միայն ուժի դիրքերից»։
Նա նշել է, որ միամտություն է կարծել, թե Պուտինը ցանկանում է դադարեցնել պատերազմը։ Ըստ Զելենսկու՝ նրան պետք է ճնշել դա անել։ Ուկրաինայի նախագահն ասել է, որ անվտանգության երաշխիքների բացակայության դեպքում Պուտինը կրկին կհարձակվի, հավելելով, որ ուկրաինացիները հույսեր են կապում Թրամփի հետ, որ ստիպի Մոսկվային դադարեցնել պատերազմը։
Լեքս Ֆրիդմանը Ուկրաինայի նախագահին հարցրել է, թե արդյոք նա կհամաձայնի՞ կորցնել որոշ տարածքներ Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու հրավերի դիմաց։ «Օրենսդրորեն ՆԱՏՕ-ի հրավերն արվում է Ուկրաինային, բայց ՆԱՏՕ-ն կարող է գործել այն մասում, որը գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ, դա, վստահ եմ, կարելի է համաձայնեցնել», - հայտարարել է Զելենսկին:
Բացի այդ, Ուկրաինայի նախագահը քննադատել է աշխարհի խոշորագույն տերություններին՝ ԱՄՆ-ին և Մեծ Բրիտանիային, որոնք 1994 թվականին Ռուսաստանի հետ ստորագրել են Բուդապեշտի հուշագիրը՝ հանդես գալով որպես Ուկրաինայի տարածքային ամբողջականության երաշխավոր, մեղադրելով նրանց Կիևին ձեռնունայն թողնելու համար։